Երջանկությունը եսասիրություն չէ,
ոչ էլ ինքնամփոփ-վածություն: Ընդհակառակը՝ երջանկության տիրանալ նշանակում է դուրս գալ ես-ից, գնալ դեպի ուրիշները:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 7 (319), հուլիս 2026 թ.  


 

       

«ԱՌԱՔԵԱ, ՏԷՐ, ԶԼՈՅՍ ՔՈ ԵՒ ԶՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆՍ ՔՈ…»
ԹԱԴԵՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԵՎ ՍԱՆԴՈՒԽՏ ԿՈՒՅՍԻ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ
ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Սուրբ ճգնաւորօքն աղաչեսցուք զՏէ՛ր, որք զչարսն պարտեցին, նեղութեանցն
համբերեցին, լուսեղէն եւ երկնային անթառամ պսակացն արժանի եղեն:
Աղօթիւք նոցա եւ բարեխօսութեամբ մեզ ողորմեսցի՛ Ամենակալ
Տէր Աստուած մեր, կեցո եւ ողորմեա»:
ՇԱՐԱԿՆՈՑ

րիստոնեության մեջ մեծ տեղ է գրավում սրբության գաղափարը, քանզի հենց Տերը պատգամում է. «Սուրբ եղեք, որովհետեւ Ես՝ ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ»: (Ղեւտ. ԺԹ. 44): Թե՛ Հին եւ թե՛ Նոր Կտակարանում հանդիպում ենք սրբությամբ ապրող բազմաթիվ կերպարների, որոնք, աստվածային ներշնչմամբ, մարդկանց ուղղորդում են դեպի սրբություն: Հաղթական Եկեղեցու վառ ներկայացուցիչներից մեկն էլ, Հայոց Եկեղեցու պարծանքն ու առաջին հայ նախամարտիրոսուհի, Սանդուխտ կույսն է, ով քրիստոնյա է դարձել Թադեոս Առաքյալի քարոզչության արդյունքում: Սուրբ Թադեոսը, Սուրբ Բարդուղիմեոս Առաքյալի հետ, համարվում է հայոց երկրի առաջին լուսավորիչը, ով տարածեց քրիստոնեության լույսը Հայաստանում:

Ըստ մեր ազգային ավանդության՝ Թադեոս Առաքյալը նախ գնում է Եդեսիա, ուր, ըստ Քրիստոսի խոստման, բժշկում եւ քրիստոնյա է դարձնում Աբգար թագավորին: Տարբեր երկրներում քարոզչությունից հետո, հայոց Սանատրուկ թագավորի օրոք, նա գալիս է Մեծ Հայք: Մինչ այդ՝ նա քրիստոնեություն է քարոզում նաեւ հարեւան Կապադովկիայում եւ այնտեղի համար եպիսկոպոս ձեռնադրում իր աշակերտ Թեոփիլոսին: Սուրբ Թադեոսը հասնում է Վասպուրական նահանգի Արտազ գավառը, ուր այդ ժամանակ գտնվում էր Սանատրուկ արքան: Առաքյալը պատեհ առիթ է ունենում պալատ մտնելու: Իր մուտքն ապարդյուն չի անցնում: Թադեոսի քարոզչությամբ հայոց Սանատրուկ արքայի դուստրը` 15-ամյա Սանդուխտը, ի թիվս այլոց, հորից թաքուն հավատում է Քրիստոսին եւ հետեւում Առաքյալին, որը, սակայն, բացահայտվում է հեթանոս հոր կողմից եւ դառնում հալածանքի պատճառ:

Սանատրուկը, որ սկզբում ամեն ջանք գործադրում է սիրեցյալ դստերը վերադարձնելու հեթանոսական կրոնին, տեսնելով իր անզորությունը, հրամայում է սպանել նրան: Դահիճը, ով պիտի գլխատեր Սանդուխտին, սրով խոցում է արքայադստեր սիրտը: Սրբազան ավանդության համաձայն՝ երեք օր Սանդուխտի մարմնի վրա երկնքից իջած լույս է տարածվում, մինչեւ որ Թադեոս Առաքյալը հողին է հանձնում, իսկ հետագայում ինքը եւս նահատակվում է: Թադեոսին գցում են առյուծների առաջ՝ հոշոտվելու, սակայն գազանները նրան չեն վնասում, որից հետո գցում են կրակի մեջ: Աստվածային հրաշքով այս անգամ էլ նրան ոչինչ չի պատահում: Ի վերջո, վճռվում է նրան սրով սպանել, ինչն ի կատար է ածվում: Մոտակա վեմը ճեղքվելով՝ Առաքյալի մարմինն իր մեջ է առնում եւ փակվում:

Սրբերի նահատակությունը տեղի է ունեցել Արտազ գավառի Շավարշան (հետագայում՝ Մակու) քաղաքի մոտ: 5-րդ դարում Հովհան Մանդակունի Կաթողիկոսի եւ Վահան Մամիկոնյան մարզպանի օրոք, Կիրակոս անունով ճգնավորը, որ բնակվում էր Շավարշանի մոտակա մի քարանձավում, տեսիլքով իմանում է նրանց տեղը եւ, մի քահանայի հետ փորելով, տեսիլքով մատնանշված տեղերից գտնում է սուրբ նշխարները: Սուրբ Սանդուխտը թաղված է եղել Նարեկ վանքում, որի բուն անունը հենց Սուրբ Սանդուխտ է, իսկ Սուրբ Թադեոս Առաքյալի գերեզմանն այժմյան Իրանի տարածքում գտնվող Սուրբ Թադեի վանքում է:

Ըստ Օրմանյանի վկայության՝ Սուրբ Սանդուխտի հիշատակը հին տոնացույցում առանձին է նշվել, հետո է միայն միացվել Թադեոս Առաքյալի հիշատակին: Հայ Եկեղեցին Սուրբ Թադեոս Առաքյալի հիշատակը տարվա մեջ ոգեկոչում է երկու անգամ. նախ՝ Սուրբ Բարդուղիմեոս Առաքյալի, ապա Սուրբ Սանդուխտ կույսի հետ` Տիրոջ Պայծառակերպության տոնին հաջորդող շաբաթ օրը: Շուրջ 3500 հոգի, տեսնելով այն բազմաթիվ հրաշքները, որ գործում էր Սուրբ Թադեոսն իր քարոզչության ընթացքում, քրիստոնյա է դառնում: Ահա հենց այս Սրբերի՝ Թադեոս Առաքյալի եւ Սանդուխտ կույսի անվան հետ է առնչվում հայոց լուսավորության պատմությունը, որոնք դարձան հայ քրիստոնյայի եւ Աստծո միջեւ միջնորդներն ու կենդանի կրողներն իրական քրիստոնեության, եւ որոնց կյանքը մինչ օրս լավագույն օրինակն է բարոյականության ու առ Աստված տածած անսասան հավատքի:

Ինչպես ասել է Սուրբ Հովհան Ոսկեբերանը՝ «Սրբերը Եկեղեցու գանձերն են՝ լի թանկագին մարգարիտներով: Նյութական հարստությունն անցնում է, հագուստը՝ մաշվում, տները՝ փլվում, իսկ հոգեւոր հարստությունն այն է, որ Սրբերը մշտապես փայլում են իրենց լույսի փառքով»: Այսպիսով՝ առաքյալների ու նրանց գործակից հետեւորդների քարոզչությամբ, մենք՝ հայերս, աշխարհում առաջինն ազգովի քրիստոնյա դարձանք՝ քրիստոնեությունն ընդունելով որպես պետական կրոն:

Հուլիսի 18-ին՝ Սուրբ Թադեոս Առաքյալի եւ Սանդուխտ Կույսի տոնի ուրախ առիթով, Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Սարգիս քհն. Սարդարյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնին համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները