Երջանկությունը եսասիրություն չէ,
ոչ էլ ինքնամփոփ-վածություն: Ընդհակառակը՝ երջանկության տիրանալ նշանակում է դուրս գալ ես-ից, գնալ դեպի ուրիշները:

  ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 7 (319), հուլիս 2026 թ.  


 

       

«ՏԷՐ, ՈՒՂՂԵԱ ԶԳՆԱՑՍ ՄԵՐ Ի ՃԱՆԱՊԱՐՀՍ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ…»
ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԸ ՉՈՐՍ ՍՐԲԱՎԱՅՐՈՒՄ

արդ արարածը, երկնային թագավորությանը հասնելու ճանապարհին, մի ուխտավոր է, եւ ուխտագնացությունը նրան պահում է մշտնջենական ու հավիտենական երդման դաշինքի՝ Ամենաբարձրյալին հասնելու զգացման մեջ: Անշուշտ, Եկեղեցին մեր հայրենիքն է, հայրենիքը՝ Եկեղեցին, որ մշտանորոգ ու սուրբ պետք է լինի ամեն հայի համար: Այս գաղափարին հավատարիմ՝ հուլիսի 18-ին, Զարիկ Իգիթյանի նախաձեռնությամբ, մի խումբ հավատացյալներ մեկնեցին Տավուշի թեմի սրբավայրեր՝ իրենց ուխտը նորոգելու:

ՀԱՂԱՐԾՆԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Վաղ առավոտյան ուխտավորներիս խումբը հանգրվանեց Հաղարծնի վանական համալիրում: Տեղ հասնելով՝ մենք ականատես եղանք, Հայաստանի հրաշագեղ բնության անբաժանելի մասնիկը կազմող, վանական համալիրի անմեկնելի վեհությանն ու գեղեցկությանը: Հազար տարուց ավելի պատմություն ունի այս վանքը: Ավանդությունը վկայում է, որ Գագիկ Ա Բագրատունի թագավորը, կառուցելով համալիրը, ասում է. «Հաղարծնի ձորը մի մատանի է, կառուցելով այս վանքը ես դրեցի նրա ակը»:

Հաղարծնի վանական համալիրը բաղկացած է մի քանի եկեղեցիներից: Ս. Գրիգորն ամենահինն է՝ կառուցված 10-11-րդ դարերում: Ժամատունը գտնվում է եկեղեցու արեւմտյան կողմում՝ կառուցված 13-րդ դարասկզբին, Իվանե Աթաբեկի որդի Սարգիս Զաքարյանի կողմից: Ս. Աստվածածին եկեղեցին գլխավորն է եւ ամենամեծը: Այն կառուցվել է 1071 թվականին: Ս. Ստեփանոս եկեղեցին կանգնած է առանձին՝ Ս. Գրիգոր եկեղեցուց դեպի արեւելք:

Վանքը հիմնանորոգվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Գերազանցություն շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ ալ Քասիմիի սրտաբուխ բարերարությամբ: Հաղարծին վանքն ավելի քան հազար տարի իր ներդրումն է ունեցել հայոց հոգեւոր, ազգային, մշակութային կյանքի առաջընթացին: Ուխտագնացների մեր խումբն այստեղ աղոթք առաքեց առ Աստված, ապա շրջեց համալիրի եկեղեցիներով, մատուռներով, դիտեց խաչքարերը, վանական համալիր առաջնորդող խաչքարերի ճեմուղին:

ԳՈՇԱՎԱՆՔ

Իջեւանի տարածաշրջանի Գոշ գյուղում է գտնվում Գոշավանքը, ուր այցելողի հոգուն երկնային թովիչ խաղաղություն է իջնում: Զորավոր է, որովհետեւ վանքի հիմքն ու շաղախը սերն է, խնդրակատար է, որովհետեւ աղոթքն առ Աստված լսելի է: Եթե արաբ շեյխը, ականջը մոտեցնելով Հաղարծնի պատին, ասել է. «Ես լսեցի Աստծո ձայնը», ապա Գոշավանքում զգալի է Տիրոջ ներկայությունը: Ուխտավորներից շատերը վառեցին իրենց հավատի մոմերը եւ ծնրադիր աղոթեցին՝ Բարձրյալից հայցելով խաղաղություն Հայաստան աշխարհին:

ՄԱԿԱՐԱՎԱՆՔ

Երրորդ հանգրվանը Մակարավանքն էր՝ կառուցված 10-13-րդ դարերում: Միանշանակ Հայաստանը մի մեծ թանգարան է՝ բաց երկնքի տակ: Այդ թանգարանի մի հատվածն էլ ամփոփված է Արեւելյան Հայաստանի Աղստեւ գետի հովտի գեղատեսիլ, բնական պաշարներով հարուստ տարածքում: Մակարավանքի հուշարձանախմբի մեջ են մտնում հին եկեղեցին, գլխավոր եկեղեցին, գավիթը, մատուռը, տապանատունը, նշխարատունը եւ այլ օժանդակ շինություններ:

Գլխավոր կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին 10-րդ դարի կառույց է եւ պատկանում է գմբեթավոր սրահատիպ ճարտարապետական կառուցվածքին: Գլխավոր խորանի կիսակլոր պատի մեջ քանդակված է տասներեք գոգավոր խորշ՝ իրարից բաժանված կամարակապ որմնասյուներով: Եկեղեցին կառուցել է Բազազ իշխանի որդի Վարդանը, խաչքարը կանգնեցվել է եկեղեցու կառուցումն ավարտելուց հետո՝ ի հիշատակ կառուցողի եւ աջակցողների: Օծվել է Ընդհանրական Եկեղեցու Սուրբ Մակար Եգիպտացու (Մակար Մեծ, 301-391) անունով: Եկեղեցու հյուսիսային պատին առկա է արձանագրություն: Այն պատմում է Վաչե Ամբերդցու մասին: Նշենք, որ Մակարավանքն անվանվել է նաեւ Ագռավավանք: Ուխտավորների մեր խումբն այստեղ աղոթք առաքեց առ Աստված եւ վառեց իր հավատի մոմերը:

ՎԱՆԱՁՈՐԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Վերջին հանգրվանը Վանաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցին էր: Այն վերակառուցվել է 1831 թվականին: Այստեղ ուխտավորները ներկա գտնվեցին երեկոյան ժամերգությանը, որից հետո, զորացած հոգիներով, բռնեցին տունդարձի ճամփան:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները