Վերջ ի վերջո չպետք է մոռանանք, որ սերը խաչ է: Եվ եթե քո խաչը չես տանում, եթե ընդունակ չես քեզ մոռանալ հանուն ուրիշների եւ նրանց համար տառապել, այնժամ իրոք դու չգիտես, թե ինչ է սերը:

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 9 (321), սեպտեմբեր 2026 թ.  


 

       

ԴԵՊԻ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՊԱՆԹԵՈՆ

եց տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, կրկին Վարագա Սուրբ Խաչի տոնին, սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը՝ ողբերգական ընթացքով, հազարավոր հայորդիների նահատակությամբ եւ հայրենի Արցախի մեծ մասի կորստով (ավելի ուշ աբողջական Արցախի կորստով):

Օրվա առիթով Ազատանի Սուրբ Հարություն (Սուրբ Ստեփանոս) եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ, որի ժամանակ արժանապատիվ Տեր Մակար քահանա Գալամդարյանն անդրադարձավ ոչ միայն Վարագա Սուրբ Խաչի տոնի խորհրդին եւ հայկականությանը, այլ նաեւ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի հիշատակին:

«Սեպտեմբեր ամիսը որքան Խաչի հաղթության մասին է, նույնքան հայկականության դեմ ուղղված ամենացավալի ամիսն է մեզ համար: Ինչպես վեց տարի առաջ, նաեւ 106 տարի առաջ, հայկականության դեմ ուղղված թշնամական հարձակումները եղան այս շրջանում: Թշնամին էլ իմանալով մեր հավատքի մեծագույն զենքի՝ խաչի հաղթանակի խորհուրդը, ուզում է մեզ պարտության մատնել մեր ինքնության եւ հավատքի մեջ եւ դրա համար է, որ խաչին նվիրված ամենահայկական տոնին՝ Վարագա Սուրբ Խաչին, սկսեց իր հարձակումը:

Նահատակությունն անհատական ցավ լինելով հանդերձ՝ հաղթանակ է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս երբ գնում էր խաչելության, Իր առաքյալներին պատգամ տվեց՝ ասելով. «Այս աշխարհում տառապանք կունենաք, ցավ կունենաք, բայց քաջալերվեցեք, Ես հաղթեցի աշխարհին»:

Անանձնական նահատակությունը հավատքի, հայրենիքի, ընդհանուրի համար՝ հաղթանակի կարեւոր ձեւ է: Երբ քկյանքդ առավել չես արժեւորում, քան քո հավատն է, քո հայրենիքը, դու հաղթում ես: Ժամանակավոր մտածող մարդու համար գուցե հասկանալի չէ, բայց հավիտենականության պրիզմայով մտածող քրիստոնյայի համար դա հաղթանակ է: Սակայն այլ բան է, երբ մեր նահատակներն ամենաթանկը՝ իրենց կյանքը տվեցին, իսկ մենք չկարողացանք պահել այն, ինչն իրենք պահեցին կյանքի գնով: Այն հայրենիքը, որ իրենք արյունով պահեցին, մենք չպահեցինք: Ցավոք սրտի մենք մեր կյանքն ավելի արժեվորեցինք, քան մեր հայրենիքը:

Նահատակության ցավի ողբերգությունը մեզ համար այն է, որ չկա հայրենիքի մի հատվածը, ուր մեր եղբայրը, ընկերը, հարազատն իր արյունն է հեղել:

Մենք բոլորս պարտական ենք այն տղաներին, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն հայրենիքի: Նրանք գնացին այն գիտակցումով, որ իրենց կյանքն առ ոչինչ է հանդեպ հայրենիքի: Եվ նրանք հաղթանակած են, իսկ մենք՝ պարտված ու ամոթահար»,- իր քարոզում ասաց պատարագիչ Տեր Հայրը:

Սուրբ Պատարագի ավարտին, ի հիշատակ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի, Ազատանի հոգեւոր հովիվ Տ. Մակար քհն. Գալամդարյանը, վարչական ղեկավար Սեյրան Ոսկանյանը, դպրոցի տնօրեն Համլետ Ոսկանյանը, նահատակների ծնողներն ու համայնքի բնակիչները ծաղիկներ խոնարհեցին, Արցախյան պատերազմին հերոսաբար զոհված, մարտիկներին նվիրված խաչքարի մոտ եւ ուխտերթով քայլեցին դեպի Նահատակաց պանթեոն:

Շարականներով ու աղոթքներով ուխտերթի թափորը հասավ պանթեոն, ուր կատարվեց հոգեհանգստյան կարգ, եւ ծաղիկներ խոնարհվեցին մեր նահատակ հերոսների շիրիմներին:

Սեպտեմբերի 27-ը նահատակ հերոսներից Գագիկ Ենգոյանի ծննդյան եւ Էրիկ Ազատյանի նահատակության օրն էր:

Հավերժ խոնարհում մեր բոլոր նահատակներին: Խունկ եւ աղոթք նրանց անմահ հիշատակին:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները