Միս ու ոսկոր չենք, հոգի ենք: Հոգին կնիք մը ունի իր վրայ, դրոշմ մը ունի իր վրայ, Հայութիւն՝ քրիստոնէական դրոշմով եւ ազգային ինքնութեամբ:

   
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 7 (219), հուլիս 2018 թ.  


 

       

ՔԱՐՈԶ ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

«Տէր Հայր մեր, Տէր դատաւոր մեր, Տէր Իշխան մեր,
Տէր թագաւոր մեր, Տէր Փրկիչ մեր, Նա փրկեսցէ զմեզ»:
ԵՍԱՅԻ ԼԳ 22

սայի մարգարեի հաստատումներն են՝ Տիրոջն ուղղված: Այն ժամանակ հրեա ժողովուրդը, ում պատկանում էր Եսայի մարգարեն, ուներ մեկ Տեր, եւ Տեր հասկացողությունը շատ կարեւոր, բնորոշիչ նշանակություն ու իմաստ ուներ: Տեր, որ նշանակում է ամեն ինչի սեփականատեր, ամեն ինչ Իրենն է, եւ ամեն ինչ Իրեն է պատկանում:

Այո, ժողովուրդը գիտեր, որ ունի Տեր, Ով խնամում է իրեն, հոգում իր մասին ու նաեւ ինչ ունի ինքը, այդ Տիրոջ սեփականությունն է: Բայց Եսայի մարգարեն առաջին անգամ Տեր լինելուն ավելացնում է հայրությունը՝ ասելով. «Տերը մեր հայրն է»: Հայր ասելով՝ մարգարեն ավելի նուրբ երանգ է հաղորդել Տիրոջը՝ ավելի մեղմ, ավելի հոգատար: Ուստի երբ Քրիստոս խոսում էր Աստծո մասին, ասում էր՝ Հայր մեր: Հայրության այդ զգացումն սկսվեց մարգարեության շրջանից, երբ Եսային ասաց. «Տերն է մեր Հայրը»:

Եթե ասում ենք հայր, հասկանում ենք խնամող, հոգատար, ումից որ ծնվել ենք: Մարդկությունն ընդհանրապես երբեմն մոռանալու հատկություն ունի եւ երբեմն մոռանում է իր ծնողին: Մարդկային սովորական հարաբերության մեջ էլ է լինում, երբ զավակը մեծանում է, հասնում ինքնուրույն կյանքի եւ իր ծնողին՝ հորը կամ մորը, մոռանում է: Դա պատահում է նաեւ աստվածային հարաբերության մեջ, երբ մադկությունը մոռանում է իր Ծնողին, Հորը, Արարչին, Աստծուն: Բայց վերջինս վաղ թե ուշ պիտի անդրադառնա իր վարքագծին անառակ որդու նման եւ պիտի վերադառնա հոր գիրկը:

Եթե ասում ենք հայր, խնամող, հոգատար, ապա սա չի նշանակում, թե Աստված այն Հայրն է, Ով երես է տալիս իր զավակին, շփացնում, թույլ տալիս ամեն տեսակի չարություն, այլանդակություն անել եւ հետո նրան ներում է՝ առանց դիտողություն անելու: Ո՛չ: Այստեղ Եսայի մարգարեն ավելացնում է. «Տերն է մեր դատավորը»: «Տերն է մեր դատավորը» խոսքը նշանակում է, որ Նա անաչառ ու արդար դատավորն է, Ով յուրաքանչյուրիս մեղքին իր բնորոշումն է տալու: Չի թաքցնելու, չի ծածկելու, չի մոռանալու, չի չքմեղանալու, այլ յուրաքանչյուրին դատելու է իր գործերի համաձայն:

Եթե երկրավոր դատավորից կարող ենք որեւէ բան թաքցնել, ապա Երկնավոր Դատավորից որեւէ բան թաքցնել անհնար է: Ոչ ոք հնարավորություն չունի ուրեւէ բառ, անգամ իր սեփական մտածմունքը թաքցնել Երկնավոր Դատավորից: Նշանակում է, որ եթե Հայր է, միեւնույն ժամանակ դատավոր է: Եսային նաեւ ասում է. «Տերն է մեր իշխանը»: Իշխան, որ նշանակում է, թե իշխում, ղեկավարում, առաջնորդում, թելադրում, նույնիսկ ցույց է տալիս այն ճանապարհը, որով պետք է ընթանալ: Իշխանը դա է: Իշխանը տիրում է հպատակներին, բայց տիրում է հպատակների բարօրության համար, այլ ոչ թե ի վնաս այդ հպատակների:

Հետեւաբար՝ եթե մենք երկրավոր իշխաններին հաճախ հպատակվում ենք եւ հնազանդվում, որքան առավել պիտի հնազանդվենք ու հպատակվենք Երկնավոր Իշխանին, Ով ամենից լավ եւ ամենից առաջ գիտի այն, ինչը մեզ պետքական է ու օգտակար եւ մեզ առաջնորդում է այն ճանապարհով, որ տանում է դեպի փրկություն:

Տերն է մեր թագավորը: Ի՞նչ է նշանակում թագավոր: Թագավոր ասելով հասկանում ենք մարդ, ով թագ ունի, որ նշանակում է, թե բարձր է, վեր է, անհասանելի եւ անմատչելի է: Հաճախ նաեւ այն անձն է, ով հետեւում է ամեն ինչին, ամեն ինչ տեսնում, ամեն ինչ հսկում է, եւ ոչինչ չի կատարվում առանց նրա հրամանի ու արտոնության: Երբեմն մտածում են, թե մենք ենք որոշում մեր կամ դիմացինի ապագան, վճռում եւ ճշտում ենք այն: Չարաչար սխալվում ենք: Մեկ տերեւ անգամ, ասում է Սուրբ Գիրքը, ծառից չի ընկնում՝ առանց Տիրոջ գիտության ու արտոնության: Տերն է թագավորը: Նա է ամեն ինչը հսկում, ամեն ինչ կանխորոշում, թելադրում եւ հրամայում: Տեսեք, թե Եսային որքան կարեւոր շեշտադրումներ է անում Տիրոջ վերաբերյալ: Բայց այս բոլորը թերի կլինեին, եթե Եսային չավելացներ՝ ասելով. «Տերն է մեր Փրկիչը, եւ Նա փրկելու է մեզ»:

Կարող է որեւէ մեկը լինել թագավոր, բայց ոչ փրկիչ, իշխան, բայց ոչ փրկիչ, դատավոր, բայց ոչ փրկիչ, նույնիսկ հայր, բայց ոչ փրկիչ: Սակայն Աստված, այս ամենը լինելով հանդերձ, նաեւ մեր Փրկիչն է: Ուրիշ փրկություն չունենք: Ուրիշ ուրեւէ մեկով չենք կարող փրկվել, եթե ոչ՝ Տիրոջով: Եվ Նա է մեզ փրկելու: Երբ խոսում ենք փրկության մասին եւ ասում ենք՝ Տերն է մեր Փրկիչը, լավ կլինի նաեւ խորհել, թե որքա՜ն է այս խոսքը համարժեք այսօրվա խորհրդին:

Սուրբ Ամենափրկիչ անունը կրող եկեղեցում այս տարի՝ դարձյալ Վարդավառի տոնին, Սուրբ Պատարագ ենք մատուցում՝ հավատալով, որ մեր Փրկիչը, Ով մեր Տերն է, Դատավորը, Հայրը եւ թագավորը, պիտի տա հնարավորություն, որպեսզի, Իր փրկչական առաքելությունը խորհրդանշող, այս եկեղեցին կառուցվի, ավարտին հասցվի, օծվի եւ հանձնվի հավատացյալ ժողովրդին:

Հետեւաբար՝ այսօր, Վարդավառի այս սքանչելի տոնին, երբ Տիրոջ պայծառակերպությունն ենք նշում, թաբորական լույսից ուզում ենք մի կում ըմպել, ստանալ այն լույսը, որ անստեղծ լույսն է Աստվածային: Ուրեմն պիտի աղոթենք, որ Տերը հնարավորություն տա մեզ՝ այս, Իր անունը կրող, եկեղեցին ավարտին հասցնենք եւ նաեւ աղոթենք, որ Աստված օրհնի ու օժանդակի բոլոր նրանց, ովքեր այս մասին մտածում են, ջանք են թափում, դրա համար աշխատում ու քրտնում են եւ իրենց լուման են դնում:

Երբ առաջին անգամ այստեղ պատարագեցինք Վարդավառի տոնին, գրեթե ոչինչ չկար, բացի խորանի այս հատվածից: Ամբողջը քանդված էր: Անգամ քանդակը չկար: Փոս էր հատակի տեղը, եւ ժողովուրդը հավաքվում էր պատերի տակ: Հիմա տարեցտարի տեսնում ենք, թե ինչպես է բարձրանում եկեղեցին՝ իբրեւ խորհրդանիշ մեր հավատքի եւ ապաշխարության:

Թող Աստված մեզ ուժ տա, որպեսզի, այո՛, հաստատելու եւ ինքներս մեզ համոզելու համար, որ Տերն է մեր Փրկիչը, եւ Փրկչի անունով այս տաճարն իր ավարտին հասցնենք: Թող այսօր պայծառակերպված Տերը, Թաբոր լեռան վրայից, Իր օրհնությունները, Իր լույսը, հույսը, սերը եւ մնացած բոլոր ողորմություններն ու շնորհները տարածի մեզ վրա, մեր ժողովրդի, քաղաքի, թեմի, հայրենիքի ու աշխարհասփյուռ ողջ հայության վրա:

Այսօր տեսնում ենք՝ ուխտավորներ ունենք նաեւ ուրիշ շրջաններից, ուրիշ երկրներից, եւ տա Աստված, որ օրը գա, Սուրբ Ամենափրկիչը վերակառուցված, լեփ-լեցուն լինի: Այս եկեղեցին, որ ամենամեծերից է, անգամ նեղ գա մեզ, մեր հավատացյալներին: Աղոթենք եւ մաղթենք, որ լինի այդպես:

Թող Տերը շնորհի մեզ ուժ եւ կարողություն՝ Իր անվան փառքի համար այդ ամենն իրագործել այժմ եւ հավիտյանս. ամեն:

ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
15 ՀՈՒԼԻՍԻ 2007

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները