Ուր սեր կա, հույս եւ հավատ, այնտեղ չկան երկյուղ ու կասկած, այնտեղ չկան վախ եւ հուսալքություն, քանզի Ինքն Արարիչ Աստված է մեր ապավենը:

ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ Տարի, թիվ 4 (316), ապրիլ 2026 թ.  


 

       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ
ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

իրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,

Այսօր Հայաստանում եւ սփյուռքի համայնքներում ոգեկոչում ենք օսմանյան կայսրությունում իրականացված հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների հիշատակը, ովքեր անմահացան՝ իրենց հոգիներում անմար պահելով սերն առ Քրիստոս եւ առ հայրենին:

Ապրիլի 24-ը խորհրդանշորեն ամփոփում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը, որի մեջ խտացված են մեկ եւ կես միլիոն մարտիրոսացյալ հայորդիների, հայրենակորույս, տարագիր ազգիս զավակների, մշակութային եղեռնի ենթարկված մեր վանքերի ու եկեղեցիների, ավերված բնակավայրերի հիշողությունները: Այդ ողբերգությունը, սակայն, չկոտրեց մեր ազգի ոգին: Մեր ժողովուրդը վերապրեց ցեղասպանությունը, ամենուր նոր կյանք վերընձյուղեց, վերահաստատեց հայոց անկախ պետականությունը:

Ապրիլի 24-ն ուխտի օր է՝ միահյուսված աշխարհասփյուռ մեր ժողովրդի պահանջատիրությանը, որը զերծ է թշնամանքից ու ատելությունից, ուղղված է արդարության ու ճշմարտության վերականգնմանը եւ ցեղասպանության արհավիրքի ուրացման բացառմանը:

Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեց ավելի քան 120.000 արցախցի: Այս ծանր կացության եւ առկա սպառնալիքների հանդիման, մեր նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունն ու համերաշխությունը եւ հզորացնել հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ արգասավորելու քայլերն ու նախաձեռնությունները՝ հանուն ազգային առաջընթացի եւ խաղաղ ու անվտանգ կյանքի:

Աղոթենք եւ հայցենք, որ, մեր նահատակ սրբերի բարեխոսությամբ, խաղաղության երկնային շնորհները եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությունն ու սերը բաշխվեն համայն աշխարհին, մեր հայրենիքին եւ ժողովրդին այսօր եւ միշտ. ամեն

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները