| «ԴԱՍՔ
ԼՈՒՍԵՂԷՆ ԶՈՒԱՐԹՆՈՑՆ ՍՊԱՍԷԻՆ
ՄԵԾԻ ԳԱԼՍՏԵԱՆՆ ՏԵԱՌՆ»
ՄԵԾ ՊԱՀՔԻ ՎԵՑԵՐՈՐԴ ԿԻՐԱԿԻՆ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ
«Զահեղ փառաց Քոց երեւումն,
որ լինելոց է յերկրորդումն, ետես Դաւիթ յառաջագոյն՝
ծանոյց կանխաւ ազդմամբ Հոգւոյն, թէ՝ «Յայտնապէս Աստուած գայցէ,
հուր առաջի Իւր բորբոքէ». յայնժամ, Յիսո՛ւս, ի մեզ խնայեա, գթա՛,
Քրիստո՛ս, եւ ողորմեա՛»:
ՇԱՐԱԿՆՈՑ
 առասնորդական
պահքի վեցերորդ կիրակին նվիրված է Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյանը:
Այս կիրակիին նախորդող շաբաթ օրը նվիրվում է Ս. Գրիգոր Լուսավորչի
սարսափելի չարչարանքների եւ խոր վիրապ մտնելու հիշատակությանը: Մեծ
պահքի այս կիրակիի ընթացքում Եկեղեցին վերհիշում է նախ Փրկչի առաջին
գալուստը, ապա անդրադառնում երկրորդ գալստյան խորհրդին: Տոնը հաստատվել
է հայոց Բագրատունյաց թագավորի եւ հունաց Վասիլ կայսեր օրոք՝ 85
թվականին: Այս օրը հիշատակվում է Ամենամեծի մեծագույն գալուստը,
քանզի այդ գալստյամբ Նա «փրկեց մեզ մահվանից, իսկ հոգիները դժոխքի
տանջանքներից» (Ս. Գ. Տաթեւացի): Նրա առաջին երեւումներով մարդկության
համար աշխարհում բացվեցին եդեմական դարպասները, քանդվեցին դժոխքի
ծանր շղթաները: Այդ երեւումով կնքվեց նաեւ գալիք՝ երկրորդ երեւումը:
Եթե Նա «առաջին գալստյամբ փրկեց հոգեւոր մահվանից եւ մեղքերի թողությամբ
հոգուն շնորհեց հարություն՝ ազատելով դժոխքից», ապա «երկրորդ գալստյանը
կփրկի մարմնավոր մահվանից եւ մարմիններին կտա հարություն ու անմահ
կյանք» (Ս. Գ. Տաթեւացի): «Երանի այն ծառաներին, որոնց արթուն կգտնի
տերը, երբ գա» (Ղուկ. ԺԲ 37):
Իսկ
երկրորդ գալստյան առիթով Հիսուս Քրիստոս կոչ է անում հետեւել այդ
ծառաների օրինակին. «Նմանվեցեք այն ծառաներին, որոնք սպասում են
իրենց Տիրոջը, թե երբ կվերադառնա նա հարսանիքից, որպեսզի երբ գա
եւ բախի դուռը, իսկույն բաց անեն» (Ղուկ. Ժ 36): Քանի որ Տիրոջ գալուստն
անհայտ է եւ պատված մշուշով, յուրաքանչյուր քրիստոնյա պետք է իր
լուսավոր գործերով, հարատեւ աղոթքով, պահքով, ողորմածությամբ, աստվածային
պատվիրանների կատարմամբ, Քրիստոսի խոսքին հնազանդ պատրաստվի դիմավորել
տիեզերքի Իշխանին. «Պատրաստ եղեք, որովհետեւ այն ժամին, երբ չեք
սպասի, կգա մարդու Որդին» (Ղուկ. ԺԲ 40):
Թեպետեւ Ավետարաններում եւ առաքելական թղթերում արձանագրված են Քրիստոս
Աստծո երկրորդ գալստյան նախանշանները, սակայն, այդուհանդերձ, ոչ
ոք չի կարող ասել, թե Աստվածորդին երբ է գալու. «Ձեզ տրված չէ իմանալ
այն ժամերը եւ ժամանակները, որ Հայրը դրեց Իր իշխանության մեջ» (Գործք
Ա 7): Արդ, թեեւ քրիստոնյաներս չգիտենք Տիրոջ գալստյան ճշգրիտ ժամանակը,
բայց որպեսզի միշտ պատրաստ լինենք Նրան արժանավայել դիմավորելու,
հարկ է անշեղ կյանքի կոչենք քրիստոսավանդ հետեւյալ պատգամը. «Արթուն
կացեք այսուհետեւ, ամեն ժամ աղոթք արեք, որպեսզի կարողանաք զերծ
մնալ այն ամենից, որ լինելու է եւ կանգնել մարդու Որդու առջեւ» (Ղուկ.
ԻԱ 36):
ԱՌԱՋՆՈՐԴԱԻՍՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԻՆՆ ԱՄԻՍ ԱՆՑ
Մարտի
22: Գալստյան կիրակի: Առաջնորդանիստ Ս. Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց
Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Վարագ քհն. Հակոբյանը:
Ի դեպ, հուրախություն ներկա հավատացյալների, ինն ամիս անց, Սուրբ
Պատարագին մասնակցում էր, ապօրինի կալանավորված եւ այժմ տնային կալանքում
գտնվող, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:
Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ
խոսեց Շիրակի թեմի հոգեւոր տեսուչ Տ. Նարեկ եպս. Ավագյանը՝ նախ եւ
առաջ գոհություն հայտնելով Ամենակալ Աստծուն, որ Նրան լսելի դարձան
հավատացյալների աղոթքները, եւ այսօր մայր եկեղեցում բոլորը վայելում
են Առաջնորդ Սրբազանի ներկայությունը: Այնուհետեւ քարոզխոս Սրբազան
Հայրը հանգամանալից մեկնեց օրվա խորհուրդը՝ անդրադառնալով Տիրոջ
երկրորդ գալստյանը:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ
>>>
|
|