Ուր սեր կա, հույս եւ հավատ, այնտեղ չկան երկյուղ ու կասկած, այնտեղ չկան վախ եւ հուսալքություն, քանզի Ինքն Արարիչ Աստված է մեր ապավենը:

  ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ Տարի, թիվ 4 (316), ապրիլ 2026 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՈՒՄԸ

«Մի՛ երկնչիր, Մարիամ, զի գտեր շնորհս յԱստուծոյ: Եւ ահա յղասջիր եւ
ծնցես որդի, եւ կոչեսցես զանուն Նորա Յիսուս»

Ղուկ. Ա 30-31

ստվածամայրը՝ Սուրբ Կույս Մարիամը, իր անարատ հոգու շնորհներով, առաքինության եւ սրբության օրինակ եղավ բոլոր դարերում: Նա կանանցից ամենաօրհնյալն է, քանզի դարձավ մայրն աշխարհի Փրկչի՝ մարմնավորված Աստվածորդու: Եվ պատահական չէր, որ Հովհաննես Մկրտչի մայրը՝ Եղիսաբեթը, երբ Մարիամին տեսավ, լցվեց Սուրբ Հոգով եւ բարձր ձայնով աղաղակեց. «Օրհնյալ ես դու կանանց մեջ եւ օրհնեալ է քո որովայնի պտուղը» (Ղուկ. Ա 42): Աստված Սուրբ Մարիամի միջոցով երկնայինը երկիր տեղափոխեց, որպեսզի Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, երկրայիններս երկինք տեղափոխվենք:

Ավետման տոնի խորհուրդն ըմբռնելու համար մեր հայացքը նախեւառաջ ուղղենք, մեղքի պատճառով մահկանացու դարձած, առաջին մարդկանց՝ Ադամին ու Եվային եւ Աստծո այն խոսքին, թե կնոջից ծնվածը պետք է ջախջախի օձի գլուխը՝ փրկության առաջնորդելով սատանայի իշխանության տակ եղող մարդկությանը: Մեղքի եւ մահվան ենթակա աշխարհն սպասում էր ազատարար Աստծո Օծյալին: Հարկավոր էր, որ մարդկությունը հենց իր մեջ անոթ եւ կացարան պատրաստեր Աստծո Որդու մարմնավորման համար: Անհրաժեշտ էր ներկայությունը մի այնպիսի անձնավորության, որում ամփոփված լինեին մարդկային հոգու բոլոր առաքինությունները եւ բարեմասնությունները: Եսայի մարգարեն ազդարարոմ է, որ գալու է ժամը, երբ «Կույսը պիտի հղանա եւ որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ» (Մատթ. Ա 23): Այս մարգարեությունից հետո էլ մարդիկ դեռ երկար սպասեցին: Աստծո կամքով Գաբրիել հրեշտակապետը հայտնվում է Մարիամին եւ ասում. «Մի՛ վախեցիր, Մարիամ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա դու կհղիանաս եւ կծնես մի որդի եւ նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի եւ Բարձրյալի որդի կկոչվի: Եվ Տեր Աստված նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը, եւ նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա ու նրա թագավորությունը վախճան չի ունենա» (Ղուկ. Ա 33):

Սուրբ Կույսը տարակուսում է, չէ՞ որ ինքն ամուսնացած չէր: Հրեշտակը ցրում է նրա զարմանքը եւ հայտնում, որ Սուրբ Հոգով եւ Բարձրյալի զորությամբ է Աստվածորդու ծնունդը լինելու: Այդժամ Մարիամն իրեն լիովին հանձնում է Տիրոջ կամքին. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ. Ա 38): Ահա այսպես Սուրբ Մարիամի ավետման օրն սկիզբը եղավ Աստծո մարդեղացման, «որպեսզի ով Նրան հավատա, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. Գ 16): Ուրեմն՝ գոհանանքն Աստծուց մեծ սիրո եւ շնորհի համար: Մեր երախտիքը հայտնենք Սուրբ Աստվածածնին, որի միջոցով իրականացավ մահկանացուներիս փրկագործությունը:

ԱՎԵՏՄԱՆ Ս. ՊԱՏԱՐԱԳ

Ապրիլի 7-ին՝ գիշերային եւ առավոտյան ժամերգություններից հետո, առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, Ավետման տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Եղիշե քհն. Նազարյանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ՝ տարիներ առաջ, Ս. Աստվածածնի Ավետման տոնը հռչակվել է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Այդ օրը Հայոց Եկեղեցու բոլոր տաճարներում, Սուրբ եւ անմահ Պատարագից հետո, կատարվեց ապագա մայրերի օրհնության հատուկ կարգ: Հավարտ Ս. Պատարագի պատարագիչ Տեր Հայրն իր հայրական օրհնությունը բաշխեց ներկա կանանց ու մայրերին: Օրհնության կարգ կատարվեց նաեւ Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները