| ԽԱՉՎԵՐԱՑԻ
ՏՈՆԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
«Որ զանարատ բազուկս Քո ի խաչին
տարածեցեր, Քրիստոս Աստուած,
եւ նշան յաղթութեան տւեր մեզ, սովաւ զկեանս մեր պահպանեա...»:
ՇԱՐԱԿՆՈՑ
երունահաստատ
Սուրբ Էջմիածինը՝ լուսավորչակերտ Մայր Տաճարով, հավաստիքն է Աստծո
հետ մեր հավիտենական ուխտի, դարավոր վկան առ Աստված ու հայրենին
նվիրումով ապրելու մեր համընդհանուր վճռականության, պայծառ փարոսը
ազգային, եկեղեցական մեր անդաստանի: Արդար ու ճշմարիտ է՝ Սուրբ Էջմիածինը,
հոգեփրկչական ու ազգապահպան իր ծառայությամբ, դարձել է հիմնասյունը
եւ անառիկ միջնաբերդը հայոց ինքնության ու լինելիության խորհրդանիշն
ազգի միասնականության եւ, Արարատ սուրբ լեռան պես, մեր հարատեւության:
Սուրբ Էջմիածինն Աստծո մշտնջենական ներկայությունն է հայերիս կյանքում՝
աներեր ու անհաղթելի:
Պատմության
հոլովույթներում Հայոց Եկեղեցին, Սուրբ Էջմիածին հոգեւոր կենտրոնով,
բազմիցս ենթարկվել է հարձակումների ու հալածանքների, սակայն, հավատի
անպարտելիությամբ, հաղթահարել է դժվարություններն ու մարտահրավերները:
Սուրբ Էջմիածինը, ինչպես բնորոշել են մեր հայրապետները, առաքելություն
է, որ առաջնորդում է մահվանից դեպի կյանք եւ ամեն հայի հոգում պատկերագրում
Աստծո Էջքը: Այն ուղղակի քարեղեն կառույց չէ, այլ, առաջին հերթին,
հոգեւորականների ու հավատցյալ ժողովրդի մի ամբողջություն՝ որպես
միմյանց լրացնող մասնիկներ:
Սուրբ Էջմիածինն աշխարհասփյուռ հայության հոգեւոր մկրտության ավազանն
է: Միածնաէջ նվիրական այս սրբավայրում՝ Ս. Լուսավորչի Աջի հովանու
ներքո, զրուցակից ենք Աստծո եւ ինքներս մեզ հետ: Այսօր Հայաստանյայց
Եկեղեցին իր աղերսն է առաքում դեպ երկինք, որպեսզի Բարձրյալ Տերն
Իր իսկ հաստատած Մայր Աթոռը՝ հայոց հավատի անխորտակելի Վեմը, անպարտելի,
միշտ անհողդողդ ու անարատ պահի-պահպանի՝ ի փառս Իր Սուրբ անվան:
Թող Սուրբ Էջմիածնի լույսը մշտապես ուղեկից լինի հայ ազգին՝ հոգում
զորացնելով երկնառաք Հույսը, Հավատն ու Սերը:
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՄԻԱԾՆԱԷՋ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ
Սեպտեմբերի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորությամբ
նշեց հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը: Նվիրական օրվա առիթով՝
Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ
Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց ուխտի
Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Շիրակի թեմի բարեխնամ
Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
Սրբազան
արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, Սրբազան Հայրն իր քարոզում
անդրադառնալով օրվա խորհրդին, նշեց, որ Խաչվերացը տխրության, սգի,
տրտմության ու չարչարանքի գիտակցության օր չէ, այլ խաչի հաղթության
ու բարձրացման օր:
Խոսելով Խաչվերացի տոնի պատմական իրադարձությունների մասին՝ Միքայել
արքեպիսկոպոսն ընդգծեց, որ, ինչպես մեր եկեղեցական ցանկացած տոն,
Խաչվերացը եւս ասելիք ունի այսօրվա հավատավոր մարդուն: Այն մեզ համար
սոսկ պատմական իրադարձություն չէ, այլ այսօր տեղի ունեցող կենդանի
իրողություն, որ միտված է փոխակերպել մեզ, որպեսզի մենք նմանվենք
մեր Երկնավոր Հորը:
«Խաչվերացը պատգամ ունի՝ փարվել խաչին ու Խաչյալի խորհրդին եւ դրանով
վաստակել հարություն ոչ միայն անհատական, այլեւ հավաքական ու հայրենական
կյանքում: Խաչը պետք է հաղթական լինի մեր երկրի բոլոր անկյուններում,
եւ երբեք թույլ չպիտի տանք, որ խաչի նշանն անարգվի»,- հավելեց պատարագիչ
Սրբազան Հայրը:
Քարոզի վերջում, վերստին դիմելով ներկաներին, Սրբազան Հայրը պատգամեց
Քրիստոսի Կենարար Խաչն ունենալ սրտերում, մտքերում եւ հոգիներում՝
իբրեւ կենարար մի աղբյուր, որ կյանք է տվել դարեր շարունակ, կյանք
է տալիս այսօր եւ տալու է վաղը, որովհետեւ Խաչյալին մահ չկա, եւ
խաչին փարվածին սպասվում է հարություն ու հաղթանակ:
Սրբազան
արարողակարգին ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, մեծաթիվ հավատացյալներ,
ովքեր ուխտավորաբար Մայր Աթոռ էին ժամանալ Հայաստան աշխարհի տարբեր
վայրերից: Ուխտավորների թվում էին նաեւ Շիրակի մարզից եկած մեծաթիվ
բարեպաշտ քրիստոնյաներ՝ ներկա գտնվելու, սիրելի Առաջնորդ Սրբազանի
ձեռամբ մատուցվող, Սուրբ Պատարագին, ունկնդրելու նրա ոգեշունչ քարոզ-պատգամը
եւ առ Բարձրյալը հղելու իրենց աղոթք-խնդրանքը:
Հավելենք նաեւ, որ Գյումրու Սուրբ Յոթվերքի մի խումբ ուխտավորներ
իրենց խորին շնորհակալությունն են հայտնում մայր եկեղեցու խաչքավոր
Սեդրակ Հարությունյանին՝ իրենց աջակցելու համար:
Նույն օրն Առաջնորդ Սրբազանը Գյումրու Սոիրբ . Աստվածածին մայր եկեղեցում,
հավարտ կիրակնօրյա ժամերգության, հանդիսապետեց Խաչվերացի թափորը:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
>>>
|
|