Գո՛րծը պէտք է
լինի մեր խօսքը,
եւ երբ գործն է խօսքը, այն ատեն լեցուն է այդ
խօսքը,
վաւերական, ճշմարիտ,
համոզիչ ու հպարտառիթ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

   
    ԺԳ Տարի, Թիվ 12 (156), Դեկտեմբեր 2012 թ.  


 

       

«ԱՐԹԻԿԻ ԹԵՄԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՈՐՈՇ ԻՄԱՍՏՈՎ
ՆԱԵՎ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ Է»
ԶՐՈՒՅՑ ՏԱՐԵՄՏԻՑ ԱՌԱՋ

վս մեկ տարեթիվ շուտով կմիանա պատմության թանձր քողով շղարշված շատ տարեթվերի, եւ Նոր տարին, իր ձյունաթույր ու մաքրամաքուր թեւերին առած, աշխարհին կպարգեւի 2013-ը: Ինչպիսի՞ն կլինի այն, ցույց կտա գալիքը: Իսկ ինչպիսի՞ն էր անցնող՝ 2012-ը Շիրակի թեմի համար: Բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի՝ տարին ամփոփող պատասխանները «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի աշխատակցի հարցերին:

- Սրբազան Հայր, ինչպիսի՞ն էր անցնող՝ 2012 թվականը Շիրակի տիրախնամ թեմի համար եւ ինչպիսի՞ ձեռքբերումներ եղան:

- Անցնող՝ 2012-ը, կարող ենք ասել, որ առանձնակի եւ յուրահատուկ ձեռքբերումներով չառանձնացավ մյուս տարիներից: Ամենամեծ ձեռքբերումը Հառիճավանքի կայացումն էր եւ դպրանոցի բացումը: Վանական համալիրը դարձավ լիարժեք գործող կառույց: Նորաբաց դպրանոցը, որ համարվում է մեր թեմի այս տարվա կարեւորագույն ձեռքբերումը, սեպտեմբերի 1-ից անցավ Մայր Աթոռի ենթակայության տակ: Նշենք նաեւ, որ բոլոր ուղղություններում էլ աշխատանքները շարունակվեցին եւ, անշուշտ, առաջընթաց արձանագրվեց: Աշխատանքները շարունակվեցին ե՛ւ եկեղեցաշինության, ե՛ւ սոցիալական, ե՛ւ կրթական, ե՛ւ մշակութային ոլորտներում, եւ մեր գործունեությունը գնալով ավելի լայն թափ ստացավ:

Բայց այն ձեռքբերումները, որոնք ունեցանք, մեր թեմից անցան նորաբաց Արթիկի թեմին, որի ստեղծումը, որոշ իմաստով, նաեւ Շիրակի թեմի ձեռքբերումն է, որովհետեւ թեմ հենց այնպես չի ստեղծվում: Մենք զգալի աշխատանքներ կատարել էինք, ինչը հնարավոր էր դարձնում նոր թեմի ստեղծումը: Ուրիշ առումներով չեմ կարող ասել, թե ձեռքբերումների տարի էր. ցավոք մեր թեմը երկու հոգեւորական կորցրեց, փոխարենը նորը չունեցանք: Քսաներեք հոգեւորականով բացեցինք տարին, տարեվերջին դարձանք քսանմեկ, հինգ քահանաներ անցան Արթիկի թեմ, եւ ընդամենը տասնվեց քահանաներ մնացին մեր նորակառույց Շիրակի թեմում:

Այս տարի հատուկ քահանաներ կարողացանք նշանակել ծերանոցի եւ հիվանդանոցների համար: Ռուսական եկեղեցին (Պլպլան ժամը) գործածելու իրավունք ստացանք, ինչն էլ անում ենք: Ս. Ամենափրկչի վերակառուցումը, արդեն տեսնում ենք, թե ուր է հասել, բայց դա քաղաքապետի ձեռքբերումն է, չենք համարձակվում սեփականացնել:

- Սրբազան Հայր, քանի որ խոսեցիք Արթիկի նորաստեղծ թեմից, ասացեք, խնդրեմ, այնուամենայնիվ, Արթիկի տարանջատումով ի՞նչ կորցրեց Շիրակի թեմը:

- Ոչինչ չկորցրեց, կարելի է ասել՝ նույնիսկ շահեց, քանզի Արթիկի նորոգ ձեւավորված թեմն ինքնաբավ չէր. Գյումրին էր պահում այդ տարածաշրջանը: Արթիկը չէր կարողանում փակել իր ծախսերը: Նույնիսկ, կարելի է ասել, որ ֆինանսա-տնտեսական առումով մենք շահեցինք: Սակայն ցավ ի սիրտ պետք է նշեմ, որ Շիրակի թեմը, վերջիվերջո, մի ամբողջություն էր: Բոլոր բնակավայրերն անխտիր, ոչ միայն տնտեսական, այլեւ հոգեւոր թելերով, կապված էին Գյումրու հետ: Հիմա այլ կերպ է լինելու. ինչ-որ առումով Արթիկի հետ մեր հոգեւոր կապը խզվում է: Սա է միակ կորուստը:

- Գերաշնորհ Սրբազան Հայր, մնացի՞ն, արդյոք, չիրականացված ծրագրեր եւ եթե այո, ապա որո՞նք են ու ի՞նչ կտային հավատավոր շիրակցուն, եթե անկատար չմնային: Ի՞նչ ծրագրեր իրականացվեցին սցիալ-կրթական կենտրոնում:


- Ենթադրվում էր, որ սոցիալ-կրթական կենտրոնի երրորդ հարկն ամբողջապես կնորոգենք, բայց չկարողացանք, թեպետ բավականին գործ արվել է. այսինքն՝ հինգ սենյակ այս տարի կարողացանք նորոգել, հուսանք մյուս տարի իրոք ավարտին կհասցնենք, իսկ Հայորդյաց տունը կգործի, որ այս տարի այդպես էլ չգործեց:

Կենտրոնում շատ ծրագրեր են իրականացվել: Ընդլայնվեցին կահույքագործության եւ կարի արտադրամասերը, հաշվապահական, գործավարության դասընթացներ իրականացվեցին, տպարանը գործեց: Սոցիալ-կրթական կենտրոնը կայացել է որպես Եկեղեցու կողմից հիմնադրված քաղաքացիական հասարակության կառույց՝ իր սոցիալական, մշակութային, կրթական ուղղվածությամբ: Կենտրոնը դարձել է ուսանելի օրինակ մյուս թեմերի համար, որոնք հետեւում են նրա գործունեությանը, եւ իրենք եւս փորձում են ստեղծել նմանատիպ կառույցներ:

Երրորդ հարկը նոր տարածք հանդիսացավ սոցիալ-բարեգործական տարբեր ծրագրերի իրականացման համար:

- Սրբազան Հայր, տարեմտից առաջ ակնկալում ենք Ձեր բարեմաղթանքի խոսքը հավատավոր ու բարեպաշտ մեր ժողովրդին:

- Արդեն առանձին ուղերձով շնորհավորել եմ, բայց մեկ անգամ եւս, դիմելով իմ հավատավոր հոտին, մաղթում եմ, որ նոր՝ 2013 թվականը նրանցից յուրաքանչյուրի համար լինի նոր նվաճումների, առավել բարգավաճ կյանքով կենսավորվելու տարի: Թող մանկան ճիչ լսվի ամեն հարկից ներս, եւ, Տիրոջ Ս. Աջի հովանու ներքո, շիրակցին ապրի խաղաղ ու երջանիկ կյանքով:

ԶՐՈՒՑԵՑ ԱՐՄԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ