| «ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ ԿՅԱՆՔՈՒՄ»
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԵՏ
«Ինչպես Աստված է անսահման,
այդպես էլ Աստվածաշնչով փոխանցվող
խոսքն է անսահման»:
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
ոկտեմբերի
16-ին՝ Շիրակի թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ, սոցիալ-կրթական
կենտրոնում տեղի ունեցավ սպասված հանդիպում թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ
Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հետ՝ «Աստվածաշունչը քրիստոնյայի
կյանքում» թեմայով, հընթացս որի անդրադարձ եղավ Սուրբ Գրքի կարեւորությանը,
հավատքի զորությանն ու առօրյա կյանքում քրիստոնեական պատգամներով
առաջնորդվելու անհրաժեշտությանը, ինչպես նաեւ դրանց առնչվող մի շարք
հոգեւոր արժեքների:
Բացի
երիտասադաց միության անդամներից, ներկա էին նաեւ թեմում սպասավորող
քահանա հայրեր, բարեշնորհ սարկավագներ:
Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը երիտասարդների հետ զրուցեց Սուրբ
Գրքի՝ քրիստոնյայի կյանքում ունեցած առանցքային նշանակության, Աստծո
խոսքի զորության եւ հավատքի ճանապարհին Աստվածաշնչով առաջնորդվելու
կարեւորության մասին:
Անդրադառնալով Աստվածաշունչ Մատյանին՝ որպես Աստծո շնչով գրված,
դարեր շարունակ ամենաշատ արտագրված, տպագրված եւ ընթերցված գրքի,
Սրբազան Հայրն ընդգծեց, որ 21-րդ դարի քրիստոնյան առանց Աստվածաշնչի
չի կարող լինել իրական քրիստոնյա:
Միքայել Սրբազանը կարեւորեց Աստվածաշնչի ոչ միայն պարզ ընթերցումը,
այլեւ նրա պատգամների ընկալումն ու կիրառումն առօրյա կյանքում՝ հի-շեցնելով,
որ Աստծո խոսքը ժամանակով չի սահմանափակվում եւ յուրաքանչյուր սերնդի
համար ունի իր կենդանի ու մշտապես արդիական պատգամը:
ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐ ԽՈՍՔԻՑ
Աստվածաշնչի
բուն նպատակն Աստծո խոսքի ընթերցումն է, եւ Աստծո կամքն իմանալը:
Աստվածաշնչի գրքերը նրա համար են, որ մնայուն կերպով ընթերցվեն:
Ով մնայուն կերպով ընթերցում է, նա գիտի, որ Աստվածաշունչն իր գաղտնիքները
մինչեւ վերջ երբեք չի բացահայտում ամբողջական: Ամեն անգամ ընթերցելիս
մի նոր բան ես գտնում, եթե, անշուշտ, ընթերցում ես հատուկ ըմբռնելու
նպատակով:
Աստվածաշունչն Աստծո խոսքը քաղելու համար է. պատմություն չենք կարդում,
թեեւ պատմություն է Աստվածաշունչը: Չկա Աստվածաշնչի մեջ մի տող,
որ մեզ չվերաբերվի: Ոչ մի ազգ աշխարհի երեսին Աստվածաշունչ չի ասում,
ասում են Սուրբ Գիրք: Միայն հայերն են այդ գրքին տվել Աստվածաշունչ
անունը, այսինքն՝ Աստծո շնչով գրված եւ այնտեղ է թաքնված Աստծո շունչը:
Սովորական գիրք չէ այն:
Լեփ-լեցուն գրականություն կա աշխարհում, բայց դեռ ոչ մի գիրք չի
հասել Աստվածաշնչի չափ ընթերցված լինելու մակարդակին: Ոչ մի գիրք
չի տպվել այնքան, որքան Աստվածաշունչը: Ոչ մի գիրք չի ընթերցվել
այնքան, որքան Աստվածաշունչը, ոչ մի գիրք այդքան ձեռքով չի արտագրվել,
երբ չկար տպագրություն, որքան Աստվածաշունչը:
21-րդ դարի քրիստոնյան առանց Աստվածաշնչի չի կարող լինել քրիստոնյա:
Մինչդեռ մենք՝ հայերս, փորձում ենք լինել եւ ձախողում ենք: Ուստի՝
իբրեւ քրիստոնյա, ձախողված ենք: Ոչ մեկի կյանքը բավարար չէ, որպեսզի
կարողանա Աստվածաշունչն սպառել: Ոչ ոք չի կարող որեւիցե տարիքում,
կամ որեւէ փորձառությունից սպառել Աստվածաշունչը: Ինչպես Աստված
է անսահման, այդպես էլ Աստվածաշնչով փոխանցվող խոսքն է անսահման:
Աստվածաշունչն ամեն ինչ հավասարակշռում է, ամեն ինչ չափի ու կշռի
մեջ պահում:
Երբ
սատանան տեսնում է, որ ինչ-որ մեկն Աստվածաշունչ է սկսում ընթերցել,
բնականաբար, սկսում է խանգարել՝ ծուլություն, քուն է բերում վրան,
հորանջում է, որպեսզի քնի եւ չշարունակի կարդալ: Զանազան մտքերով
է ծանրաբեռնում, որ ուշադրությունը շեղի: Շատ հաճախ Աստվածաշնչի
ընթերցումը մարդկանց համար դառնում է փորձություն, բայց այդ ամենը
պետք է մշտատեւ ջանքով հաղթահարել: Մարդկային կյանքը բավական է՝
հասնելու համար անհրաժեշտ հանգրվանին: Պետք է փարվել այն միակ ճշմարտությանը,
որ մնայուն է, հավիտենական, որի համար պետք է ապրել, եւ որն էլ կյանքի
նպատակն է, եւ դա Աստված է ու Աստծո շնչով գրված գիրքը:
Ի ԴԵՊ
Երիտասարդներին հնարավորություն տրվեց խորհել Սուրբ Գրքի, քրիստոնեական
արժեքների եւ հոգեւոր կյանքի կարեւորագույն հարցերի շուրջ:
Նշենք, որ Սրբազան Հոր հետ հանդիպումով տրվեց մեկնարկն Աստվածաշնչյան
սերտողության առցանց հանդիպումների, որոնք տեղի կունենան շաբաթական
մեկ անգամ:
Վերջում երիտասարդները, Սրբազան Հոր առաջնորդությամբ, միասնաբար
ներկա գտնվեցին երեկոյան ժամերգությանը՝ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում:
ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԹԱԳՈՒՀԻ ՍՈՒՔԻԿՅԱՆԻ
>>>
|
|