Եկեղեցին, մշտանորոգ ղողանջի պես, զգուշացնում է՝ Աստծուն մոտենալու հիմնական մղումն ու նպատակը պետք է լինի մեղքերի թողություն ստանալը:

 
 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 11 (211), նոյեմբեր 2017 թ.  


 

       

«Ո՞ ԱՐԱՐ ԶՀՐԵՇՏԱԿՍ ԻՒՐ ՅՈԳԻՍ, ԵՒ
ԶՊԱՇՏՕՆԵԱՑՍ ԻՒՐ Ի ՀՈՒՐ ԿԻԶԵԼՈՅ»
ՍՐԲՈՑ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԱՑ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ
ՄԻՔԱՅԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԱՏՈՒՌՈՒՄ

«Ողորմութեամբ Տեառն լի եղեւ երկիր, եւ բանիւ Տեառն երկինք հաստատեցան, եւ հոգւով բերանոյ նորա ամենայն զօրութիւնք նոցա»:
ՇԱՐԱԿՆՈՑ

Հայաստանյանց Եկեղեցու տոնակարգում լուսեղեն դասին՝ Ս. Միքայելին, Ս. Գաբրիելին եւ մյուս հրեշտակապետերին ու հրեշտակներին նվիրված տոնը նշվում է Խաչվերացից հետո, նոյեմբերի 5-11-ն ընկած շաբաթ օրը:

Սուրը ձեռքին ու կռվի պատրաստ... Միքայել հրեշտակապետը մշտապես այդպես է պատկերվում: Նա Սուրբ Գրքից հայտնի է իբրեւ Իսրայելի ժողովրդի իշխան, որ մարտնչում էր նրա թշնամիների դեմ: Որպես երկնային զորքերի հրամանատար՝ նա, ինչպես Հին Ուխտում՝ Իսրայելի, այնպես էլ Նոր Ուխտում Քրիստոսի Եկեղեցու հետ, անտեսանելի կերպով, մարտնչում է սատանայի դեմ:

Հրեշտակների պաշտոնը, ըստ քրիստոնեական ըմբռնման, Աստծո փառաբանությունն է, ինչը հաստատված է նաեւ Աստվածաշունչ Մատյանով: Տիեզերքը լի է գաղտնիքներով, եւ հոգեւոր աշխարհը «խորհրդաւոր ու զարմանալի յօրինվածք ունի»:

Ուստի մենք չենք կարող տեսնել նրանց, բայց, ինչպես կարդում ենք Սուրբ Գրքում, նրանք տարբեր կերպարանքներով երեւում են մարդկանց:

ԲԱՌԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հրեշտակ նշանակում է պատգամաբեր, դեսպան: Հրեշտակները Բարձրյալի պատգամավորներն են, ովքեր ուղարկվում են՝ փրկությունը ժառանգած ադամորդիներին սպասավորելու նպատակով: Առաքելական թղթում ասվում է. «Չէ որ նրանք սպասվոր հոգիներ են եւ ուղարկվում են նրանց համար, ովքեր ժառանգելու են փրկությունը» (Եբր. Ա 14):

Հետեւաբար՝ հրեշտակներն էլ հոգիներ են: Ըստ Ս. Հովհան Որոտնեցու՝ «Հրեշտակներն են պարզ էություն՝ անձնիշխան կարողությամբ: Մշտաշարժ, անձնիշխան կամքով, անմարմին, Աստծո սպասավոր, բնական, մտավոր, փոփոխելի, անմահ: Արագաշարժ են բարու մեջ, դժվարաշարժ կամ անշարժ՝ չարի»: Նրանք ստեղծվեցին արարչագործության Բ օրը, այսինքն՝ աստղերից առաջ: Հոգեղեն այդ անսեռ էակները չունեն ոչ ծնունդ, ոչ էլ՝ մահ:

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԴԱՍԵՐԸ

Ըստ Ընդհանրական Եկեղեցու Սուրբ Հայր Դիոնիսոս Արիսպագացու՝ հրեշտակները բաժանվում են ինը դասի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումն ու մասնավոր պաշտոնը:

Ա դաս՝ Աթոռք, Քերովբեներ, Սերովբեներ,

Բ դաս՝ Տերություններ, Զորություններ, Իշխանություններ,

Գ դաս՝ Պետություններ, Հրեշտակապետեր, Հրեշտակներ:

Նրանցից ոմանք Սուրբ Գրքում հիշվում են անուններով՝ Գաբրիել, Միքայել, Ռաֆայել, Բարաքիել, Անայել, Ուրիել, Դակուել, Ադոնիել, Փանուել, իսկ նրանց թիվը հազարք հազարաց է եւ բյուրք բյուրոց, այսինքն՝ անթիվ, անհամար:

Օրինակ՝ Գաբրիել նշանակում է Աստծո պատկեր, կամ այր Աստծո եւ բոլոր զվարթուններից ամենածանոթն է մարդկային ցեղին: Գաբրիել հրեշտակապետը, ի դեմս Սուրբ Կույս Մարիամի, ողջ մարդկությանն ավետեց Աստծո մարդեղության անճառելի խորհուրդը: Միքայել անունն ստուգաբանվում է հզոր կամ ով է նման Աստծուն՝ ըստ նրա մարտնչող էության, եւ զույգ Կտակարաններում հանդես է գալիս որպես երկնային զորական, Աստծո Եկեղեցու վերակացու եւ պաշտպան: Ռաֆայելը վեր է հանում մարդկանց աղոթքները, «մտնում Սուրբ եւ փառավոր Աստծո մոտ եւ մատուցում Նրան» (Տոբ. ԱԲ 15):

Առաջին երեքն ամենամերձն են Աստծուն եւ անմիջապես լցվում են Նրանից ճառագող շնորհներով: Հաջորդ երեքը միջին դիրք են գրավում: Նրանք իրենց շնորհի լույսն ստանում են առաջին դասերի միջոցով եւ այն հաղորդում ստորիններին, իսկ վերջին երեքն առավել մերձ են մարդկանց: Վերեւի դասերից ստանալով շնորհ եւ զորություն՝ փոխանցում են մեզ եւ սպասավորում ողջ մարդկությանը՝ ի վերուստ տրված հրամանների համաձայն: Այս պատճառով հավատացյալներին առավել հայտնի են ամենավերջին դասի հրեշտակապետերն ու հրեշտակները:

Ըստ Սուրբ Գրիգոր Տաթեւացու՝ յուրաքանչյուր մարդ ունի իր պահապան հրեշտակը, որը նրան տրվում է դեռեւս մոր որովայնում, երբ ստանում է բանական հոգի: Պահապան հրեշտակը մարդուն ուղեկցում է նրա ողջ կյանքում եւ անտեսանելիորեն օգնում նրան:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի օրհնությամբ եւ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի խնդրանքով արդեն հինգ տարի է, ինչ ռուսական Ս. Միքայել Հրեշտակապետի անունը կրող մատուռում մատուցվում է Սուրբ եւ անմահ Պատարագ նաեւ Շիրակի թեմի հոգեւորականների ձեռամբ:

Նոյեմբերի 11-ին աղոթատունը լեփ-լեցուն էր գյումրեցի հավատացյալներով, ովքեր եկել էին ներկա գտնվելու մատուցվող Սուրբ Պատարագին: Ներկաների թվում էին ինչպես Ռուս Ուղղափառ, այնպես եւ Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդները: Օրվա պատարագիչն էր մատռան հոգեւոր հովիվ Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը:

Սրբազան արարարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնող, ոգեշունչ քարոզ խոսեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը: Առանձնակի անդրադառնալով տոնի խորհրդին՝ Սրբազան Հայրն ի մասնավորի ասաց. «… Հրեշտակ բառն ուրիշ բան չի նշանակում, եթե ոչ սուրհանդակ, պատգամաբեր, լրաբեր, ով փոխանցում է մարդուն Տիրոջ թելադրությունները, պատգամները, հրահանգները, ցանկությունները եւ կամքը…

Հրեշտակներն այն երանելի էակներն են, որոնք ապրում են Աստծո մնայուն ներկայության մեջ, անմահ են եւ մեղք գործելու կարողություն չունեն: Հենց այդ պատճառով էլ իրենք ավելի կատարյալ չեն համարվում, քան մենք: Մարդկային ցեղը հրեշտակներից ավելի կատարյալ է համարվում: Ինչու: Որովհետեւ ազատ կամք ունի եւ որը կարող է օգտագործել նաեւ ի վնաս իրեն: Հրեշտակներն ազատ կամքից կամովին հրաժարված են համարվում»:

Շիրակի թեմի Առաջնորդը հորդորեց հավատալ սպասավոր հոգիների գոյությանը, որոնք, երկնաբնակ լինելով հանդերձ, իրենց մասնակցությունն են բերում նաեւ երկրավոր կյանքի ընթացքին, գործում ժամանակի եւ տարածքի մեջ ապրող մարդկանց հետ ու մարդկանց համար: Հրեշտակներին անվանում են նաեւ Աստծո պատգամավորներ, որոնք իրականացնում են Տիրոջ կամքը:

Հընթացս Սուրբ Պատարագի ներկա հավատացյալներն ստացան Սուրբ Հաղորդություն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները