| «ՍԱ
Է ՍԵՂԱՆ ՍՐԲՈՒԹԵԱՆ ԵՒ Ի ՍՄԱ Է
ՊԱՏԱՐԱԳԵԱԼ ՔՐԻՍՏՈՍ՝ ԳԱՌՆ ԱՍՏՈՒԾՈՅ»
ԽԱՉՎԵՐԱՑԻ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ
«Ջահաւորեալ նշան խաչին, Յարեւելից
փայլեալ ծագին, Հաւատացեալքն
ի քեզ բերկրին, Եւ ուրացողքն կոծեսցին, Զերկրպագուս սրբոյ խաչին
Պայծառացո լուսով նորին»:
ՇԱՐԱԿՆՈՑ
 ուրբ
Խաչին նվիրված տոները ոչ միայն հիշատակություններ են պատմական դեպքերի,
այլեւ քրիստոնեական կյանքի բարոյական թելադրանքներ: Քրիստոնյայի
համար խաչը՝ հեղված Քրիստոսի անարատ արյամբ, նույնացել է Տիրոջ հետ
եւ ճանապարհն է փրկության: Ընթանալ խաչի փրկության ճանապարհով՝ նշանակում
է առաջնորդվել Ավետարանի խոսքով, հանձնառու լինել զոհողությունների՝
հանուն քրիստոնեական սկզբունքների, պատվիրանների ու պահանջների,
որոնք ի զորու են մաքրել մարդու հոգին, հոգեւոր ծնունդ տալ նրան
եւ վերափոխել հասարակական կյանքը, ինչը բխում է Աստծո՝ մարդու հանդեպ
սիրուց եւ թելադրում մարդկանց միմյանց հանդեպ սեր: Մարդը պարտավոր
է սիրահոժար կրել իր ուսերին դրված մեծ ու փոքր խաչերը, այն բոլոր
պարտականություններն ու հոգսերը, որոնք հանդիպում են կյանքի ընթացքում:
Մերժել դրանք նշանակում է դասալքվել խաչակրությունից՝ հավատքի «բարի
պատերազմից» (Ա Տիմ. Ա 18):
Ինչպես Հեղինեն գտավ Քրիստոսի խաչը, այնպես էլ ամեն քրիստոնյա պարտավոր
է գտնել իր խաչը, արիությամբ ու հաղթականորեն վեր բարձրացնել, պայծառ
ու լուսավոր պահել այն՝ խաչ ունենալու համար միշտ մնալով հպարտ ու
խանդավառ: Այս գիտակցությամբ, պատմության ողջ ընթացքն ուղենշած,
հայ ժողովուրդը գտել ու կրել է իր խաչը, հպարտորեն վեր բարձրացրել
ու պայծառ պահել՝ բազում անգամներ պատերազմելով, նահատակվելով, ամուր
պահելով իր դավանանքը Քրիստոսին եւ խաչակից Նրան՝ հարությամբ:
Եկեղեցու
Հայրերը Խաչվերացի տոնը հաստատել են՝ ի նշան փրկչական խաչի գերեդարձի:
Եռամեծ վարդապետ Գրիգոր Տաթեւացին, խոսելով խաչի խորհրդի մասին,
գրում է. «Խաչով սատանային պարտավորեցրեց՝ ասելով. «Դու ես մարդկանց
մեղքերի եւ մահվան պատճառը, ինչպես եւ Ինձ՝ անմեղիս, դու խաչելու
տվեցիր»: Այսպիսով թշնամացավ հակառակորդի հետ եւ Հոր առջեւ դատապարտեց
սատանային մեղքերի մեջ, իսկ մարդկանց ետ դարձրեց արդարություն ու
կյանք»:
ԽԱՉՎԵՐԱՑԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
Սեպտեմբերի 13-ին վերստին համահունչ ղողանջեցին հայոց աղոթարանների
զանգերը՝ ի լուր ամենքի ավետելով հիգ տաղավար տոներից վերջինի՝ Խաչվերացի
ուրախ առիթով մատուցվելիք Սուրբ եւ անմահ Պատարագի սկիզբը՝ Գյումրու
Ս. Աստվածածին, Ս. Նշան, Ս. Ամենափրկիչ, Ս. Հակոբ, Ս. Մինաս, Ս.
Գրիգոր Լուսավորիչ, Ս. Հռիփսիմե, Ս. Սարգիս եկեղեցիներում:
Արդեն քսանվեց տարի է, ինչ, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս.
Աջապահյանի բարձր տնօրինությամբ, Խաչվերացի տոնը հայտարարված է Ս.
Նշան եկեղեցու ուխտի օր: Այստեղ, տոնի ուրախ առիթով եւ մեծաթիվ հավատացյալների
ներկայությամբ, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն
ու քարոզխոսն էր Տ. Նշան քհն. Պանֆյորովը: Սրբազան արարողության
ընթացքում Ս. Նշան եկեղեցում գտնվող հավատացյալներն ստացան Սուրբ
Հաղորդություն:
«ՆՇԱՆԵՑԱՒ ԱՌ ՄԵԶ ԼՈՅՍ ԵՐԵՍԱՑ ՔՈՑ
ԵՒ ԵՏՈՒՐ ՈՒՐԱԽՈՒԹԻՒՆ ՍՐՏԻՑ ՄԵՐՈՑ»
ԹԱՓՈՐ ԽԱՉՎԵՐԱՑԻ
Ըստ
Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցի՝ Խաչվերացի երեկոյան կատարվում
է խաչի թափոր եւ անդաստան: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցուց
հոգեւորականաց թափորը, շարականների երգեցողությամբ, դուրս բերեց
ռեհանով ու ծաղիկներով զարդարված հաղթական Ս. Խաչը եւ, հանդիսապետությամբ
Սրբազան Հոր, ուղեւորվեց Վարդանանց հրապարակ, ուր եւ կատարվեց անդաստան:
Թափորապետ Սրբազան Հայրը, բարձրացնելով Սուրբ Խաչը, օրհնեց երկրի
չորս ծագերը եւ, յուրաքանչյուր կողմում կանգ առնելով, օրհնված վարդաջուր
ցողեց թափորական ժողովրդի վրա: Անդաստանից հետո, դարձյալ թափորով
մտնելով եկեղեցի, երգեցին «Խաչի քո Քրիստոս» շարականը: Հավարտ երեկոյան
ժամերգության ռեհաններն ու ծաղիկները բաժանվեցին ներկա հավատացյալներին:
ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ
Սեպտեմբերի 14-ին Ս. Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցվեց
մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ
քհն. Գրիգորյանը:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԹԱԳՈՒՀԻ ՍՈՒՔԻԿՅԱՆԻ
>>>
|
|