| «ԽԱՉԻՆ
ՊՍԱԿ ԼՈՒՍԱՒՈՐԵՑՈՅՑ ԶԱՄԵՆԵՍԵԱՆ,
ՈՐ Ի ՏԳԻՏՈՒԹԵԱՆ ԿՈՒՐԱՑԵԱԼ ԷԻՆ…»
ԽԱՉԻ ԳՅՈՒՏԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ
«Զահաւորեալ նշան խաչին,
Յարեւելից փայլեալ ծագին, Հաւատացեալքն
ի քեզ բերկրին Եւ ուրացողքն կոծեսցին: Զերկրպագուս սրբոյ
խաչին Պայծառացո լուսով նորին»:
ՇԱՐԱԿՆՈՑ
յուտ
Խաչի տոնը խաչին նվիրված չորս տոներից վերջինն է եւ տոնվում է Խաչվերացից
յոթը շաբաթ անց: Խաչելությունից հետո Տիրոջ խաչափայտի տեղի մասին
Ավետարանները որեւէ տեղեկություն չեն հաղորդում, սակայն բացը լրացվում
է Սրբազան ավանդությամբ: Հիսուսի Համբարձումից հետո կենարար խաչափայտը
գտնվում էր Գողգոթայում, քանի որ աշխարհի Փրկչին խաչեցին այդտեղ:
Տիրոջ խաչը տարիներ շարունակ այդտեղ էր մնացել՝ լքված ու մոռացված:
Ավանդության համաձայն՝ Երուսաղեմի եպիսկոպոս Հակոբոս Տյառնեղբոր
օրոք, գարնանային մի օր, մանկական խաղի ժամանակ, մի կաղ երեխա պատահաբար
դիպչում է Տիրոջ խաչափայտին եւ բժշկվում: Այդ հրաշքի մասին լուրը
տարածվում է ողջ Երուսաղեմում, եւ ամեն կողմից բժշկվելու մեծ փափագ
ունեցողները շտապում են հասնել Գողգոթա: Երուսաղեմ եկածները եւս
բժշկվում են, ապա Տյառնեղբայրն իր խնամքի տակ է վերցնում երեք խաչափայտերը,
սակայն հրեաները հափշտակում են դրանք:
Ավանդության համաձայն՝ Հռոմի Կլավդիոս կայսեր (41-54 թթ.) կինը՝
Պատրոնիկեն, որ քրիստոնյա էր, ուխտի է գնում Երուսաղեմ, ուր եւ հանդիպում
է Հակոբոս Տյառնեղբայր Առաքյալին: Կայսրուհին ցանկանում է տեսնել
Քրիստոսի գերեզմանն ու խաչափայտը, սակայն Հակոբոս Առաքյալը տեղեկացնում
է, որ հրեաները Քրիստոսի խաչը եւ Նրա հետ խաչված երկու ավազակների
խաչափայտերը ծածկել են հողով՝ արգելելով դրանց մոտենալ: Կայսրուհու
միջամտությամբ խաչերն ազատում են հողե ծածկից, եւ որոշելու համար,
թե որն է Քրիստոսի խաչափայտը, դրանց են մոտեցնում մահացած մի աղջկա:
Վերջինս Քրիստոսի խաչի հպումից կենդանանում է: Հակոբոս Տյառնեղբայրը,
ի տես եւ ի մխիթարություն բոլորի, Սուրբ Խաչը բարձրացնում է Երուսաղեմի
տաճարում եւ, ըստ ավանդության, այդ առիթով երգում «Խաչի Քո, Քրիստոս
երկիրպագանեմք…»: Ի դեպ, եկեղեցական ավանդության մեջ սա առաջին տեղն
է, երբ խաչը հանդիսավորապես կանգնեցվում է՝ փառաբանվելով հավատացյալներից,
որոնցից շատերն ականատես են լինում նաեւ Սուրբ Խաչի վրա շողացող
լույսին:
Խաչափայտը գտնելուց հետո Սրբուհի Հեղինեն հրամայում է այն պատել
ոսկով ու պարսկական քարերով: Խաչափայտի գտնվելու վայրն իմացող Հուդան,
տեսնելով հրաշքը, մկրտվում է, վերանվանվում Կյուրեղ, որից հետո քահանա
է ձեռնադրվում, որոշ ժամանակ անց էլ դառնում Պաղեստինի վիճակներից
մեկի եպիսկոպոսը: Ինչպես Տիրոջ խաչափայտը երեք դար մնաց Գողգոթայում
ամայության մեջ լքված, եւ ի վերջո, շնորհիվ բարեպաշտ Հեղինե թագուհու,
գտնվեց ի երկրպագություն հավատացյալներիս, այնպես էլ քրիստոնեությունը
երեք դար շարունակ հալածվում էր, քրիստոնյաները ենթարկվում էին անասելի
տառապանքների: Շատերը, հանուն Քրիստոսի լույս հավատքի, մարտիրոսության
անթառամ պսակին արժանացան՝ դառնալով Երկնքի Արքայության ժառանգորդներ:
Շնորհք արքեպս. Գալուստյանը Խաչի Գյուտի առիթով պատգամում է. «Գտի՛ր
գիտակցութիւնդ՝ ինքզինքդ բարձրացնելու կեանքի աղիւսներէն, մարդկային
խնկածութիւններէն, գտի՛ր քաջութիւնդ՝ տիրանալու հոգեկան ու բարոյական
ազատութեանդ… Պատրաստ եղիր ի հարկին նեղութեանց ենթարկուելու յանուն
արդարութեան, յանուն ողջախոհութեան եւ յանուն Աւետարանի»:
Հոկտեմբերի 25-ին վերստին համահունչ ղողանջեցին հայոց աղոթատների
զանգերը՝ ի լուր ամենքի ավետելով, Խաչի Գյուտի տոնի ուրախ առիթով
մատուցվելիք, Սուրբ եւ անմահ Պատարագի սկիզբը: Սուրբ Պատարագ մատուցվեց
նաեւ Գյումրու Ս. Աստվածածին, Ս. Նշան, Ս. Ամենափրկիչ, Ս. Հակոբ,
Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Հռիփսիմե, Ս. Մինաս, Ս. Սարգիս եկեղեցիներում:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
>>>
|
|