Չկա ավելի մեծ շնորհ, օրհնություն ու մխիթարություն, քան լինել հարազատ ժողովրդի կողքին իր պայքարի նվիրական պահին, քաջալերել նրան՝ հավատարմությունը պահել հայրենիքին, քրիստոնեական իր հոգուն, ազգի իղձերին ու լուսավոր գալիքի տեսիլքին:

  ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ Տարի, Թիվ 3 (315), մարտ 2026 թ.  


 

       

«ԲԱՐԵԽՕՍՈՒԹԵԱՄԲ ԵՒ ԱՂՕԹԻՒՔ ՍՐԲՈՑՆ,
ՈՐՈՑ ԱՅՍՕՐ Է ՅԻՇԱՏԱԿ»

«Աղաչանօք սրբոց Հայրապետացն, Տէ՛ր, որք ճգնեցան վասն անուանդ քում սրբոյ,
նայեա՛ց յերկրպագութիւն ժողովելոցս եւ շնորհեա՛ մեղաց զթողութիւն
եւ հա՛ն մասն եւ բաժին ընդ սուրբս ամենայն. աղաչեմք»:
ՇԱՐԱԿՆՈՑ

մեն տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Մեծ պահքի չորրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը ոգեկոչում է Ս. Հովհան Իմաստասեր Օձնեցի Հայրապետի հիշատակը: Նա մեր Եկեղեցու մեծագույն Սրբերից է, որ, քայլելով պատմության դժվարին քառուղիներով, խաղաղ ճանապարհ է հարթել հայ ժողովրդի համար: Սրբի հիշատակը հարգելու նպատակով, Աստծո օգնությամբ եւ Զարիկ Իգիթյանի նախաձեռնությամբ, կատարվեց մի խումբ հավատացյալների ցանկությունը:

Թեեւ մարտի 7-ին երկինքը մռայլ էր, սակայն չէր ստվերել ուխտավորների սրտերը: Հովհան Օձնեցու մասին ժողովրդական բանահյուսության մեջ առկա են բավականին մեծ թվով ավանդազրույցներ, որոնք փաստում են, թե մեծ Սուրբն իր գործունեությամբ, մատենագրական փաստարկով ու վարքագծով խոր հետք է թողել հայ ժողովրդի եւ հայոց պատմության մեջ: Իսկ Հայոց Եկեղեցին, որ իր նվիրյալներին սրբացնելու հարցում խիստ նախանձախնդիր է, փոքրաթիվ Սրբերի կարգում տեղ է հատկացրել նաեւ Հովհան Օձնեցի Հայրապետին:

ՕՁՈՒՆԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Օձունը գտնվում է Գուգարաց թեմում: Ս. Աստվածածին եկեղեցին կառուցել է Տրդատ Գ արքան՝ մոտավորապես 303-33 թթ.: Օծել է այն Ս. Գրիգոր Լուսավորիչը: Երկրաշարժից խոնարհվել է 5-րդ դարում: Քանդված աղոթատան մոտավորապես 25 հարթաքանդակ 6-րդ դարում օգտագործվել Է ներկայիս եկեղեցին կառուցելիս: Այժմ դրանք իրենց հնությամբ ու գեղեցկությամբ զարդարում են կառույցը եւ համաշխարհային արժեք ներկայացնում: Առաջին դարում Օձուն է եկել Քրիստոսի տասներկու աշակերտներից Թովմասը եւ այստեղ քահանաներ ու եպիսկոպոսներ օծել: Ըստ ավանդության՝ հենց օծել բառից է առաջացել գյուղի Օձուն անվանումը:

Շիրակցի ուխտավորները տեղ հասնելով՝ ներկա գտնվեցին, ձեռամբ Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանի, մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Վառեցին իրենց հավատի մոմերը եւ, անչար սրտով ձայնակից լինելով Սրբի աղոթքին, Բարձրյալից ծնրադիր հայցեցին. «Եվ Քո առատ ողորմությամբ ներիր մեր մեղքերը, մխիթարիր մեզ այս կյանքում, դարձրու դեպի Քեզ, ապաշխարության հոգի դիր մեր մեջ, միաբանիր Քո Սուրբ Հոգով եւ ուժ տուր դիմակայել հոգեւոր ու մարմնավոր թշնամուն»: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ներկաներն ստացան Սուրբ Հաղորդություն:

ԽՈՆԱՐՀՈՒՄ ՍՐԲԻ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ

Հաջորդ հանգրվանը Արդվի գյուղն էր, ուր գտնվում է Օձնեցու գերեզմանը՝ ամփոփված փոքրիկ մատուռում: Դարեր շարունակ ուխտագնացության եւ հոգեկան հաղորդության սրբազան վայր է եղել Ս. Հովհան Օձնեցու շիրիմը: Ուխտավորները Սրբի շիրմի մոտ ծնկի եկան եւ իրենց աղոթքը հղեցին առ Աստված: Սուրբ Հովհան Օձնեցի Հայրապետն իր մեջ ամփոփում էր աստվածային ողջ սերն ու բարությունը, եւ ինքն իսկ դառնում այդ սիրո ու բարության ճառագողը: Ուխտավորները խոնարհվեցին եւ համբուրեցին սուրբ շիրիմը հավատքի կենարար ուժով՝ զորանալով ու բաժնեկից դառնալով նրա սրբությանն ու աղոթական ներկայությանը: Հայցեցին բարեխոսություն համայն հայության համար: Ապա եղան այն վայրում, ուր Օձնեցին կատարել է իր հրաշագործություններից մեկը:

Մի օր, երբ Օձնեցին Սուրբ Պատարագ էր մատուցում, երկու զարհուրելի վիշապներ լեռան լանջով գյուղին են մոտենում: Սուրբ Խաչով նա խաչակնքում է վիշապներին, եւ սրանք անշարժանում են մինչեւ Պատարագի ավարտը: Դուրս գալով Պատարագից՝ երանելի Հովհանը գավազանով խփում է վիշապների գլխներին, եւ նույն պահին վիշապները քարանում են: Արդվի գյուղից քիչ հեռու մինչ այսօր պահպանվում է այդ ժայռը, որ կոչվում է «Օձի պորտ»: Ժայռից սառնորակ ջուր է բխում եւ ունի բուժիչ հատկություն: Ապրելով սուրբ կյանքով ու հրաշագործություններով՝ Սուրբ Հովհանը բարվոք հասնում է ծերության եւ ննջում խաղաղությամբ: Սրբի մարմինն ամփոփվում է իր ճգնարանում: Մենք եւս խոնարհվենք սուրբ Հայրապետի շիրմի առջեւ եւ խնկով, աղոթքով մասնակից ու բաժնեկից դառնանք նրա սրբությանն ու աղոթական ներկայությանը, հայցենք նրա բարեխոսությունն ու աղոթքները մեր ողջ ժողովրդի համար:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները