Եկեղեցին, մշտանորոգ ղողանջի պես, զգուշացնում է՝ Աստծուն մոտենալու հիմնական մղումն ու նպատակը
պետք է լինի մեղքերի
թողություն ստանալը:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 11 (211), նոյեմբեր 2017 թ.  


 

       

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔԻ ԷԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՆՁՆՎԵՑ

րբ երկու տարի առաջ երկու անչափահաս երեխաների մայր Ռեգինա Առուստամյանը դիմեց սոցիալ-կրթական կենտրոն` որպես շահառու գրանցվելու եւ սոցիալ-հոգեբանական օգնություն ստանալու խնդրանքով, չէր էլ կարող պատկերացնել, որ, թակելով կենտրոնի դուռը, գտնում է բանալի` որոշ ժամանակ անց սեփական բնակարանի դուռը բացելու համար:

Տարիներ շարունակ ժամանակավոր կացարանը մշտական բնակության հարմարեցնելու անհուսալի փորձերից հետո, այնուամենայնիվ, չհուսահատված երիտասարդ մայրը մասնակցեց կենտրոնի մասնագիտական ուսուցումներին՝ ձեռք բերելով, աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող, հմտություններ: Արդյունքում, համագործակցելով Գյումրու զբաղվածության կենտրոնի հետ, լուծվեց նրա աշխատանքի խնդիրը: Նա աշխատանքի ընդունվեց «Լենտեքս» ընկերությունում: Որպես սոցիալ-կրթական կենտրոնի շահառու` Ռեգինա Առուստամյանին տրամադրվում էր նաեւ ավստրալահայ բարերարների նյութական աջակցությունը: Սակայն առավել հրատապ էր բնակարանի հարցի լուծումը. երեխաներին տնակից «ազատագրել» էր անհրաժեշտ: Յոթը տարի տնակում ապրելուց հետո նրանք վերջապես, նոյեմբերի 10-ին, բնակարանամուտ նշեցին:

Երեք սենյականոց, կոմունալ բոլոր հարմարություններն ունեցող բնակարանը ձեռք է բերվել ավստրալահայ հասարակական ու մշակութային գործիչ, Հայ Առաքելական Եկեղեցու Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի թեմական խորհրդի փոխնախագահ Ստեփան Գրքաշարյանի եւ նրա տիկնոջ՝ Հիլդա Գրքաշարյանի անձնական միջոցներով: Գյումրի այցի ժամանակ բարերարը հանդիպել էր Շիրակի թեմի Առաջնորդի հետ ու մեկ ընտանիքի բնակարան նվիրելու ցանկություն հայտնել: Ըստ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանի՝ ընտանիքի ընտրությունը եւս բարերարներինն է եղել:

Թեեւ բնակարանը սոցիալական է եւ ընտանիքի սեփականությունը չի համարվում, սակայն Ռեգինա Առուստամյանի համար կարեւորը դա չէ, այլ նորմալ բնակարանում ապրելու հնարավորությունը: Ի դեպ՝ բնակարանն ընտանիքին տրամադրվել է անժամկետ եւ անվարձահատույց: Երիտասարդ կնոջը հուսահատվելու առիթ էր տալիս ընտանիքի անօթեւանի կարգավիճակ չունենալը:

Նոր տան հարմարություններից ամենաշատն ուրախացել էր յոթը տարեկան Աշոտը, ով, առաջին իսկ հնարավորությունն օգտագործելով, ընտրեց իր սենյակը, ուր ամեն ինչ իր համար նորություն էր: Շատ ուրախ էր նաեւ ութնամյա Կարինեն: «Այս նոր տանը շատ լավ է, մեծ է ու լուսավոր: Եղբայրս իր առանձին սենյակն ունի, իսկ ես ու մայրիկս՝ մերը»,-անկեղծացավ Կարինեն` միայն ափսոսալով, որ ստիպված է դպրոցը փոխել:

Ռեգինայի ընտանիքը Գյումրի է տեղափոխվել Բաքվից, քսանինը տարի առաջ, երբ նա ութ ամսական էր: Հայրը՝ Ղարիբ Առուստամյանը, զոհվել է Արցախի ինքնապաշտպանության ժամանակ: Այսօր նրա անունն է կրում Շիրակի մարզի Ողջիի միջնակարգ դպրոցը:

Ռեգինան նախ մոր հետ էր տնակում ապրում, ապա արդեն` ամուսնու հարազատների: Իսկ երբ ընտանեկան խնդիրների պատճառով բաժանվել են, Ռեգինան, երկու զավակների հետ, առանձին տնակում է ապրել: «Սա երազ է ինձ համար, երբեք չեմ էլ համարձակվել երազել, որ երեխաներիս հետ բնակարանում եմ ապրելու: Այդ դժվարություններն էին, երեւի, պատճառը, որ հիմա ամուսնուս հետ միասին չենք»,- նշեց երիտասարդ կինը՝ հույս հայտնելով, որ նոր օջախում իր ընտանիքի համար այսուհետ միմիայն ուրախություն կլինի:

Բնակարանամուտի ուրախությունն ընտանիքի հետ կիսեցին «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, խորհրդի անդամները, Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը եւ բարերարների վստահված անձը՝ Սարգիս Համբարձումյանը:

Հավելենք, որ սա Գրքաշարյան ընտանիքի առաջին բարեգործական քայլը չի Հայաստանում: Նրանք անցյալ տարի Քարվաճառում կառուցել են հայոց բանակի երկու հոգեւոր սպասավորների կացարանը:

2016 թվականին կայացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ Հայորդյաց տների սաների դեկորատիվ կիրառական աշխատանքների մրցանակաբաշխության ամփոփումը: Հաղթողները համակարգիչներ ստացան Գրքաշարյան ընտանիքի կողմից: Վերջիններս հոգում են նաեւ Հայաստանում սովորող երկու ուսանողի ֆինանսական խնդիրները՝ վճարելով ուսման վարձը:

Նշենք նաեւ, որ Սիդնեյի համալսարնում գործում է «Գրգաշարյան եւ Կայիկյան» հիմնադրամը, որը կրթաթոշակներ է տրամադրում, հովանավորում հայոց պատմությանն ու մշակույթին, Եկեղեցու պատմությանը եւ, առհասարակ, հայությանն առնչվող թեմաներին նվիրված թեկնածուական, դոկտորական ատենախոսությունների հեղինակներին, ինչպես նաեւ ցանկացած աշխարհահռչակ հայի յուրաքանչյուր օգտաշատ աշխատանք:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԽՈՅԱՆ
ԵՍԹԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները