| ՍՈՒՐԲ
ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԿԱՏԱՐՎԵՑ
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
րարող
ուժ է գիտելիքը, ստեղծագործ զորություն, բարիք, երբ ամուր կերպով
հաստատված է հավատքի վեմի եւ հոգեւոր արժեքների հիմքի վրա:
Գիտելիքն ու ուսումը միշտ էլ առաջնահերթություն են եղել մեր ժողովրդի
համար: Շնորհիվ հայ դպրոցի՝ մեր կյանքի մնայուն ընկերակիցն են եղել
գիրն ու գրականությունը, իմացության փափագն ու ձգտումը: Սուրբգրային
խոսքն ասում է. «Սիրտդ տուր խրատին եւ ականջներդ պատրաստ պահիր՝
իմաստության խոսքերը լսելու համար» (Առ. ԻԳ 12): Նվիրական ու վսեմ,
բայց միաժամանակ մեծ ու դժվարին պատասխանատվություն ունենք բոլորս,
բայց ի մասնավորի մանկավարժներն ու ուսուցիչները՝ վառ պահելու կրթության
առաջնահերթությունը եւ հագեցնելու մեր սերնդի ունեցած ծարավն ուսման
ու գիտության հանդեպ:
Արդարեւ,
կրթության մշակի ստանձնած պաշտոնը կոչում է, որ պահանջում է նվիրում,
ոգի եւ պատասխանատվություն: Այս ըմբռնումով ու զգացումով է մանկավարժի
գործն արժեւորվում եւ կենսավորվում: Աճող սերնդի նկարագրի հիմքերը
պետք է կառուցենք ժայռի վրա, որպեսզի, ինչպես մեր Տերն օրինակ բերեց,
կանգուն մնա հողմերի ու հորձանքների հանդիպման, եւ որպեսզի նրանք
կարող լինեն դիմակայել դժվարությունները:
Քրիստոնեական բարձր գիտակցությամբ օժտված՝ Գյումրու թիվ 15 կրթօջախի
տնօրինությունն ու ուսուցչական կազմն ամեն սեպտեմբերի, մինչ ուսումնական
տարին սկսելը, սաներին ուղեկցում են եկեղեցի՝ օրհնություն ստանալու
գիտելիքի, գրի եւ դպրության օրվա առիթով: Այս տարին նույնպես բացառություն
չէր: Սեպտեմբերի 2-ին դպրոցի 1-ին եւ 9-րդ դասարանների աշակերտները,
տոնականորեն հագնված, ծնողների եւ ուսուցիչների ուղեկցությամբ, ինչպես
նաեւ գլխավորությամբ Քնարիկ Ադամյանի, Ս. Ամենափրկիչ եկեղեցում էին,
ուր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը կատարեց օրհնության կարգ:
Այնուհետեւ Հայր Սուրբն իր շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքն
ուղղելով բոլոր ներկաներին՝ ի մասնավորի նշեց, որ աղոթքն ու օրհնությունն
են երեխաների հոգիներում ու սրտերում դրոշմում, որ Հայ Առաքելական
Ս. Եկեղեցին այն նոր Երուսաղեմն է, որի կամարների եւ թեւերի ներքո
համախմբվելով՝ կարող ենք տեսնել ու կերտել մեր ապագան: Ապա Հայր
Սուրբը դիմելով ուսուցիչներին՝ օրհնեց նրանց եւ բեղմնավոր աշխատանք
մաղթեց իրենց դժվարին, սակայն պատվաբեր գործում:
- Մեր հայցն ու մաղթանքն է առ Աստված, որ կրթության մշակներիցդ անպակաս
լինի ծառայության եռանդը, եւ Տերը պարգեւի ձեզ իմաստության առատ
շնորհներ՝ ուսումնական նոր տարում արդյունավորելու ձեր նվիրյալ ջանքերը
հանուն մեր նոր սերնդի որակյալ կրթության ու հայրենիքի: Մեր հորդոր-պատգամը
ձեզ հղում ենք Առաքյալի խոսքով. «Քո անձն օրինակ դարձրու բարի գործերի
համար, ուսուցման մեջ պահիր անեղծություն, սրբություն, պարկեշտություն»
(Տիտ. Բ 7),- ասաց Հայր Սուրբը:
Ծնողները խորին շնորհակալություն են հայտնում թիվ 15 դպրոցի տնօրեն
Սեդա Համբարձումյանին եւ ուսուցչական կազմին՝ իրենց աշակերտներին,
գիտելիքի օրվա առիթով, եկեղեցի տանելու եւ օրհնություն ստանալու
համար:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԷԼԵՈՆՈՐԱ ԱԴԱՄՅԱՆԻ
>>>
|
|