| ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ
ԳԵՂԱՐՔՈՒՆՅԱՑ ԹԵՄ
 գոստոսի
27-ին, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ
եւ առաջնորդությամբ, թեմի երիտասարդաց միությունը կազմակերպել էր
ուխտագնացություն դեպի Գեղարքունյաց թեմ՝ համախմբելով ավելի քան
110 երիտասարդների:
Օրվա առաջին հանգրվանը Հայրավանքն էր: Այստեղ երիտասարդները մասնակցեցին
միասնական ժամերգության՝ գլխավորությամբ Տ. Մակար քհն. Գալամդարյանի,
Արտաշես եւ Վահան սարկավագների: Սեւանա լճի ափին գտնվող Հայրավանքը
դարերի պատմություն ունեցող հոգեւոր կենտրոն է, եւ սրբավայրի խաղաղ
միջավայրը յուրահատուկ խորհուրդ հաղորդեց ներկաների աղոթքին:
Հայրավանքից
հետո ուխտավորները շարունակեցին ճանապարհը դեպի Վանեվանք, ուր եւս
մեկ անգամ համախմբվեցին միասնական աղոթքի:
Ուխտագնացության կարեւորագույն բաղադրիչներից էր նաեւ երիտասարդների
անմիջական շփումը թեմակալ Առաջնորդի հետ: Երիտասարդները հնարավորություն
ունեցան Սրբազան Հորն ուղղել իրենց հուզող հարցերը, բարձրաձայնել
մտքերն ու մտահոգությունները եւ ստանալ հայրական խորհուրդներ:
Վանեվանքի բակում կազմակերպվեց նաեւ սիրո ճաշ, որը դարձավ օրվա ջերմ
ու խորհրդանշական դրվագներից մեկը: Քրիստոնեական համայնքի կյանքում
միասին ճաշելը ոչ միայն ընկերական շփման, այլեւ միմյանց հանդեպ սիրո,
հոգատարության ու միասնության արտահայտություն է:
Օրվա հոգեւոր ընթացքին զուգահեռ՝ կարեւոր տեղ էր հատկացված նաեւ
ազգային արժեքներին: Ուխտագնացության անբաժան մասն էին կազմում ազգային
երգն ու պարը:
Երիտասարդական ուրախությունն ու ընկերական շփումը շարունակվեցին
նաեւ Սեւանա լճի ափին, ուր մասնակիցները հնարավորություն ունեցան
հանգստանալ, զրուցել եւ միասին անցկացնել օրվա վերջին հատվածը: Հոգեւոր
ապրումներին, աղոթքին ու զրույցներին ավելացավ նաեւ հետաքրքիր ժամանցը՝
ստեղծելով ամբողջական եւ հիշարժան օր:
Սրբազան
Հոր կողմից երիտասարդներն ունեին նաեւ հյուրասիրություն, որը ճաշակեցին
Սեւանա լճի հարակից տարածքում:
Երիտասարդաց միության համար նման նախաձեռնությունները նաեւ երիտասարդների
հետ շարունակական աշխատանքի կարեւոր ուղղություններից են: Դրանք
նպաստում են Եկեղեցու եւ երիտասարդների միջեւ կապի ամրապնդմանը,
վերջիններիս հոգեւոր կյանքի զորացմանը, ազգային ու քրիստոնեական
արժեքների առավել խոր ընկալմանը եւ միմյանց հանդեպ պատասխանատվության
ու հոգատարության ձեւավորմանը:
ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԹԱԳՈՒՀԻ ՍՈՒՔԻԿՅԱՆԻ
>>>
|
|