Եվ մենք, իբրեւ քիստոնյաներ, հավատում ենք,
որ հավերժության լուսաբացն սկիզբ է առնում գողգոթաների տառապանքներից:

  ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 6 (318), հունիս 2026 թ.  


 

       

«ԶԻ ՈՐ ՈՉ ԲԱՌՆԱՅ ԶԽԱՉ ԻՒՐ ԵՒ ԳԱՅ
ԶԿՆԻ ԻՄ, ՈՉ ԿԱՐԷ ԻՄ ԱՇԱԿԵՐՏ ԼԻՆԵԼ»
ԳՅՈՒՏ ՆՇԽԱՐԱՑ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Յիսուսի Աջովը շնորհաբաշխ պատիւ ստացաւ լեռը Սեպուհի, Սանրայի պէս եւ
Ահերմոնի, Եւ լոյսի Աղբիւրն անկից բխեցուց բարեհամ ջուրեր Եւ
յորդախաղաց վազող վտակներ: Որով կը ցնծայ երկիրս բերքերով արմտիքներու»:
ՇԱՐԱԿՆՈՑ

արտիրոսների աճյուններին առնչվող հիշատակությունն սկսվում է դեռեւս քրիստոնեության վաղ շրջանից: Հայոց Եկեղեցում սրբերի մասունքները, հավանաբար, պահվել են Դ դարից ի վեր: Մասանց պահարանների առանձին խումբ են կազմում մեր Եկեղեցուն բնորոշ, աջի նմանությամբ պատրաստված պահպանակները, որոնց ներսում տեղադրվում են սրբերի մասունքները, ինչպես նաեւ խաչերը, որոնք զարդարվում են գունավոր քարերով:

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն անցկացրեց առանձնության մեջ՝ ճգնելով Սեպուհ լեռան Մանյա քարայրում: Քարայրն այդպես էր կոչվում, քանի որ այստեղ ժամանակին Սուրբ Հռիփսիմյանց կույսերից Մանեն էր բնակվում: Երբ Սուրբ Գրիգոր Լուսավորչի քահանայապետության երեսուն տարին լրացավ, «բարի պատերազմը պատերազմած, հավատքը պահած, ընթացքն ավարտած եւ անթառամ պսակին հասած», Տիրոջ հրամանով նա բարձրացավ Սեպուհ լեռան կատարը եւ առանձնացավ լռության մեջ: Սրբազան ավանդության համաձայն՝ հովիվները, Սեպուհ լեռան վրա շրջելիս, քարանձավներից մեկում տեսնում են մի ծերունի՝ հենված գավազանին, բազուկները տարածած եւ անշնչացած: Ով էր այդ ծերունին, նրանք չգիտեին, «սակայն փառաց լույսով իմացան, թե Աստծո մեծ ծառան է»: Միամիտ ու պարզ հովիվները քարերով լռելյայն ծածկում են Սրբի մարմինն ու հեռանում:

327 թվականին, Վահան Մամիկոնյանի մարզպանության ժամանակ, Աստված տեսիլքով Գառնիկ ճգնավորին հայտնում է Սրբի մասունքների վայրը, որից հետո Սուրբ Հայրապետի նշխարները տեղափոխվում ու ամփոփվում են Բարձր Հայքի Դարանաղյաց գավառի Թորդան գյուղում: Սակայն անշուք թաղումն անգամ չի քողարկում նրա հիշատակը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշխարների գյուտի տոնն ամեն տարի նշում է մեծ հանդիսավորությամբ: Ասենք նաեւ, որ, ավանդության համաձայն, մեծն Գրիգորի բոլոր նշխարները չէ, որ ամփոփվել են Թորդանում, այլ ոսկորների մի մասը տարվել է Վաղարշապատ եւ այլ վայրեր, մինչեւ անգամ Բյուզանդիա ու Իտալիա: Ըստ Դրասխանակերտցու պատմության՝ Ներսես Տայեցի Շինող Կաթողիկոսը (գահակալել է 641-661 թթ.), Զվարթնոցի տաճարը կառուցելիս, Սուրբ Գրիգորի ոսկորների նշխարները բաժանելով դնում է չորս հաստահեղույս սյուների տակ՝ անշուշտ երկնավոր գանձն ապականիչ զեռուններից հաստատուն պահելու եւ քրիստոնեական հավատքի պարծանքի համար: Նա քրիստոսադրոշմ ու պատվական գլուխը ոչ թե խորքում, այլ դրսում՝ գզրոցի մեջ է զետեղում, դնում աստվածային գանձարանում՝ «դրան փափագողների հույսի ու հիվանդների բժշկության համար»:

Լուսավորչի նշխարների գտնվելու այս պատմությունն է ընկած «Գյուտ նշխարաց» տոնի հիմքում: Ըստ հայ պատմիչների՝ Զվարթնոցն այն վայրն է, ուր Սուրբ Գրիգորը, Վիրապից ելնելուց հետո, առաջին անգամ հանդիպեց Տրդատ արքային: Սրբի մասունքով Սուրբ Աջը Հայ Եկեղեցու կարեւորագույն սրբություններից է, քանի որ ունի կնիքի դեր եւ օրինավոր ու ճշմարիտ հայրապետության երաշխավորություն: Կաթողիկոսների կոնդակները մակագրվում էին Սուրբ Աջի օրհնությամբ, մյուռոնն Աջով է սրբագործվում, նաեւ եպիսկոպոսների ձեռնադրության համար է գործածվում: Հավելենք, որ Սուրբ Աջը Կիլիկիայում պահպանել են անվանի հոգեւորականների՝ Աջապահյան տոհմի անդամները, որտեղից էլ առաջացել է նրանց ազգանունը: 2001-ին՝ փրկչական 21-րդ դարագլխի առաջին տարում, հայոց լուսավորության տասնյոթերորդ հարյուրամյակի ուրախ առիթով, Հռոմի Հովհաննես-Պողոս Պապը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին նվիրեց Սուրբ Գրիգորի մասունքները, որի մի մասն ամփոփվեց Երեւանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ մարմարե տապանատան մեջ:

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Հունիսի 20-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարաց գյուտի տոնի առիթով, Սուրբ Յոթվերք եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Մայր կեղեցում օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Թաթուլ ավագ քահանա Հակոբյանը, իսկ Ս. Գրիգոր Լուսավորչում՝ Տ. Փավստոս քհն. Սարգսյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները