Վերջ ի վերջո չպետք է մոռանանք, որ սերը խաչ է: Եվ եթե քո խաչը չես տանում, եթե ընդունակ չես քեզ մոռանալ հանուն ուրիշների եւ նրանց համար տառապել, այնժամ իրոք դու չգիտես, թե ինչ է սերը:

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 9 (321), սեպտեմբեր 2026 թ.  


 

       

«ՍՈՒՐԲ ՄԱՅՐ, ԲԱՐԵԽԱՒՍԵԱ ՎԱՍՆ ՄԵՐ՝ ՄԵՂԱՒՈՐԱՑՍ…»
ԳՅՈՒՏ ԳՈՏՎՈ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ

որհրդանիշները, սկսած վաղնջական ժամանակներից, մշտապես ուղեկցել են մարդուն՝ դառնալով նրա կենսակերպի բաղկացուցիչ մասը: Համամարդկային խորհրդանիշների բազմատար ու բազմաշերտ շտեմարանում, իր խորհրդանշական իմաստներով, հարուստ ու ինքնատիպ է նաեւ գոտին: Այն, որպես չարխափան հուռութք եւ պահպանիչ թալիսման, օգտագործվել է շատ ժողովուրդների, ինչպես նաեւ հայերի մոտ: Ենթադրվում է՝ եռահանգույց գոտի է կրել նաեւ Տիրամայրը, որպես անարատ հղության, խոնարհության, ողջախոհության նշան եւ որպես վանականության հավատքի ամրապնդման խորհրդանիշ:

ՏԻՐԱՄՈՐ ԳՈՏՈՒ ԳՅՈՒՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Հինգերորդ դարասկզբին՝ բյուզանդական Արկադեոս կայսեր օրոք (395-408 թթ.), Երուսաղեմում գտնվեց Ս. Աստվածածնի գոտին եւ հատուկ ուշադրությամբ, հանդիսավորությամբ ու հարգանքով, տարվեց Կ. Պոլիս, դրվեց փոքրիկ արկղի մեջ եւ, կնքվելով արքունի մատանիով, պահվեց Սուրբ Աստվածածնի անունը կրող նորաշեն եկեղեցում, իսկ հավատացյալները մեծ երկյուղածությամբ ընդառաջ գնացին եւ ակնածանքով խոնարհվեցին նրա առջեւ: Այդ ուրախ առիթով հույները Ս. Կույսին նվիրված մի նոր եկեղեցի եւս կառուցեցին եւ գոտին դրեցին այնտեղ՝ որպես հավատացյալների պաշտամունքի առարկա եւ հայտնության տոն նշանակեցին օգոստոսի 31-ը:

Հայ Եկեղեցին մինչեւ XVIII դարն այս տոնը չի նշել: Հետագայում՝ 1774 թվականին, երջանկահիշատակ Սիմեոն Երեւանցի Կաթողիկոսն իր հրատարակած Տոնացույցում ընդգրկեց «Գյուտ գոտվո տոնը», որն էլ Առաքելական Եկեղեցու տոնակարգի մաս կազմեց: Այն յոթն օրվա շարժականությամբ նշվում է օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը: Ս. Աստվածածնի «Գյուտ գոտվո» տոնը Հայ Եկեղեցու՝ Տիրամորը նվիրված յոթը տոներից մեկն է: Աստվածամայրը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում ունեցավ կարեւոր եւ նշանակալից տեղ ու դեր: Նա, որպես մայրության եւ առաջնորդության կատարյալ օրինակ, դարեր ի վեր իր այդ հատկանիշներով կերտել ու ձեւավորել է հայ օրիորդի, կնոջ եւ մոր նկարագիրն ու դիմագիծը՝ միաժամանակ հրաշագործություններով շարունակելով այսօր եւս իր կենդանի ներկայությունն ու ներգործությունն ունենալ մեր կյանքում:

Այս տոնից բացի կան նաեւ ավանդություններ, որոնք պատմում են Աստվածածնի մազերի մասունքների մասին: Ըստ սրբազան ավանդության՝ Հովհաննես Ավետարանիչը կամ Մարիամ Մագդաղենացին ննջման օրը կտրում է Սուրբ Կույսի մազերից եւ պահում հավատացյալների մխիթարության համար: Մենք տոնախմբում ենք Սուրբ Կույսի տփի եւ գոտու գտնվելու հիշատակը, որպեսզի, վերհիշելով այս պատմությունները, մեկ անգամ եւս անդրադառնանք Սուրբ Աստվածածնին եւ նրա միջոցով փառավորենք Քրիստոսին, քանզի նա է համարվում գլխավոր բարեխոսը ողջ մարդկության: Սուրբ Կույսն Ավետման օրվանից դարձավ Աստվածակիր եւ Աստվածամայր, որով վեր բարձրացրեց կնոջ կերպարն իր մեղայական վիճակից՝ դառնալով յուրաքանչյուր քրիստոնյա զավակի համար սիրելի Մոր կերպար:

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Օգոստոսի 30-ին՝ Աստվածածնի գոտու գյուտի տոնի ուրախ առիթով, Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր, ուխտավորաբար Գյումրիում գտնվող, Լոնդոնի Ս. Եղիշե եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Նշան քհն. Ալավերդյանը:

Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող հոգեհույզ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը՝ հանգամանալից անդրադառնալով նաեւ տոնի դերին ու նշանակությանը յուրաքանչյուր քրիստոնյա մարդու եւ հատկապես կնոջ կյանքում:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԹԱԳՈՒՀԻ ՍՈՒՔԻԿՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները