| ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԹԵՄ
պրիլի
12-ին՝ Կրկնազատիկի տոնի ուրախ առիթով, Ս. Յոթվերք եկեղեցու մի խումբ
հավատացյալ ուխտավորներ, նախաձեռնությամբ Զարիկ Իգիթյանի, ուղեւորվեցին
Արագածոտնի մարզի Մուղնի գյուղ, ուր գտնվում է Ս. Գեւորգ եկեղեցին:
ՍՐԲԻ ԱՆՄԱՀ ՀԻՇԱՏԱԿԸ
Հայ
ժողովուրդը հայացրել կամ ազգայնացրել է Ս. Գեւորգ Զորավարին եւ կառուցել
Սրբի անունը կրող մեծաթիվ եկեղեցիներ: Մուղնու Ս. Գեւորգը 17-րդ
դարի կառույց է: Եղել է հայ գրչության ու դպրության կենտրոններից
մեկը: Ճարտարապետն է Սահակ Հիզանեցին: Պատմությունը վկայում է, որ
եկեղեցում ամփոփված զորավարի մասունքը Հայաստան է բերվել 350 թ.,
Ներսես Մեծ Կաթողիկոսի կողմից: Ուխտավորները նախատեսված ժամին ճանապարհ
ընկան՝ աղոթասացությամբ եւ շարականների երգեցողությամբ: Այդ օրը,
ի մխիթարություն եւ օրհնություն հավատացյալ ժողովրդի, արդեն իսկ
ամրագրված ավանդույթի համաձայն, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի
ձեռագրապահոցից Ս. Գեւորգ եկեղեցի բերվեց Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը:
ՇՈՒՐԻՇԿԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
Մատյանը գրվել է Վասպուրականում, 15-րդ դարում, Բարսեղ Վարդապետի
ձեռամբ: Շահ Աբասի տեղահանությունների ժամանակ հայ գաղթականներն
իրենց հետ Սուրբ Գիրքը տեղափոխել են Իրան: Ավանդության համաձայն՝
Արաքսն անցնելիս, Ավետարանն ընկնում է գետը եւ յոթը տարի մնում այնտեղ:
Երբ կրկին հաջողվում է Արաքսի ջրերից հանել մատյանը, այն ունենում
է սկզբնական տեսքը: Ընդամենը մի քանի թերթերի եզրերն են փոքր-ինչ
թրջված լինում: Ջրի հետքերն առ այսօր նկատելի են: Հետագայում Ավետարանը
պահվել է Իրանի Շուրիշկան գյուղում, իսկ իրանահայերն ամեն տարի՝
Ս. Հարության տոնին հաջորդող կիրակի օրը (Կրկնազատիկին), նվիրական
ուխտի են գնացել ու խոնարհվել պաշտելի Ավետարանին: 70-ական թվականներին
Ավետարանը բերվեց Հայաստան եւ պահ տրվեց Մատենադարանին:
Սուրբ Գեւորգ եկեղեցում, մեծաթիվ ուխավորների ներկայությամբ, մատուցվեց
ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Զաքարիա ծայրագոււն վրդ.
Բաղումյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում հավատավոր ուխտավորներն
ու շուրիշկանցիները հնարավորություն ունեցան համբուրել Ս. Ավետարանը,
ինչպես նաեւ հաղորդվեցին մեր Տիրոջ Ս. Մարմնին ու Ս. Արյանը:
ԿԱՐՊԻԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
Երկրորդ սրբավայրը, ուր այցելեցին ուխտավորները, Կարպիի Ս. Աստվածածինն
էր, որ իր պարզությամբ ու գեղեցկությամբ մեզ է հասել 14-րդ դարից:
Վերանորոգվել է 1999-ին եւ վերաօծվել երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսի
ձեռամբ: Եկեղեցու կամարների տակ ուխտավորների շուրթերից հնչեցին
շարականներ ու աղոթքներ, վառվեցին հավատքի մոմեր:
ՕՀԱՆԱՎԱՆՔ, ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ
Երրորդ հանգրվանը Օհանավանի եկեղեցին էր, ուր ուխտավորները երգեցին
«Տերունական աղոթք»-ը եւ «Տեր ողորմյա»-ն:
Այնուհետեւ ուխտավորները շարունակեցին իրենց ճանապարհը դեպի Սաղմոսավանք,
որ վերջին հանգրվանն էր: Համալիրի բաղկացուցիչ մասերն են Ս. Սիոն
եւ Ս. Աստվածածին եկեղեցիները: Ըստ ավանդության՝ վանական համալիրը
հիմնել է Ս. Գրիգոր Լուսավորիչը: 13-րդ դարի այս կառույցն ինչպես
տեղաբնակների, այնպես էլ ուխտավորների համար եղել է սիրելի ուխտավայր:
Այցելուներն աղոթեցին շքեղ տաճարի հոյակերտ կամարների ներքո՝ հայցելով
Տիրոջ Սուրբ Աջի հովանավորությունը:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ
>>>
|
|