|
ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ
ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ
իրելի՛
բարեպաշտ ժողովուրդ հինավուրց Շիրակ աշխարհի.
Բարի սպասումներով ենք մենք այսօր դիմավորում մեր Տիրոջ 2013 թվականն
ու Աստվածահայտնությունը: Շուտով կհնչեն տարեմուտի ղողանջները, եւ
ապա մեր հոգիները կզորացնի Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսը՝ հրեշտակների՝
«յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» օրհներգով: Երկնաբարբառ
այս մաղթանքով սկիզբ կառնի նոր տարին՝ համայն քրիստոնյա աշխարհի համար:
Յուրաքանչյուր նոր տարի ամենքիս մտքում եւ հոգում ընկալվում է իբրեւ
սկիզբ, ինչը նաեւ հույս է` նորն արարելու, մեր մտքերն ու ձգտումները
մարմնավորելու եւ կյանքի ընթացքը բարեփոխելու համար: Հուսառատ ենք,
որ նոր՝ 2013 թվականը, կգրանցի նոր առաջընթաց մեր Հայրենիքի եւ ողջ
ժողովրդի կյանքում:
Սիրելինե՛ր, տարեմուտի սեմին եւ Աստվածորդու մարմնավոր Ս. Ծննդյան
տոնի ուրախ առիթով, մեր աղոթքն առաքենք առ Աստված եւ հայցենք նոր հաջողություններ,
նոր նվաճումներ ու հաղթանակներ՝ Աստծո փառքով լցված: Բեթղեհեմի հովիվների
նման հիացած՝ մեր հայացքները կրկին հառենք դեպի Սուրբ Այրը, ուր ծնվեց
Կյանքը եւ անսահման ուրախությամբ լցրեց Աստծո փրկությանն սպասող մարդկանց
սրտերը:
Սիրելի՛ զավակներ, սիրով ու լուսաշող ապագայի ակնկալությամբ Ձեզ ենք
հղում մեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Նոր տարվա եւ մեր Տիրոջ
հրաշափառ Սուրբ Հայտնության տոների ուրախ առիթով, ի սրտե բարեմաղթում,
որ Պարգեւատու Աստված լցնի ձեր հոգիներն Իր խաղաղությամբ ու խնդությամբ:
Դիմավորենք նոր տարին լավատեսությամբ, մեր հույսերն ու տեսիլքները
իրագործելու հավատով: Փրկչական 2013 թվականը նշանակալի դարձնենք ազգային
մեր կյանքում՝ ի սեր մեր օրհնյալ գալիքի: Թո՛ղ, բարեգութ Աստծո Ս.
Աջի հովանու ներքո, յուրաքանչյուրի համար գալիք տարին լինի նորանոր
ձեռքբերումների տարի, եւ հայոց օջախներին իջնեն Սուրբ Ծննդյան լույսն
ու խաղաղությունը:
Թող Աստվածային Լույսով շաղախուն լինի ամանորյա այգաբացը մեր հինավուրց
երկրում եւ բարեբերություն ու խաղաղություն պարգեւի ամենքիդ, նաեւ
առաջնորդ ու զորավիգ դառնա համայն քրիստոնյա աշխարհին ու Շիրակի թեմի
հավատավոր զավակներին: Աստծո սերը, շնորհն ու առաջնորդությունը լինեն
ձեզ հետ այսօր եւ միշտ:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ եւ սերն ու խաղաղությունը Փրկչի
մերո Հիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ. ամեն:
Աղոթարար՝
ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ
>>>
|
|