| ՈՒԽՏԱՎՈՐ
ԵԿԵՂԵՑԱՍԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ
ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԵՏ
 պրիլի
12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ
Ս. Էջմիածնում ընդունեց, Հայաստանի տարբեր թեմերից ուխտավորաբար
Մայր Աթոռ ժամանած, շուրջ 650 եկեղեցասեր երիտասարդների` առաջնորդությամբ
իրենց հոգեւոր հովիվների:
Հանդիպումն սկսվեց Տերունական աղոթքով եւ Հայրապետական մաղթերգով:
Ապա ՀԵՀԵՄ հոգեւոր տեսուչ եւ Կենտրոնական գրասենյակի տնօրեն Տ. Թովմա
վրդ. Խաչատրյանը Նորին Սրբությանը ներկայացրեց ուխտավոր հայորդիներին՝
նշելով, որ երիտասարդները, Սուրբ Հարության տոնի խորհրդով, այցելել
են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ներկա գտնվելու Սուրբ Պատարագին եւ
ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունը:
Քահանա
հայրերի անունից ողջույնի եւ երախտիքի խոսքով հանդես եկավ Տ. Մակար
քհն. Գալամդարյանը (Շիրակի թեմ): Իր խոսքում Տեր Հայրն ընդգծեց,
որ, երիտասարդների ցանկությանն ընդառաջ, Երիտասարդաց միությունների
պատասխանատու քահանա հայրերը կազմակերպել են այս ուխտագնացությունը
Մայր Աթոռ՝ իրենց ուխտը նորոգելու, հավատքի մեջ զորանալու եւ, Սուրբ
Էջմիածնի օրհնությամբ, շարունակելու սեփական կյանքը՝ իբրեւ Մայր
Եկեղեցու հավատարիմ զավակներ:
Երիտասարդների անունից սրտի խոսք ասացին Շիրակ թեմից՝ երեցկին Գոհար
Գալտագազյանը, Արագածոտնի թեմից՝ Նաիրա Դավթյանը, Սյունյաց թեմից՝
Մարիա Աթանեսյանը, Մասյացոտնի թեմից՝ Մանե Մնացականյանը եւ Գուգարաց
թեմից՝ Սարգիս Գալստյանը:
Ապա ներկաներին հայրապետական իր պատգամն ու օրհնությունը հղեց Ամենայն
Հայոց Կաթողիկոսը: «Սիրելի՛ զավակներ Մեր, ողջունում ենք ձեզ Մայր
Աթոռ Ս. Էջմիածնում եւ բերում ամենքիդ Հայրապետական Մեր սերն ու
օրհնությունը: Ուրախ է Մեր հոգին, որ զատկական այս հոգենորոգ օրերին
դուք համախմբվել եք Մայր Աթոռում՝ դրսեւորելով ձեր որդիական սերն
ու նվիրումն առ Հայոց Եկեղեցին: Առաքելական ժամանակներից ի վեր մեր
Սուրբ Եկեղեցին լուսավոր փարոս է հայ ժողովրդի կյանքում՝ իր զավակներին
հաստատելով հավատի եւ հույսի մեջ եւ առաջնորդելով դեպի Աստված, բարին
ու ճշմարիտը: Հայոց Եկեղեցին մեր ժողովրդի հոգեւոր տունն է, ուր
յուրաքանչյուր հայորդի գտնում է սեր, խնամք ու հոգատարություն եւ
զորանում երկնառաք շնորհներով ու օրհնություններով: Ով ցանկանում
է ճանաչել հայ ժողովրդի հոգին, հայացքը պիտի ուղղի Հայոց Եկեղեցուն:
Մեր Եկեղեցին ուժ է տվել իր զավակների ապրելու եւ արարելու ձգտումներին
եւ խաղաղության ու արդարության իղձերին, զորություն պարգեւել՝ ազգ
ու հայրենիք սիրելու եւ, հավատարիմ իր առաքելությանը, պահպանել ու
հարստացրել է մեր հոգեւոր ու մշակութային ժառանգությունը, հետամուտ
եղել նոր սերնդի հայեցի դաստիարակությանը: Տերունավանդ քրիստոնեական
արժեքներով մեր Եկեղեցին աշխարհասփյուռ հայության համար դարձել է
միասնության հիմնասյուն՝ առաջնորդելով իր հոտը թե՛ խաղաղ օրերին
եւ թե՛ փորձությունների ժամանակ:
Առաքելական
մեր Սուրբ Եկեղեցու առջեւ հաճախ հարուցվել են տարատեսակ խոչընդոտներ
ու դժվարություններ: Այսօր էլ ունենք անցանկալի մի իրավիճակ, երբ
հայրենի մեր երկրում Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների
կողմից: Վերջին մեկ տարում ականատես ենք աննախադեպ ճնշումների՝ եպիսկոպոսների
անօրինական ձերբակալությունների, հոգեւոր սպասավորության իրականացմանն
ուղղված արհեստական խոչընդոտների, մեր հնամենի վանքերի ու եկեղեցիների
բռնազավթման փորձերի: Իշխանությունների ակնհայտ հովանավորչությամբ
Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված եւ կարգալույծ հռչակված
անձը շարունակում է զավթված պահել առաջնորդարանը եւ գործել որպես
թեմակալ առաջնորդ: Օրերս նաեւ հերթական հակասահմանադրական քայլին
ականատես եղանք, երբ իշխող քաղաքական ուժն իր նախընտրական ծրագրում
ներառեց Հայ Եկեղեցուն վերաբերող մերժելի դրույթներ: Պատմությունը,
սակայն, վկայում է, որ, առ Աստված ապավինությամբ, մեր Եկեղեցին միշտ
հաղթահարել է բոլոր փորձությունները:
Սիրելինե՛ր, մեր Սուրբ Եկեղեցու առաքելության արդյունավորման գործում
կարեւոր առաջնահերթություններից է ձեր՝ երիտասարդ սերնդի ակտիվ ներգրավումը
եկեղեցական կյանքում: Մեր եկեղեցիների շուրջ ստեղծված երիտասարդական
միությունները հետեւողականորեն իրականացնում են տարբեր ծրագրեր ու
նախաձեռնություններ, որոնք նպատակ ունեն ամրապնդել եւ խորացնել նոր
սերնդի կապը Մայր Եկեղեցու հետ: Դուք եւ ձեր հասակակիցներն եք հայրենիքի
զորացման, մեր Սուրբ Եկեղեցու պայծառության եւ ժողովրդի լուսավոր
ապագայի երաշխավորը: Ամուր պահեք կապվածությունը Հայ Առաքելական
Ս. Եկեղեցուն եւ ընդունեք դարերով սրբագործված նրա ավանդները՝ իբրեւ
ուղեցույց, որպեսզի լինեք ինքնուրույն, արժանավոր եւ ուժեղ անհատներ:
Սիրե՛ք Հայրենին, մեր Սուրբ Եկեղեցին, եղեք բարեպաշտ հավատացյալներ
ու օրինահարգ քաղաքացիներ:
Հայրապետական
Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ձեզ՝ ձեր ջերմ հավատքի եւ եկեղեցանվիրումի
համար: Մաղթում ենք ամենայն բարին եւ հայցում, որ Բարձրյալն Աստված
օրհնի ձեր ընթացքը, պարգեւի անսասան եւ անսպառ հավատք, հույս ու
սեր եւ զորացնի բոլոր բարի ձեռնարկներում: Մեր բարձր գնահատանքն
ենք բերում, Մայր Աթոռ Ս. Էջմիածին այս ուխտագնացությունը կազմակերպելու
համար, Հայ Եկեղեցու Երիտասարդական կազմակերպությանց կենտրոնական
գրասենյակի տնօրեն Տ. Թովմա վրդ. Խաչատրյանին, թեմերի երիտասարդաց
միությունների պատասխանատու քահանա հայրերին, վարչական խորհուրդների
անդամներին ու ատենապետերին: Հայրական Մեր պատգամն է ձեզ, որ նույն
նախանձախնդրությամբ շարունակեք ներդնել ձեր ջանքերը՝ նորանոր նախաձեռնություններով
առավել կենսունակ ու աշխույժ դարձնելու երիտասարդաց միությունների
գործունեությունը՝ ի զորացումն Հայրենի մեր Երկրի, ի պայծառություն
մեր Սուրբ Եկեղեցու եւ ի բարօրություն քրիստոսասեր մեր ժողովրդի:
Թող Տիրոջ շնորհները, սերն ու խաղաղությունը մշտապես ուղեկից լինեն
ազգիս հայոց՝ ի Հայրենիս եւ ի Սփյուռս. ամեն»:
Օրհնության խոսքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաեւ
երիտասարդների հարցերին, որոնք առնչվում էին Հայ Եկեղեցու երիտասարդական
ծրագրերին, հովվական գործունեությանը եւ Եկեղեցու առաքելությանն
ի նպաստ երիտասարդների ներգրավվածությանը: Հանդիպումը եզրափակվեց
«Պահպանիչ» աղոթքով, որից հետո երիտասարդները ներկա գտնվեցին, Միածնաէջ
Մայր Տաճարում մատուցվող, Սուրբ եւ անմահ Պատարագին:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
>>>
|
|