| ԿԵՆԱՐԱՐ
ԽՈՍՔԻ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ
ՏՈՆ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐԻ
«Թանձր մարմնի մեջ թեփով
հոգիներ, Նյութով հորինված անբիծ անձինք,
Հոգեւոր իմաստությամբ ավագաթեւ ճախրողներ, Երկնային հրաշքների
երկնածին պատմիչներ, Անմահի փառաց հողազանգ քարոզիչներ»:
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ
ԱՂՈԹՔ 2
եր
Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի առաքյալների դերը, քրիստոնեական հավատքի
տարածման եւ Քրիստոնեական Եկեղեցու հաստատման գործում, ունեցել է
որոշադրիչ ու վճռական նշանակություն: Նրանք իրենց քարոզության խոսքին՝
որպես կնիք ճշմարտության, նվիրաբերեցին սեփական արյունը՝ մարտիրոսության
երկնային պսակով զարդարելով երկրավոր կյանքը: Մարդեղացյալ Աստված
Իր երկրային կյանքի վավերական ու ստույգ պատմությունն ունի, որն
ամփոփված է չորս հակիրճ կանոնական վավերագրերում՝ Ավետարաններում,
որոնց հեղինակներն են Մատթեոս, Մարկոս, Ղուկաս եւ Հովհաննես Ավետարանիչները:
Ովքե՞ր էին, Աստվածորդու դիմագիծն իրենց յուրօրինակ վրձնով, սեփական
ընկալման, հայեցողության ու համոզմունքի համաձայն պատկերած, այս
չորս Ավետարանիչները:
ՄԱՏԹԵՈՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉ
Մատթեոսը
Գալիլեայի Կափառնաում քաղաքում ապրող մի մաքսավոր էր՝ Ղեւի անունով,
որին նաեւ Մատթեոս էին կոչում: Մատթեոսի Ավետարանը հատկանշվում է
նրանով, որ այն հստակորեն կապում է Հին ու Նոր Կտակարանները՝ ցույց
տալով, թե ինչպես են Հին Կտակարանի մարգարեություններն իրագործվում
Քրիստոսի անձով ու գործերով: Հեղինակը բազմիցս օգտագործում է հինկտակարանյան
մեջբերումներ՝ հաստատելու, որ Հիսուս է սպասված Մեսիան:
Այս ամենը խորը գիտակցելով եւ լինելով Սուրբ Գրքի՝ բնագրային մակարդակով,
քաջատեղյակ անձ՝ իր Ավետարանը նա ուղղել է մեծավ մասամբ հրեա ժողովրդին՝
քրիստոնյա դարձնելու եւ փրկություն քարոզելու նպատակադրումով: Նրա
Ավետարանը հանդիսանում է Հին ու Նոր Կտակարաններն իրար կապող կամուրջ:
Մատթեոս Ավետարանչի մահվան մասին ստույգ տեղեկություններ չկան. ոմանք
ասում են՝ նահատակվել է Եթովպիայում, ոմանք էլ՝ Պարթեւստանում:
ՄԱՐԿՈՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉ
Մարկոսը բարեպաշտ ու աստվածավախ մի կնոջ՝ Մարիամի որդին էր: Ավետարանիչը,
որ նաեւ Հովհաննես անունով էր հայտնի, եղել է Պետրոս Առաքյալի աշակերտն
ու թարգմանիչը: Ըստ ավանդության՝ Մարկոսը Տիրոջ կողմից բժշկված կույրերից
մեկն էր, եւ Վերնատունն էլ, ուր սովորաբար հավաքվում էին Հիսուս
եւ աշակերտները, Մարկոսի հայրական տունն էր: Նա աշակերտել է Պետրոս
եւ Պողոս Առաքյալներին, Պողոսի հետ քարոզել Անտիոքում, Կիպրոսում,
Ալեքսանդրիայում: Նա համարվում է Ալեքսանդրիայի Աթոռի առաջին եպիսկոպոսը:
Պետրոս Առաքյալի հորդորով՝ հենց Ալեքսանդրիայում էլ գրել է իր Ավետարանը:
Մարկոսի Ավետարանը ցույց է տալիս, որ Քրիստոսի զորությունը չի նվազում
Նրա մարդեղությամբ, այլ, հակառակը, Նրա մարդկայնության միջոցով է
դրսեւորվում աստվածությունը: Հենց այդ պատճառով հռոմեական հազարապետը
խաչի տակ վկայում է. «Այս մարդն իսկապես Աստծո Որդին էր» (Մարկ.
ԺԵ 39):
ՂՈՒԿԱՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉ
Ղուկասը հույն էր: Հայտնի էր որպես բժիշկ եւ Պողոսի ուղեկից: Իր
Ավետարանում առանձնակի նշանակություն է տալիս Հիսուսի մարդասիրությանը
եւ սոցիալական արդարությանը. «Տիրոջ Հոգին Ինձ վրա է, որովհետեւ
Ինձ օծեց եւ ուղարկեց աղքատներին բարի լուրն ավետելու...» (Ղուկ.
Դ 18-19): Նրա Ավետարանում աստվածային մեծությունը դրսեւորվում է
խոնարհությամբ, իսկ փրկությունը՝ սիրո եւ թողության միջոցով: Ավետարանչի
յուրահատկություններից է հյուսել մի պատմություն, ուր երկնքի փառքը
համադրվում է մարդկային ցավի հետ՝ ցույց տալով, որ Աստված ոչ թե
հեռացել է մարդուց, այլ իջել է մարդանալու, որ մարդը դառնա աստվածանման:
Նրա գրչին է պատկանում նաեւ «Գործք առաքելոց»-ը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉ
Շատ հետաքրքիր տեղեկություններ կան Հովհաննես Ավետարանչի վերաբերյալ:
Գիտենք, որ նա Քրիստոսի ամենասիրելի աշակերտն էր: Հովհաննեսը Քրիստոսի
հետ նաեւ բարեկամական կապ ուներ: Նրա մայրը՝ Սալոմեն, Հովսեփ Աստվածահոր
դուստրն էր առաջին ամուսնությունից, հետեւաբար՝ նաեւ Քրիստոսի քույրը:
Այսինքն՝ Հովհաննես եւ Հակոբոս Առաքյալները Քրիստոսի քրոջ որդիներն
էին: Հովհաննեսի նկարագրած Քրիստոս նախեւառաջ աստվածային հայտնություն
է: Նա ոչ թե պարզապես մարգարե կամ բարոյախոս է, այլ Ինքն է արդարության,
ճշմարտության եւ կյանքի աղբյուրը: Հովհաննեսի Ավետարանում Հիսուս
բազմիցս օգտագործում է «Ես եմ» արտահայտությունը՝ նույնացնելով Իրեն
Աստծո անվանը, որ հայտնվել էր Մովսեսին՝ ասելով. «Ես եմ, որ Է» (Ելք.
Գ 14): Այդօրինակ հատվածներից են՝ «Ես եմ կյանքի հացը» (Հովհ. Զ
35), «Ես եմ բարի հովիվը» (Հովհ. Ժ 11), «Ես եմ հարությունը եւ կյանքը»
(Հովհ. ԺԱ 25): Հովհաննեսի Ավետարանը բացում է Հիսուսի աստվածային
ինքնության խորագույն խորհուրդը՝ ցույց տալով, որ Քրիստոս նույն
Աստված է, որ սկզբից էր, եւ որ մարմնավորվեց, որպեսզի մարդուն հաղորդակից
դարձնի հավիտենական կյանքին:
Այսպիսով՝ Մատթեոսի Քրիստոսը Մեսիա եւ Թագավոր է, Մարկոսի Քրիստոսը՝
Մարդ եւ Ծառա, Ղուկասի Քրիստոսը՝ Բժիշկ եւ Կարեկից Փրկիչ, Հովհաննեսի
Քրիստոսը՝ Աստվածային Բան եւ Հավիտենական Լույս:
Ի ԴԵՊ
Սուրբ Ավետարանիչների հիշատակն այս տարի Հայոց Եկեղեցին ոգեկոչեց
հոկտեմբերի 17-ին: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում՝ Սուրբ Ավետարանիչների
տոնի ուրախ առիթով, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հակոբ քհն.
Գրիգորյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ,
օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
>>>
|
|