Եկեղեցին, մշտանորոգ ղողանջի պես, զգուշացնում է՝ Աստծուն մոտենալու հիմնական մղումն ու նպատակը
պետք է լինի մեղքերի
թողություն ստանալը:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 11 (211), նոյեմբեր 2017 թ.  


 

       

ԻՆՉՈ՞Ւ Է ԽՈՉԸՆԴՈՏՎԵԼ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ
ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈՎՎԱԿԱՆ ԱՅՑԸ
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԸ

ոյեմբերի 12-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, հերթական հովվական այցով, մեկնելու էր Ամասիայի տարածաշրջանի Հովտուն բնակավայր եւ հունական խոնարհված եկեղեցում մատուցելու էր Սուրբ եւ անմահ Պատարագ:

Երկու շաբաթ առաջ ծրագրված Ս. Պատարագը, սակայն, չմատուցվեց: Պատճառն այն էր, որ, մինչ Սրբազան Հոր Հովտուն հասնելը, գնացել էր Կաթողիկե Եկեղեցու քահանան, ով մեկ օր առաջ էր նույն վայրում պատարագել, եւ սկսել սրբազան արարողակարգը: Տեղեկանալով այդ մասին՝ Միքայել Սրբազանն ստիպված կանգ է առել Բանդիվանում եւ իր կիրակնօրյա աղոթքն առ Տերն առաքել տեղի եկեղեցում: Թեմակալ Առաջնորդի պնդմամբ՝ եղել են դեպքեր, երբ Կաթողիկե Եկեղեցու ներկայացուցիչները խոչընդոտել են հովվական այցի նախապատրաստական ընթացքը, ինչի մասին նա լռել է կամ չի հրապարակել, ուստի եւ չի իմացվել: Սակայն այս անգամ չհրապարակել չէր կարող, քանի որ լրագրողները նրանից շուտ էին տեղ հասել: Ուստի Սրբազան Հայրն ստիպված եղավ պատասխանել իրեն առաջադրված հարցերին:

- Սրբազան Հայր, ի՞նչ կասեք կատարվածի մասին:

- Ուզում եք իմանալ, թե ինչո՞ւ Ս. Պատարագ չմատուցվեց: Ստիպված եմ պարզաբանել կատարվածը, քանի որ լրագրողներդ ներկա էիք: Եթե մի օր առաջ գոնե խանգարված լիներ, կասեինք, որ չենք գնում պատարագելու, Ս. Պատարագը չեղյալ է համարվում: Լրագրողներն էլ չէին իմանա, թե ինչն է պատճառը, չէին գա եւ հարցեր էլ չէին տա: Այդպես չէ՞:

Բայց սա առաջին դեպքն է, որ, այսպես ասած, խանգարվեց ու խոչընդոտվեց հենց նույն օրը. ոչ թե նախապատրաստական փուլում, այլ վերջին փուլի ժամանակ: Բնականաբար պարզաբանում պիտի տամ եղածի մասին, պետք է ասեմ ճշմարտությունը, այլ ոչ թե հորինեմ ինչ-որ բան: Հո չեմ ասելու, թե ճանապարհին գլուխս պտտվեց, ինքնազգացողությունս վատացավ, չկարողացա Բանդիվանից մինչեւ Հովտուն գնալ: Ուրիշ դեպքեր էլ են եղել, բայց դրանք խոչընդոտվել են նախնական փուլում, չենք գնացել եւ չեն իմացվել:

- Ստացվում է, որ, հետաքրքիր զուգադիպությամբ, Կաթողիկե Եկեղեցու քահանան եւս նույն ժամին Ս. Պատարագ մատուցեց Հովտունո՞ւմ:

-Հետաքրքիր զուգադիպություն չէ, դա դիտավորություն է, որովհետեւ ես իմացել եմ՝ իրենք միշտ շաբաթ օրն են Ս. Պատարագ մատուցում: Եթե նրանք պատարագեին կիրակի օրը, եւ ես էլ ցանկանայի պատարագել, ապա կխնդրեի, որ իրենք բացառությամբ այդ կիրակի չպատարագեն: Կամ, եթե իրենք պատարագեին որոշակի ժամի, ես մեկ այլ ժամ կընտրեի: Բայց ես գիտեի, որ կիրակի օրը նրանք Պատարագ չունեն: Վերջին պահին, հենց իմ մատուցելիք Պատարագը խափանելու դիտավորությամբ է տեղի ունեցել այն, ինչ տեղի է ունեցել: Վերջիվերջո, մենք պիտի հասկանանք, որ դա եղել է միայն այդ նպատակով, ոչ թե պարզապես զուգադիպություն, ոչ մի զուգադիպություն չկա:

- Հովտունի եկեղեցին հունակա՞ն է:


- Այո, այն հունական եկեղեցի է: Նախկինում աղբի ու հողի մեջ կորած էր, մաքրվել է մեր միջոցով, մեր երիտասարդների կողմից, եւ առաջին Պատարագը, որ այնտեղ մատուցվել է, մատուցել ենք մենք: Մատուցել ենք Պատարագ նաեւ դպրոցում: Հետո երեւի իրենք մեզանից սովորեցին եւ սկսեցին պատարագել թե՛ եկեղեցում, թե՛ դպրոցում, որը դարձյալ մեր կողմից երբեք չի խոչընդոտվել: Թեեւ կարող էինք չէ՞:

Մենք խնդիր չենք հարուցում, որ իրենք օգտագործում են այն: Մենք էլ ենք օգտագործում: Առաջինը մենք ենք օգտագործել, հետո, երբ իրենք ուզել են օգտագործել, խնդիր չենք հարուցել, որովհետեւ, այսպես ասած, չեզոք եկեղեցի է: Չենք խոչընդոտել նաեւ նրանց բոլոր արարողությունները, որ կատարել են այդ գյուղում: Իրենք էլ խնդիր չպիտի հարուցեին եւ խոչընդոտ ստեղծեին մեզ համար: Սակայն մեկ անգամ եւս ցույց տվեցին իրենց դեմքը եւ խանգարեցին: Մենք էլի մեր բարձրության վրա մնացինք, ավելորդ աղմուկ չսարքեցինք, պատմություն չստեղծեցինք, քաշքշոց չստեղծեցինք, սուսուփուս հեռացանք: Տեսեք՝ իրենց քայլը դարձյալ գործեց իրենց դեմ, որովհետեւ մեր ձեռքին եղավ արդեն իրեղեն ապացույց՝ մեր հանդեպ դրսեւորած վերաբերմունքի, մեր Եկեղեցու, մեր Սուրբ Պատարագի նկատմամբ:

- Շիրակի մարզում շա՞տ են այն բնակավայրերը, ուր ե՛ւ Կաթողիկե, ե՛ւ Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդներ են բնակվում: Ինչպե՞ս են կազմակերպվում Պատարագները. շաբաթ օրը Կաթողիկե Եկեղեցու քահանան է պատարագում, կիրակի Դո՞ւք:


- Տասներկու բնակավայր է՝ ներառյալ Հովտունը: Այն բնակավայրը, որ համարվում է բացարձակ կաթողիկե համայնք, մենք այնտեղ, անշուշտ, չենք էլ մտել պատարագելու: Եթե գնացել ենք, գնացել ենք իրենց Պատարագին մասնակցելու: Թեեւ բացարձակ կաթողիկե համայնք գոյություն չունի, բայց պատմականորեն ընդունված է ասել, որ կան բացարձակ կաթողիկե համայնքներ, ինչպես՝ Լանջիկը, Արեւիկը, Մեծ Սեպասարը, Ղազանչին, Արփենին, Բավրան: Սրանք համարվում են զուտ կաթողիկե բնակավայրեր, թեպետ այսօր այդպիսին չեն: Օրինակ՝ Լանջիկում գնացել, իրենց Պատարագին ենք մասնակցել, ոչ թե մենք ենք պատարագել: Երկրորդ անգամ, երբ ցանկացանք գնալ եւ իրենց Պատարագին մասնակցել, դարձյալ խափանեցին. այնպիսի ժամի դրեցին, որ իբր թե իրենք կիրակի օրը Ս. Պատարագ չեն մատուցում: Երկրորդ անգամ Լանջիկ չայցելեցինք:

Արեւիկ նույնպես գնացել եւ Պատարագին մասնակցել եմ: Իսկ երբ երկրորդ անգամ ցանկացանք մասնակցել, դարձյալ այնպիսի մի ժամ դրեցին, որ ինձ հարմար չլինի: Արեւիկ եւս չգնացինք: Մեծ Սեպասարում երկու անգամ գնացել եւ մասնացել եմ իրենց Պատարագին, ոչ թե ինքս եմ պատարագել:

Բայց կան նաեւ բնակավայրեր, որոնք խառը բնակչություն ունեն: Օրինակ՝ Ազատանը եւ Ձիթհանքովը, ուր թե՛ առաքելական եկեղեցի կա, թե՛ կաթողիկե: Առաքելական եկեղեցում մենք ենք պատարագում, կաթողիկեում՝ իրենք: Իսկ ինչ վերաբերում է Հովտունին, ապա այն կարելի է համարել վիճելի տարածք: Քաղաքական լեզվամտածողությամբ եթե ասենք՝ վիճելի տարածք է: Հովտունը նախապես, մինչեւ հեղափոխություն, մինչեւ սովետական կարգերի հաստատում, նախկին Բայթար անունով, եղել է հունական, հունաբնակ: Հետո հույները գնացել են, տարբեր տեղերից հայեր են եկել: Մեծամասնությունը Տաշիրի Մեծավան գյուղից է, որը համարվում է կաթոլիկ, բայց դա չի նշանակում, թե Հովտունը պատմականորեն կաթոլիկ բնակավայր է: Այո՛, կան կաթոլիկ ընտանիքներ: Թերեւս կաթոլիկները մեծամասնություն են կազմում, բայց կաթոլիկ մեծամասնությունն իրավունք չունի վտարելու առաքելական փոքրամասնությանը: Ինչպես, օրինակ, Ազատանում մեծամասնությունն առաքելական է, բայց կաթոլիկներին չեն վտարում: Ձիթհանքովում առաքելականները մեծամասնություն են, բայց կաթոլիկներն արհամարհված չեն:

Հիմա Հովտունում էլ շատ հնարավոր է, որ մեծամասնությունը կաթոլիկ են, ուրեմն այնպես պիտի անեն, որ Առաքելական Եկեղեցու հետեւորդներն այնտեղ չմտնե՞ն: Տեսեք Առաքելական Եկեղեցվո բարյացակամությունը: Իրենք նույն բարյացակամությունը չունեն մեր հանդեպ: Ես, վերջիվերջո, Հովտուն չէի գնում՝ կաթոլիկներին դարձնելու առաքելական: Ես գնում էի նրանց համար, ովքեր կուզեին, որ ես պատարագեմ, եւ ուզողներ կային:

Նույնիսկ կաթողիկե համարվող հավատացյալների մի զգալի մասը, վստահ եմ, որ կգային Պատարագի, եթե իրենք չգնային, չահաբեկեին, չխոչընդոտեին, չարգելեին, շանտաժի չենթարկեին՝ ասելով, թե երեխաներին էլ ճամբար չենք տանի, եթե հանկարծ Սրբազանի Պատարագին գնաք, մեր Պատարագին չենք թողնի, եթե գնաք, օգնություն էլ չենք տա ձեզ: Եթե այսպիսի ահաբեկումներ չլինեին, վստահաբար ամբողջ գյուղն էլ կգար իմ Պատարագին: Այդպիսի ահաբեկումներ արեցին Արփենիում, բայց ոչինչ չստացվեց: Ժողովրդի մեծամասնությունը եկավ Պատարագի: Այդպիսի ահաբեկում արեցին Սարագյուղում, երբ, ժողովրդի պահանջով, մենք այնտեղ առաքելական եկեղեցի էինք կառուցում. մեծ պատմություն բացեցին իմ բացակայության ժամանակ:

- Կաթոլիկները պարզաբանում էին, որ Սարագյուղը կաթողիկե համայնք է:

- Կաթոլիկ համայնքում գյուղապետարանի ավագանին Հայ Առաքելական Եկեղեցուն բռնությա՞մբ է հող տրամադրել՝ եկեղեցի կառուցելու համար: Դեռ խոշորացումից առաջ Սարագյուղի ավագանին հողատարածք է տրամադրել Հայ Առաքելական Եկեղեցուն՝ եկեղեցի կառուցելու նպատակով: Այդքանը չե՞ն հասկացել՝ ում են տրամադրել եւ ինչու: Եթե կաթողիկե գյուղ էր, ինչպե՞ս եղավ, որ կաթողիկե գյուղի կաթոլիկներից բաղկացած ավագանին հող տրամադրեց Հայ Առաքելական Եկեղեցուն՝ եկեղեցի կառուցելու համար:

Նույնն Արփենիում է: Ինչպե՞ս եղավ, որ Արփենիի կաթոլիկներից բաղկացած ավագանին, խոշորացումից առաջ, դարձյալ հող հատկացրեց Հայ Առաքելական Եկեղեցուն՝ եկեղեցի կառուցելու համար: Ի՞նչ է, բռնությամբ գնացինք, ավտոմատ պահեցի՞նք վրաները, որ ավագանու անդամներն ստորագրեցին այդ որոշումը: Դրանից հետո, երբ մենք Արփենիում նախաձեռնում էինք եկեղեցու շինարարությունը, իրենք շտապ-շտապ եկեղեցի կառուցեցին, նույնիսկ անօրինական, որպեսզի կանխեն գյուղի առաքելականացումը, որովհետեւ գիտեք՝ ինչ «սարսափելի» բան կլինի, երբ Արփենին դառնա առաքելական: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի «ողբերգություն» կլինի:

- Ըստ Ձեզ՝ ովքե՞ր են այդպես ծանր տանում. Կաթողիկե Եկեղեցու տեղի ներկայացուցիչնե՞րը:


- Խոսքը վերաբերում է միայն կղերականությանը: Ժողովուրդը վաղուց պահանջ ունի միանալու եւ փակելու բաժանման էջը: Ժողովուրդը վաղուց միացել է, եւ մենք էլ, իրոք, կողմնակից ենք եղել ու շարունակում ենք լինել՝ մեր Եկեղեցու դռները բաց պահելով կաթոլիկների առջեւ: Իրենց ուզածն էլ երեւի դա է, բայց մենք չենք փակում ու ոչ էլ մեր ոտքերն ենք դադարեցնում ուղղել իրենց կողմը, որովհետեւ մեր ժողովուրդն ենք համարում: Ուր էլ գնացել եմ, որ կաթոլիկ համայնք էլ այցելել եմ, միշտ ասել եմ՝ ձեր Առաջնորդը չեմ: Եվ միշտ էլ հնչել է հետեւյալ պատասխանը. «Ինչո՞ւ եք այդպես ասում Սրբազան, մենք Ձե՛զ ենք ճանաչում որպես Առաջնորդ: Դո՛ւք եք մեր Առաջնորդը»:

Հիմա ես այդ ժողովրդից պիտի հրաժարվե՞մ: Չեմ հրաժարվելու: Եթե սարագյուղցին ցանկանում է առաքելական եկեղեցի ունենալ իր գյուղում, ես ինչո՞ւ չպիտի օգնեմ նրան: Օրենքն ինձ արգելո՞ւմ է: Օրենքն իրենց չարգելեց Գյումրու կենտրոնում եկեղեցի կառուցել չէ՞: Եվ մենք ոչ մի խոչընդոտ էլ չհարուցեցինք: Մենք միայն բողոքեցինք, բայց ոչ մի խոչընդոտ, երբե՛ք: Բողոքելն ուրիշ է, խոչընդոտելը՝ բոլորովին այլ: Տարբերությունը կարծեմ պարզ է, չէ՞: Այո՛, ես բողոքել եմ այդ եկեղեցու կառուցման դեմ, բայց երբեք չեմ խոչընդոտել, երբեք չեմ խանգարել, երբեք ինչ-որ ինտրիգներ չեմ արել, խարդավանքներ չեմ արել, ինչպես գյումրեցին է ասում՝ «պարզ-այան» բողոքս արտահայտել եմ: Դու էլ բողոք ունես, ասենք, Հովտուն իմ այցելության դեմ, պարզ արտահայտիր, բայց ոչ այդպես գաղտագողի, վերջին պահին: Այդ ի՞նչ մոտեցում է:

Մենք երբեք չենք խանգարել, որ իրենք հովվական ծառայություն կատարեն: Ինչպես տարիներ առաջ պատարագել էինք, այնպես էլ տարիներ հետո ցանկություն ունեցանք դարձյալ այցելել Հովտուն եւ պատարագել: Նախապես նույնիսկ հետաքրքրվել ենք, թե կաթողիկե հոգեւորականը ո՞ր օրերին է պատարագում եւ տեղեկացել, որ շաբաթ օրերին է այնտեղ լինում: Եվ որոշեցինք կիրակի օրը պատարագել. եթե եղանակը լավ չլինի՝ դպրոցում, եթե լավ լինի՝ եկեղեցում: Եվ որպեսզի խոչընդոտվի եւ խանգարվի Առաջնորդի այցելությունն ու Պատարագը, տեղի է ունեցել այն, ինչ-որ դուք տեսաք:

Հակառակ իրենց սովորության, հանկարծ որոշել են վերջին պահին, այսպես ասած, եկեղեցին «գրավել» եւ Պատարագ մատուցել երկու նպատակադրումով՝ կա՛մ խոչընդոտել, չթողնել որ մենք պատարագենք, ինչը հաջողվեց, կա՛մ որպեսզի կոնֆլիկտ առաջանա: Ես երբեք ցանկություն չունեմ որեւիցե կոնֆլիկտ ստեղծել ցանկացած կրոնական համայնքի հետ, թեպետ որքան էլ ինձ փորձում են «կոնֆլիկտային» պիտակը կպցնել: Ես կոնֆլիկտային մարդ չեմ, ես խաղաղասեր եմ:

Հիմա համեմատեք այն, ինչ մենք ենք արել եւ համեմատեք այն, ինչ մեր նկատմամբ արվեց: Ինչպես ասացի, մենք երբեք չենք խոչընդոտել իրենց գործունեությանը, պատարագներին, քարոզներին որեւիցե մի օր, որեւիցե մի ժամ, որեւիցե մի վայրում: Եվ հանկարծ իրենք ի՞նչ են անում որ, Պատարագ են մատուցում, վատ բան են անո՞ւմ: Մենք խաղաղասիրական նկրտումներով, խելոք զիջեցինք տեղն իրենց: Բայց առաջիկայում արդյո՞ք կզիջենք ուրիշ դեպքերում, ուրիշ պարագաներում, դա հետո կերեւա: Ես միշտ կշտամբվել ու զրպարտվել եմ իրենց կողմից, որ իբր թե իրենց նկատմամբ բարյացակամ չեմ կամ ինչ-որ քայլեր եմ անում: Ինքներդ տեսաք, թե ով ինչ քայլ արեց: Ես խելոք նահանջեցի, եկա Բանդիվան: Հիմա Բանդիվանի առաքելական եկեղեցում մեր աղոթքը կմատուցենք, կվերադառնանք Գյումրի: Ո՞վ տուժեց …

Իրենք խոսում են մեկ Եկեղեցուց եւ ավելի շատ են խոսում, քան մենք՝ ի՞նչ տարբերություն ասելով: Դե հիմա ի՞նչ տարբերություն. դու երեկ էիր պատարագել, այսօր էլ կգար առաքելականը կպատարագեր: Բայց պարզվում է տարբերություն կա: Դիտավորյալ գալիս, եկեղեցին գրավում ես, որ ես գամ, քեզ քաշելով դուրս հանե՞մ: Իզուր տեղը կոնֆլիկտ ես հրահրում, թե տեսեք՝ ես խելոք ինձ համար պատարագում էի խաղաղ, առաքելականները եկան, խանգարեցին Պատարագս: Չէ՛, դու խանգարեցիր մեր Պատարագը, մենք քո Պատարագը չխանգարեցինք: Եվ խանգարում են, ոչ թե հայ առաքելական քահանայի այցելությունը, այլ՝ թեմակալ Առաջնորդի: Հիմա գնահատե՛ք ինքներդ: Ես ոչ մի գնահատական չեմ հնչեցնելու:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները