| ՎԱՐԱԳԱ
ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ
ԸՍՏ ԱՎԱՆԴՈՒԹՅԱՆ
րբ
Հռիփսիմյանց կույսերն անցնում են Վարագա լեռան մոտով, Ս. Հռիփսիմեն
այնտեղ է ի պահ տալիս Քրիստոսի խաչափայտի մասունքը, որ կրում էր
պարանոցին: Վաղարշապատ մեկնելուց առաջ Սրբուհին Ս. Մասունքը հանձնում
է աղոթակից ճգնավորներին եւ խնդրում ամփոփել «Գալիլիա» կոչվող լեռների
անձավներից մեկում: Երեք ու կես դար կյանքը շարունակվում է նույն
կերպ: Կույսերի բարի հիշատակն ապրում է նաեւ Վարագա լեռների՝ արդեն
անծանոթ անձավներում:
Յոթերորդ դարի երկրորդ կեսն էր՝ 653 թվականը: Հայ ժողովուրդն զգալի
տուժել էր պարսկա-բյուզանդական պատերազմներից: Արաբներն ամենուրեք
նոր ավերածություններ էին սփռում, եւ կրկին հորդում էր հայոց արյունը:
Համատարած այս տխուր վիճակում հույսի, հավատի, հոգեկան նոր ուժի
եւ զորության լույսն է երեւում հայոց աշխարհի, Վանի շրջանում գտնվող,
Վարագա լեռների վրա: Ճգնավոր Թոդիկը, որ հավանաբար Գլակա վանքի վանահայրն
էր, իր աշակերտ Հովելի հետ աղոթում էր, որպեսզի Տերը նրան ցույց
տա պահված մասունքի տեղը: Աղոթքների մեջ վերացած՝ նա մի ձայն է լսում,
որին հետեւում է սեռակնաձեւ (քառաթեւ, բոցանիշ, փայլակնահրաշ) հրաշալի
մի լուսավորություն, որ մութ գիշերին արեւում է լեռան կատարը, իսկ
տասներկու լուսեղեն սյուները տարածվում են նրա շուրջը: Հեռավոր վայրերից
եւս նկատվում է հրաշափառ լույսը: Տասներկու օր լույսի այս սյուները
շրջապատում են լեռան գագաթը:
Ի վերջո գտնվում է երկար փնտրված մասունքը: 1655 թ. այն տարվում
է Վան եւ զետեղվում Ս. Տիրամայր եկեղեցում, որը հետո վերանվանվում
է Ս. Նշան: Ներսես Գ Շինող Կաթողիկոսը հոկտեմբերի մեջ սահմանում
է Վարագա Խաչի տոնը եւ, տեսիլքով հոգեզմայլ, հորինում «Նշանաւ ամենայաղթ
խաչիւդ» հոյակապ շարականը՝ նվիրագործելով սրբազան երեւույթը: Հայոց
Հայրապետը ոչ միայն տնօրինում է խաչերեւույթի ամենամյա տոնախմբությունը,
այլեւ միաժամանակ թելադրում մեկշաբաթյա պահեցողություն: Հավելենք
նաեւ, որ արդեն մեկ դար լքված ու ավերված է Վարագավանքը. շրջապատը
ցեխի մեջ կորած: Թուրքերը վանքի բակում վերջին տարիներին մինարեթ
էին կառուցել: Տեսնողներն ասում են, թե Վարագավանքը մինչ այսօր չի
դադարում նվիրական սրբավայր մնալ հայերի համար:
Քրիստոսի հետ կապված բոլոր առարկաները սուրբ ու նվիրական են մեզ՝
քրիստոնյաներիս համար, ունեն սրբող, բժշկող ու պահպանող յուրահատուկ
զորություն: Առավել քան նվիրական է Տերունական Սուրբ Խաչը՝ իբրեւ
փրկութեան միջոց. «Խաչ քո եղիցի մեզ ապաւէն, Տէր Յիսուս, յորժամ
երեւիս փառօք Հօր ընդ ամպս լուսաւորս, յայնժամ մեք մի ամաչեսցուք
յուսացեալքս ի քեզ, այլ զօրութեամբ քով մեծաւ բերկրեսցուք ընդ աջմէ
քումմէ՝ որպէս զորդիս լուսոյ եւ զորդիս տւնջեան»:
ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ
Սեպտեմբերի 27-ին՝ Վարագա Սուրբ Խաչի տոնի ուրախ առիթով, Ս. Յոթվերք,
Ս. Նշան, Ս. Հակոբ, Ս. Մինաս, Ս. Ամենափրկիչ, Ս. Հռիփսիմե, Ս. Գրիգոր
Լուսավորիչ, Ս. Սարգիս եկեղեցիներում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:
Ս. Նշան եկեղեցում օրվա պատարագիչն էր Տ. Նշան քհն. Պանֆյորովը:
Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհրդին
համահունչ ոգեշինիչ քարոզ խոսեց Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ.
Միքայել արքեպս. Աջապահյանը:
Սուրբ Պատարագին ներկա էին մեծաթիվ ուխտավոր հավատացյալներ, բարեպաշտ
գյումրեցիներ:
Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ.
քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից
առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
>>>
|
|