| «ՄՏՑԷ
ԱՂՕԹՔ ԻՄ ԱՌԱՋԻ ՔՈ, ՏԷՐ,
ԽՈՆԱՐՀԵՍՑԻ ՈՒՆԿՆ ՔՈ Ի ԽՆԴՐՈՒԱԾՍ ԻՄ»
ՎԵՐԱՕԾՎԵՑ ԿԱՌՆՈՒՏԻ ՍՈՒՐԲ ՀՈՎԱԿԻՄ ԵՎ ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑԻՆ
արեր
շարունակ Հայոց Եկեղեցին դարձավ իր ժողովրդի հոգեւոր ու աշխարհիկ
իշխանությունը, կարելին եւ հաճախ նաեւ անկարելին գործադրելով՝ պահեց
ու պահպանեց հայի անկրկնելի տեսակը՝ ուրույն ու ինքնատիպ քրիստոնեական
մշակույթով եւ կենցաղավարության ավանդույթներով: Եկեղեցին փրկության
տապան է, որն այս կյանքի խռովահույզ ծովում մեզ առաջնորդում է դեպի
խաղաղության հանգրվան, դեպի փրկության բաղձալի նավահանգիստ, որն
Աստված է պարգեւում: Ինչպես Ընդհանրական Եկեղեցու հայրերից Սուրբ
Կիպրիանոսն է ասում՝ «չիք փրկութիւն յարտաքոյ Եկեղեցւոյ»: Այս հավատքով
ու համոզմունքով է ամեն անգամ իր օծյալ աջը բարձրացնում Շիրակի թեմի
Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը՝ վերաօծելու կամ օծելու
յուրաքանչյուր աղոթատուն:
Ի
դեպ՝ 47-րդ եկեղեցին է օծվում ձեռամբ թեմակալ Առաջնորդի: Բնականաբար
այդ եկեղեցիների կամարների ներքո հավատացյալ հայորդիներն աղոթք են
բարձրացնում առ Աստված եւ իրենց հավատարմության ուխտը կատարում առ
ազգային սրբությունները, շարունակում դարեր ձգվող անհատնում մեր
ընթացքը՝ որպես ազգ ու ժողովուրդ, պետություն ու Եկեղեցի:
Օգոստոսի 29-ը պատմական օր էր կառնուտցիների համար: Մարդաշատ էր
գյուղի եկեղեցու բակը: Տոնական տրամադրությամբ համակված՝ համագյուղացիներն
ու Գյումրիից եկած ուխտավորներն ի մի էին եկել՝ ներկա գտնվելու վերանորոգված
եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությանը, որ կատարվեց ձեռամբ
Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի եւ
օգնականությամբ Արթիկի թեմի Առաջնորդ Տ. Նարեկ եպս. Ավագյանի:
ԿԱՌՆՈՒՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Այս գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Թե ինչպիսի անվանում
է ունեցել հնում, հայտնի չէ: Սակայն մեզ հասած անվանումներով (Կառնուտ,
Գառնուտ, Դիրակ, Դիրակլար եւ այլն) գյուղը գոյություն ունի 4-5-րդ
դդ: Ենթադրվում է, որ ավերվել է մոնղոլական արշավանքներից եւ երկար
ժամանակ մնացել ամայի: Նախկին Դիրակլարը, որ նշանակում է սյուների
վրա հենված, Կառնուտ է վերանվանվել 1946 թվականին: 19-րդ դարի 30-ական
թվականներին այստեղ բնակություն են հաստատել Դերջանի, Կարսի շրջանների
գաղթականները:
Պահպանված կիսավեր միանավ եկեղեցին գտնվում է բարձր բլրի վրա: Այն
հնագույն շրջանի հեթանոսական մեհյան է եղել, իսկ 4-5-րդ դարերում
վերածվել քրիստոնեական աղոթատան եւ վերանորոգվել 10-րդ դարում: Եկեղեցու
դիմաց գտնվում են երկու մեծ գերեզմանատներ, որոնցում կան 10-14-րդ
դարերի քարարկղյա տապանաքարեր: Մինչ այսօր այստեղ կատարվում են հուղարկավորություններ:
Գյուղի
արեւմտյան կողմում՝ լեռնաշարքի բարձրունքներից մեկի վրա, գտնվում
է մի փոքրիկ մատուռ, ուր կառնուտցիները վառում են իրենց հավատքի
մոմերը եւ աղոթք առաքում առ Աստված: Մոտ 1,5 կմ հյուսիս, սարի կատարին
պահպանվել են հին, հավանաբար Ք.Ա. 8-7-րդ դդ. ջրամբարի մնացորդներ՝
խողովակների հետքերով եւ բազիլիկ եկեղեցու բեկորներ:
Ի ԴԵՊ
2014 թվականի ապրիլի 27-ին՝ Կրկնազատկին, որ կոչվում է նաեւ Նոր
կիրակի, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը խոնարհված
եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց: 2024 թ. հոկտեմբերի
12-ին Առաջնորդ Սրբազանի ձեռամբ օծվեց վերանորոգ եկեղեցու խաչը:
2026 թվականի օգոստոսի 29-ին, դարձյալ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել
արքեպս. Աջապահյանի ձեռամբ, վերաօծվեց եկեղեցին եւ վերանվանվեց Ս.
Հովակիմ եւ Աննա:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
Աղոթատունն ուշագրավ է իր կառուցվածքային ձեւերով եւ ճարտարապետական
լուծումներով: Վերանորոգվել է տեղաբնակ Հենրիկ Մխիթարյանի նախաձեռնությամբ
եւ ֆինանսական աջակցությամբ: Եկեղեցու ստորին շարքերի քարերի վրա,
առանց խախտելու վերջիններիս դասավորությունը, կառուցվել են փայտյա
պատերը, տանիքը: Միանավ բազիլիկ տիպի երկարավուն քառանկյունաձեւ
շինություն է: Սուրբ Սեղանը կառուցվել է ժայռաբեկորի վրա:
Եկեղեցին ունի մեկ ապակեպատ դուռ՝ արեւմտյան կողմում: Արեւելյան
կողմում կիսակլոր ապսիդն է՝ ապակեպատ, նաեւ պատը՝ բարձր բեմով: Երկայնական
պատերի ներսից առկա են ուղղանկյուն հիմքով երկուական որմնասյուներ,
որոնք իրար են կապվել թաղակիր կամարներով: Հյուսիսային կողմում է
գտնվում մկրտության ավազանը:
ԴՌՆԲԱՑԵՔ ԵՎ ՕԾՈՒՄ
Առավոտյան
մարդաշատ էր եկեղեցու բակը: Հավուր պատշաճի զգեստավորված հոգեւորականաց
դասը, հանդիսապետությամբ Առաջնորդ Սրբազանի եւ ուղեկցությամբ Արթիկի
թեմի Առաջնորդ Տ. Նարեկ եպս. Ավագյանի, Ախուրյանի հոգեւոր հովիվ
Տ. Կորյուն քհն. Մաթեւոսյանի, Ազատանի հոգեւոր հովիվ Տ. Մակար քհն.
Գալամդարյանի, եկեղեցի մուտք գործեց «Հրաշափառ»-ի երգեցողությամբ:
Հենց մուտքի մոտ՝ դրսի կողմից, համաձայն «Մաշտոց» ծիսարանի, ընթերցվեցին
Սուրբգրային հատվածներ եւ համապատասխան սաղմոսներ: Դռան մոտ Սրբազան
Հայրերը, հոգեւորականաց դասը, ինչպես նաեւ ներկա մեծաթիվ բարեպաշտ
կառնուտցիներ, ուխտավորներ, ծնրադիր Տիրոջից հայցեցին «Բաց մեզ Տէր
զդուռն ողորմութեան...» եւ, «Բաց մեզ Տէր» շարականի երգեցողությունից
հետո, Տիրոջ ողորմությամբ բացված դռնից ներս մտան բոլոր ներկաները:
Սկսվեց եկեղեցու լվացումը՝ համաձայն նախնյաց սրբազան արարողակարգի:
Ըստ այդմ՝ լվացվեց ողջ աղոթատունը նախ սովորական ջրով, ապա գինով:
Դրանից հետո հանդիսավորաբար կատարվեց օծումը: Սուրբգրային ընթերցումներով
եւ շարականների երգեցողությամբ, ձեռամբ Առաջնորդ Սրբազանների, Սրբալույս
Մյուռոնով համապատասխանաբար օծվեցին եկեղեցու երկու անկյունները,
սյուները, սեղանը, Ս. Խաչը, մկրտության ավազանը:
«Պահպանիչ» աղոթքից հետո ծիսակատար Միքայել Սրբազանը, լուսաճառագ
Սուրբ Սեղանից, ներկաներին ուղղեց իր հայրական պատգամ-հորդորը եւ
գնահատանքի ու շնորհավորանքի ջերմ խոսքը՝ նշելով, որ տարիների եւս
մեկ երազանք իրականացավ Աստծո օրհնությամբ ու Աստծո միջոցով:
Վերջում՝ հենց նորաօծ եկեղեցու բակում, Հենրիկ Մխիթարյանի ընտանիքի
կողմից կատարվեց մատաղօրհնություն եւ տրվեց հյուրասիրություն:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ
>>>
|
|