Չկա ավելի մեծ շնորհ, օրհնություն ու մխիթարություն, քան լինել հարազատ ժողովրդի կողքին իր պայքարի նվիրական պահին, քաջալերել նրան՝ հավատարմությունը պահել հայրենիքին, քրիստոնեական իր հոգուն, ազգի իղձերին ու լուսավոր գալիքի տեսիլքին:

  ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ Տարի, Թիվ 3 (315), մարտ 2026 թ.  


 

       

«ԱՂԱՂԱԿԵՑԷՔ ԱՌ ՏԷՐ ԱՄԵՆԱՅՆ ԵՐԿԻՐ, ԾԱՌԱՅԵՑԷՔ
ՏԵԱՌՆ ՈՒՐԱ ԽՈՒԹԵԱՄԲ»
ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Ցնծա՛, Երուսաղէ՛մ, եւ զարդարեա՛ զառագաստ քո, Սիո՛ն, քանզի ահա
Թագաւոր քո Քրիստոս, նստեալ ի յաւանակի նորոյ, հեզութիւն ցուցանելով,
գայ մտանէ յառագաստ քո»:
ՇԱՐԱԿՆՈՑ

հա եւ իր լրմանը հասավ Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան՝ Արարչի ու արարածի համատեղ հոգեւոր ճամփորդությունը, որի ընթացքում, Տիրոջ անտեսանելի զորակցությամբ ու խնամքով, մարդը ջանաց ճանաչել իրեն: Պահքը խորհելու եւս մեկ առիթ էր՝ սեփական անձին անդրադառնալու, տարբեր տեսակի կեղծ արժեքներից եւ հոգեկործան մեղքերից հոգին մաքրելու:

Խոստացված Մեսիային ընդառաջ գնացող բազմության, մանուկների եւ երիտասարդների շրթներից աղբյուրացող հնավանդ օրհներգն այս օրերին մեկ անգամ եւս հաղթականորեն հնչում է հայոց եկեղեցիների կամարների ներքո: Այս երկնաբույր օրհներգն էր, որ արձագանքեց նրանց հոգիներում, ովքեր, ձիթենու եւ արմավենու ոստերով, փառաբանության ու գոհաբանական բացականչություններով, ողջ մթնոլորտը վերածեցին բացօթյա հրաշակերտ տաճարի: Ժողովրդի բազմությունն աղաղկում էր. «Օվսաննա, օրհնյալ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով» (Հովհ. ԺԲ 13):

Հիսուս՝ ավանակին նստած, մտավ Երուսաղեմ, որ ի կատար ածվի Աստծո ծրագիրը: Հին ժամանակներում ավանակին բազմում էին արքաները: Մինչ Քրիստոս կբազմեր մայր ավանակին, առաքյալներն իրենց հանդերձանքը փռեցին կենդանու վրա: Սա խորհրդանշում է առաքյալների եւ համայն հավատացյալների խոնարհումն Արարչին, իսկ փոքր ավանակը՝ առաքյալներին, որ, ժառանգորդ եւ որդեգիր լինելով, կոչված են ավետարանել Տիրոջ Խոսքը, նաեւ այն, որ հետայսու մարդկությունը Հիսուսի լուծը պիտի կրեր: Նրա սիրո պատվիրաններով կամ Նոր Օրենքով պիտի մտներ Երուսաղեմ՝ Աստծո թագավորություն: Իսկ այդ ճանապարհը խոնարհության ճանապարհ է, որովհետեւ «խոնարհ հոգին Աստված չի արհամարհում» (Սաղմ. 50-19):

Ողջ ճանապարհին մարդկանց կողմից փռված ձիթենու ճյուղերը, ինչը հայոց մեջ փոխարինվեց ուռենու շիվերով, խորհրդանշում է մեր անձը, որ Արարչի ոտքերի առջեւ է՝ պատրաստ ճկվելով դիմակայել փորձություններին: Այսպես սպասելով Քրիստոսի երկրորդ գալստյանը՝ դիմավորում ենք Նրան՝ բացելով նախ մեր սրտի օթեւանները, ուր մտնելով Երկնքի Արքան, Իր խաղաղությունն է բերում մեզ:

Երուսաղեմի մուտքին Նրան դիմավորողների մեջ հիշատակվում են հատկապես մանուկները, ովքեր անդադար երգում էին «օրհնութիւն Որդւոյ Դաւթի»: Մանուկները վաղվա հասարակությունն են, ազգն ու Եկեղեցին: Մեր խնամքի, գուրգուրանքի ու սիրո առարկան հանդիսացող այսօրվա մանկան ճիշտ դաստիարակությունից է կախված ազգի ճակատագիրը: Սուրբ Գիրքն ավանդում է. «Երեխային կրթի՛ր իր ճանապարհին համապատասխան, որով ընթանալու է, եւ նա իր ծերության ժամանակ չի խոտորվի դրանից» (Առ. ԻԲ 6):

Ծաղկազարդի կիրակի օրը եկեղեցիներում օրհնվում եւ հավատացյալ ժողովրդին են բաժանվում ուռենու, ձիթենու կամ արմավենու ճյուղեր՝ ի հիշատակ Հիսուսի Երուսաղեմ հաղթական մուտքի:

ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

29 մարտի: Շիրակի թեմի բոլոր գործող եկեղեցիներում Ծաղկազարդի կիրակին նշանավորվեց մատուցված Սուրբ եւ անմահ Պատարագով: Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը հանգամանալից մեկնեց պատարագիչ Տեր Հայրը:

Այս կիրակի եւս առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին մասնակցում էր Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, որ դեռեւս գտնվում է տնային կալանքում:

Բոլոր եկեղեցիներում, սրբազան արարողակարգերից հետո, ներկա հավատացյալներին բաժանվեցին ուռենու օրհնված ոստեր՝ ի հիշատակ Երուսաղեմյան տոնախմբության: Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Անդաստանի արարողություն:

«ՕՐՀՆԵՑԷՔ, ԳՈՎԵՑԷՔ ԵՒ ԲԱՐՁՐ ԱՐԱՐԷՔ
ԶՆԱ ՅԱՒԻՏԵԱՆ» ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

Երուսաղեմում՝ տաճարի մոտ, մանուկները, թափահարելով ձիթենու բողոջած ոստերը, բացականչում էին. «Օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնություն բարձունքներում» (Մատթ. ԻԱ 9), իսկ ներկաները բարձաձայնում էին. «Ահա ես եւ իմ մանուկները, որ Աստված ինձ պարգեւեց» (Եսայի Ը 18): Սրբազան արարողության ավարտին կատարվեց մանուկների օրհնության կարգ՝ համաձայն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինության: Եկեղեցի եկած բոլոր մանուկներին իր հայրական օրհնությունը բաշխեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոյանը:

«ԶՈՂՈՐՄՈՒԹԻՒՆ ՔՈ ԲԱՑ ՄԵԶ ՏԷՐ» ԴՌՆԲԱՑԵՔ

Նույն օրը՝ երեկոյան ժամը 17:00-ին կատարվեց Դռնբացեքի գեղեցիկ ու խորախորհուրդ արարողակարգը: Արարողության խորհուրդն ու իմաստը բացահայտող «Բաց մեզ Տէր» տաղին հետեւող փոխասացությունը, որ կատարվում է փակ Խորանի վարագույրի հետեւում, հիշեցնում է կատարածի օրվա դատաստանը: Դռնբացեքի արարողության ընթացքում պատկերավոր ձեւով ներկայացվում է վերջին դատաստանը: Հիսուս Իր ողջության օրոք հաճախ էր խոսում կատարածի օրվա եւ վերջին դատաստանի մասին, կոչ անում ժողովրդին ապաշխարել, մեղքերի թողություն խնդրել, որպեսզի զերծ մնան հավիտենական տանջանքներից:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու արարողակարգում Դռնբացեքը բացառիկ տեղ է գրավում: Ավետարանական ոչ մի դեպքի կամ տոնի հետ չի առնչվում, այլ պարզապես վերջին դատաստանի տեսանելի մի պատկերն է պարզում հավատացյալներին: Դռնբացեքի արարողությունը խոսակցության, հարց ու պատասխանի ձեւ ունի, որը եզակի է Հայաստանյայց Եկեղեցում:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները