Սէր՝ ամէն բանի մէջ, որովհետեւ սէրը գերիշխան ոյժն է մարդկային
կեանքի,
մայր ջիղը քրիստոնէական հաւատքի,
սրտերում գրւած գերագոյն օրէնքն աշխարհի: խորհրդէն:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

   
    ԺԳ Տարի, Թիվ 7 (151), Հուլիս 2012 թ.  


 

       

«ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԲՆՈՒԹՅՈՒՆ» ՃԱՄԲԱՐՈՒՄ

իարակի թեմի «Վերադարձ դեպի բնություն» ճամբարը, ամեն տարվա նման, իր աշխատանքներն սկսեց հուլիսի 5-ին:

Այդ օրը՝ վաղ առավոտյան, ճամբար մեկնող երեխաներն ու ծնողները մեկտեղվել էին Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցում: Մշակութային բաժնի դահլիճում ճամբարականների հետ հանդիպեց եւ առանձնազրույց ունեցավ ճամբարի պատասխանատու Լուսինե Գրիգորյանը: Հանդիպման ավարտին եկեղեցում Տ. Վարուժան քհն. Տերտերյանը կատարեց ճամբարականների օրհնության կարգ, այնուհետեւ բարի ճանապարհ եւ հաճելի հանգիստ մաղթեց երեխաներին:

Ճամբար հասնելով` երեխաներին դիմավորեցին եւ բարի գալուստ մաղթեցին ճամբարի պետ Արաքս Կարապետյանը, բժիշկներ Ալլա Խալաթյանը եւ Արթուր Քոսյանը, ջոկատավարներ Ջուլիա Մանգասարյանը եւ Գոհար Մանվելյանը:

Հուլիսի 7-ին ճամբար այցելեց Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը: Սրբազան Հայրը շրջեց ճամբարում, զրուցեց ճամբարականների հետ, հանդիպեց աշխատակազմին: Այս տարի ճամբարի առօրյայում նորություն կար: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Եղնաջուր գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի էր ունենալու չմկրտված ճամբարականների մկրտության արարողություն:

Այս նպատակով հուլիսի 11-ին ճամբար այցելեց Աշոցքի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տ. Հարություն քհն. Պետրոսյանը, ով եւ կատարեց Ս. Մկրտության կարգը: Մկրտվող երեխաների կնքահոր պատվին արժանացավ ճամբարի բժիշկ Արթուր Քոսյանը: Հուզիչ եւ պատասխանատու արարողությունը յուրօրինակ բաց կրոնի դաս էր բոլոր ներկաների համար:

Հուլիսի 18-ի երեկոյան տոնական տրամադրություն էր թեւածում ճամբարում. բոլորը պատրաստվում էին առաջին հերթափոխի փակման արարողությանը: Ճամբարականների եւ ջոկատավարների ջանքերով ներկաների դատին հանձնվեց գրական-երաժշտական ճոխ հայտագիր: Հնչեցին հայ գրողների գոհարներից: Բեմականացվել էր Հովհաննես Թումանյանի «Փարվանա» լեգենդը:

Միջոցառման վերջում ճամբարի բակում վառվեց ավանդական խարույկը, որի շուրջ հավաքված ճամբարականներն ուրախացան, երգեցին, պարեցին: Առավոտյան ճամբարականներն ափսոսանքով մեկնեցին ճամբարից` հաջորդ տարի կրկին Եղնաջուրում հանդիպելու ակնկալիքով:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ