| «ԶԻ
ԿԵԱՆՍ ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ ԵՏ ՄԵԶ ԱՍՏՈՒԱԾ»
ԱՎԱԳ ՇԱԲԱԹԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ
իսուս
Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ,
որովհետեւ ամենամեծն ու նշանակալիցն է հիշատակվող դեպքերի կարեւորությամբ
ու խորհրդով: Այն մեզ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային
կյանքի ամենակարեւոր շրջանը՝ վերջին յոթն օրերի ուսուցումները, չարչարանքները,
մահը եւ հարությունը: Այս շաբաթվա յուրաքանչյուր օր եւս կրում է
«ավագ» անվանումը եւ ունի իր այլաբանական խորհուրդը: Ավագ շաբաթն
սկսվում է Ծաղկազարդով՝ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքով:
30 ՄԱՐՏԻ. ԱՎԱԳ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
ԱՆՊՏՈՒՂ ԹԶԵՆՈՒ ՉՈՐԱՑՈՒՄԸ
Անպտուղ
թզենու չորացման դրվագը, օրինակն ու խորհրդանիշն է հավատի ու դրա
հրաշագործ զորության. «… Եթե հավատ ունենաք եւ չերկմտեք, ոչ միայն
կանեք այդ թզենուն պատահածը, այլ թեկուզ այդ լերանն ասեք ելիր ու
ծովն ընկիր, այն կկատարվի: Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով,
կստանաք» (Մատթ. ԻԱ 20-22): Թզենին խորհրդանշում է թերահավատ ու
երկմիտ, նաեւ հավատացող, սակայն հավատի գործեր չկատարող մարդուն:
Պատկերն է այն մարդկության, որը հեռու է զղջումից ու ապաշխարությունից
եւ մեղքի պատճառով գնում է կորստյան: Աստծո տաճարը երկինք է երկրի
վրա եւ աղոթքի ու պաշտամունքի տուն: Տաճարի մաքրագործումը նաեւ ակնարկ
է Աստվածային դատաստանի:
31 ՄԱՐՏԻ. ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ
ՏԱՍԸ ԿՈՒՅՍԵՐԻ ԱՌԱԿԸ
Տասը կույսերի առակով Հիսուս այլաբանորեն պատասխանում է Իրեն տրված՝
Երկնքի արքայության մասին հարցերին եւ հայտնում այնտեղ մտնելու պայմանները՝
հարատեւ աղոթք եւ հավատի արգասավոր գործեր: Տասը կույսերից հինգը
նախապես հոգացին իրենց լապերների լույսը վառ պահելու մասին, եւ երբ
Փեսան՝ Փրկիչը եկավ, Նրա հետ մտան ուրախության սրահ: Մյուս հինգը,
ովքեր իրենց լապտերների համար յուղ չէին վերցրել, պատրաստ չեղան
Փրկչի գալստյանը: Առաջին հինգը խորհրդանշում են այն հավատավոր քրիստոնյաներին,
ովքեր հարատեւում են հոգեւոր արթնության մեջ ու միշտ պատրաստ են
Փրկչի գալստյանը:
1 ԱՊՐԻԼԻ. ԱՎԱԳ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՕԾՈՒՄ ԵՎ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆ
Այսօր
հիշատակում ենք այն մեղավոր կնոջը, որ թանկագին յուղով օծեց Քրիստոսի
գլուխը, ինչը խորհրդանշում է Նրա մոտալուտ մահը. «Երբ Հիսուս Բեթանիայում
էր՝ բորոտ Սիմոնի տանը, նրան մոտեցավ մի կին, որ մի շիշ թանկարժեք
յուղ ուներ եւ թափեց այն Հիսուսի գլխին, երբ Նա սեղան էր նստել»
(Մատթ. ԻԶ 6-7): Խորհրդանշական այս օծումը մատնանշում է Հիսուսի
Տեր եւ Թագավոր լինելը, ինչպես նաեւ նախագուշակում Նրա չարչարանքներն
ու մահը. «… Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց»:
Հիսուս այսպես ասաց, քանզի կանխապես գիտեր Իր խաչվելու, թաղվելու
եւ Հարություն առնելու մասին, գիտեր Իր աշխարհ գալու առաքելության
մասին: Բայց Նա կարեւորեց այդ կնոջ արածը, որովհետեւ, իր հավատով
օծելով Հիսուսի գլուխը, բեթանիացի կինը, նախքան Հարությունը, վկայեց
Հիսուսի Օծյալ Փրկիչ լինելը: Չորեքշաթին նաեւ մատնության օրն է,
երբ աշակերտներից Հուդա Իսկարիովտացին երեսուն արծաթով համաձայնեց
մատնել Հիսուսին:
2 ԱՊՐԻԼԻ. ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ
ՎԵՐՋԻՆ ԸՆԹՐԻՔ, ՈՏՆԱԼՎԱ
Եկեղեցին նշում է Վերջին կամ Խորհրդավոր ընթրիքի հիշատակությունը,
որի ժամանակ հաստատվեց Հաղորդության խորհուրդը: Վերջին ընթրիքին,
Հիսուս օրհնելով ու աշակերտներին բաժանելով հացն ու գինին, դրանք
ներկայացրեց որպես Իր Մարմինն ու Արյունը, այսինքն՝ Իր կամավոր զոհաբերությունը
խաչի վրա հանուն մարդկության փրկության: Հաղորդության համար Հիսուս
ընտրեց հացն ու գինին, որովհետեւ, ինչպես Գրիգոր Տաթեւացին է ասում,
«հացը ցորենի բազում հատիկներից է ժողովվում, եւ գինին՝ խաղողի բազմաթիվ
պտուղներից հավաքվում»: Սա մատնանշում է Սուրբ Եկեղեցին, որ Քրիստոսի
խորհրդանշական մարմինն է եւ բազմաթիվ հավատացյալներից է համախմբվել:
Առավոտյան ժամերգությունից հետո Ս. Աստվածածին, Ս. Նշան, Ս. Գրիգոր
Լուսավորիչ, Ս. Հակոբ, Ս. Մինաս, Ս. Հռիփսիմե, Ս. Սարգիս, Ս. Ամենափրկիչ
եկեղեցիներում, ի հիշատակ Վերջին ընթրիքի եւ Ս. Հաղորդության խորհրդի
հաստատման, մատուցվեց Սուրբ Պատարագ: Ս. Յոթվերքում օրվա պատարագիչն
էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր
մեր»-ից առաջ, պատարագիչ Տեր Հայրն ընթերցեց Ս. Բարսեղ Կեսարացու
թուղթը՝ Ս. Հաղորդության խորհրդի մասին եւ հանգամանալից մեկնեց այն:
Ս. Հաղորդություն ստացան մեծաթիվ հավատացյալներ:
ԿԱՐԳ ՈՏՆԱԼՎԱՅԻ
Նույն
օրը, երեկոյան ժամերգության ընթացքում, կատարվեց Ոտնալվայի կարգը:
Բացվեց Ս. Խորանի վարագույրը, նախ օրհնվեցին յուղը եւ ջուրը, ապա,
հոգեպարար շարականների երգեցողության ներքո, Աստվածորդու օրինակով,
Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը, ծնկի գալով, լվաց եւ օծեց տասներկու
անձանց ոտքերը: Վերջում ներկաներին բաժանվեց օրհնված յուղը, որը
եկեղեցուն էր նվիրաբերել խաչքավոր Սեդրակ Հարությունյանը: Ոտնալվայի
արարողության հաստատումը վերագրվում է Եփրեմ Խուրի Ասորուն (306-373
թթ.): Արարողությունը Հայ Եկեղեցու ծիսակարգ է մտել 11-րդ դարում՝
Գրիգոր Վկայասեր կաթողիկոսի (1066-1105 թթ.) կողմից: Հետագայում
կարգը հարստացել է նաեւ զուտ հայկական շարականներով ու աղոթքներով,
որոնցից են «Սիրտ իմ սասանի» եւ «Ո՞ւր ես, մայր իմ» գեղեցկահյուս
մեղեդիներն ու Հովհաննես Պլուզ Վարդապետի «Սիրո մասին» խորիմաստ
խրատը:
ԿԱՐԳ ԽԱՎԱՐՄԱՆ «ԵՒ ԳԻՇԵՐ ԷՐ…»
Քրիստոսի մատնությանը, չարչարանքներին ու խաչելությանը նվիրված Ավագ
ուրբաթի արարողությունները կոչվում են Խավարման կարգ: Ավետարանական
ընթերցումները հիշատակում են Հուդայի մատնությունը, Հիսուսի՝ Գեթսեմանիի
այգում աղոթքը, ձերբակալությունը, քահանայապետերի կողմից հարցաքննվելը,
չարչարանքներն ու խաչելությունը, Պետրոսի երեք անգամ ուրանալն ու
զղջալը: Խավարման արարողության ժամանակ խորանի վրա վառվում են 12
մոմ՝ խորհրդանշելով Հիսուսի աշակերտներին: Դրանց մեջտեղում վառվում
է մյուսներից ավելի մեծ մոմ, որը Հիսուսին է խորհրդանշում: Հուդային
խորհրդանշում է ծայրում վառվող սեւ մոմը: Ավետարանական յուրաքանչյուր
ընթերցումից հետո հանգցնում են տասներկու մոմերից երկուսը՝ յուրաքանչյուր
կողմից մեկական, վերջում մնում է միայն մեջտեղի մեծ մոմը, որը շարունակվում
է վառվել՝ ի նշան ձերբակալության ժամանակ աշակերտների փախուստի եւ
Հիսուսի միայնակ մնալու:
3 ԱՊՐԻԼԻ. ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ
ԿԱՐԳ ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹԱՂՄԱՆ
Ավագ
Ուրբաթի խորհդակատարությունները շարունակվեցին հաջորդ օրվա միջօրեին՝
խաչելության կարգով, Տիրոջ դատապարտության եւ խաչելության դրվագների
ընթերցմամբ: Հընթացս ժամերգության՝ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի
հանդիսապետությամբ, տեղի ունեցած արարողությունը խորհրդանշում էր
Քրիստոսի թաղումը: Ծաղիկներից ու դալար ոստերից հյուսված գերեզմանի
մեջտեղում քողածածկ խաչն էր, որ թաղման կարգի ժամանակ, մեծաթիվ հավատացյալների
ուղեկցությամբ, դուրս բերվեց Ս. Յոթվերքից՝ ի խոնարհություն հավատացյալների:
Այդ օրը Պատարագ չի մատուցվում, որովհետեւ ուրբաթ օրը Հիսուսն Ինքը
պատարագվեց՝ որպես կենդանի զոհ:
4 ԱՊՐԻԼԻ. ԱՎԱԳ ՇԱԲԱԹ
ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ Ս. ՊԱՏԱՐԱԳ
Ավագ շաբաթ օրը նվիրված է Հիսուսի թաղմանը եւ գերեզմանի կնքմանը:
Տերը, Հովսեփ Արեմաթացու ձեռքով, իջեցվում է խաչափայտից, փաթաթվում
պատանքով ու դրվում վիմափոր գերեզմանի մեջ: Վերջինիս մուտքը փակում
են մեծ քարով: Քանի որ, ըստ հրեական օրենքի, հանգստի ժամանակ էր,
աշակերտները հեռանում են գերեզմանից այն հույսով, որ հաջորդ օրը
կվերադառնան, կխնկարկեն եւ կօծեն Հիսուսի մարմինը: Այս օրն իրոք
հանգստի ու խաղաղության մթնոլորտով է հատկանշվում, զգացվում է Հիսուսի
Հարության մոտ լինելը: Քրիստոս գերեզման դրվելով՝ իջնում է դժոխք
եւ ավերում այն՝ փրկություն շնորհելով արդարների հոգիներին: Ավագ
շաբաթ օրը երեկոյան մայր եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ:
Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Մինչ Սուրբ Պատարագը,
կատարվեց ճաշու երրորդ ժամերգությունը, ընթերցվեցին սուրբգրային
հատվածներ, որից հետո ընթերցվեցին Դանիել մարգարեի թղթերը: Երեք
ընթերցողները խորհրդանշում էին բոցավառ հնոց նետված երեք երիտասարդներին:
Սա նաեւ խորհրդանշում է Հիսուսի երեքօրյա թաղումը, որ սակայն չապականվեց:
Գագաթնակետը Քրիստոսի հաղթանակն է մահվան դեմ՝ հարությամբ. «Ո՞ւր
է, մահ, քո հաղթությունը, ո՞ւր է գերեզման, քո խայթոցը…»: Հավարտ
ժամը 22:00-ին սկսված Ճրագալույցի Ս. Պատարագի, կատարվեց Ս. Հարության
նախատոնակ: Գիշերվա խորհրդավոր լռության մեջ հաղթականորեն հնչեց
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսը:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ
>>>
|
|