Քո խաչի առջեւ, Ո՛վ Տեր, երկրպագում եւ հավատում ենք, որ իրոք այն պիտի լինի մեզ համար փրկության, հաղթանակի ու հարության նշան:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. 
ԱՋԱՊԱՀՅԱ 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 10 (322), հոկտեմբեր 2026 թ.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ԹԵՄ

ոկտեմբերի 3-ին՝ Հիսուս Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրը, Ազատանի Սուրբ Հարություն (Սուրբ Ստեփանոս) եկեղեցու հավատացյալները, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի եւ հոգեւոր տեսուչ Տ. Նարեկ եպս. Ավագյանի օրհնությամբ, մեկնեցին ուխտագնացության Կոտայքի թեմի սրբավայրեր:

Ուխտագնացությունը պարզապես ճանապարհորդություն չէր, այլ հոգեւոր մի ուղի, որի յուրաքանչյուր կանգառ նոր առիթ էր աղոթքի, խոկման, հոգեւոր հաղորդակցության եւ մեր ազգային ու քրիստոնեական ժառանգությանը հաղորդակից դառնալու առումով:

Ուխտավորների առաջին հանգրվանը Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցին էր, որի սրբազան կամարների ներքո աղոթք բարձրացվեց առ Աստված՝ մեր հայրենիքի խաղաղության ու անվտանգության, մեր ժողովրդի հոգեւոր զարթոնքի ու դարձի համար:

Այնուհետեւ ուխտավորներն այցելեցին Ալափարսի Սուրբ Աստվածածին եկեղեցի, ծանոթացան սրբավայրի պատմությանը: Շարունակելով ուխտի ճանապարհը՝ հավատացյալները քայլեցին գյուղի մյուս երկու սրբավայրեր՝ Սուրբ Վարդան Զորավար եւ Սուրբ Հովհաննես եկեղեցիներ:

Առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացրեց Սուրբ Վարդան Զորավար եկեղեցին, որը, ըստ պատմական վկայությունների, կառուցվել է IV–V դարերում եւ մեզ հասել 1857 թվականին կատարված վերանորոգումից հետո՝ որոշ հավելումներով:

Ըստ ավանդության՝ Ալափարս գաղթած խոյեցիներն իրենց հետ բերել են, Ավարայրի ճակատամարտում զոհված, քաջարի զորավարի՝ Վարդան Մամիկոնյանի արյամբ ներկված երկու սեւ քարերից մեկը: Ավանդությունը վկայում է, որ քարերից մեկը պահ է տրվել Երեւանի Պողոս-Պետրոս եկեղեցուն, իսկ մյուսը դարձել է Սուրբ Վարդան եկեղեցու հիմնաքարը: Այս ավանդությունը սրբավայրին հաղորդում է առանձնահատուկ խորհուրդ՝ այն կապելով հայ ժողովրդի հերոսական անցյալի, քրիստոնեական հավատքի եւ հայրենիքի պաշտպանության սրբազան գաղափարի հետ:

Ուխտավորների հաջորդ կանգառը Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցին էր: Այստեղ հնչեցին հոգեպարար շարականներ, որոնց միջոցով ուխտավորներն իրենց գոհությունն ու խնդրանքները վերառաքեցին առ Աստված՝ հայցելով Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը մեր ժողովրդի եւ հայրենիքի համար:

Օրվա ամենատպավորիչ կանգառներից մեկը, Արզական գյուղի տարածքում գտնվող եւ X-XI դարերով թվագրվող, Նեղուցի վանքն էր: Պատմական վանական համալիրի լռությունն ու խորհրդավոր մթնոլորտը, կարծես, խոսում էին դարերի խորքից՝ հիշեցնելով հայ հոգեւոր մշակույթի հարուստ ժառանգության, մեր նախնիների հավատքի ամրության եւ սրբավայրերը պահպանելու կարեւորության մասին: Ուխտավորներն այստեղ եւս հնարավորություն ունեցան լռության մեջ խորհելու, աղոթելու եւ հոգեւոր խաղաղություն գտնելու:

Ուխտագնացության վերջին հանգրվանը Բյուրեղավանի նորակառույց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին էր: Այստեղ այցելուները ներկա գտնվեցին Երեկոյան ժամերգությանը եւ ստացան տեղի հոգեւոր հովիվ Տ. Սահակ քհն. Սահակյանի հայրական օրհնությունը: Նորակառույց եկեղեցին նաեւ վկայությունն էր այն փաստի, որ քրիստոնեական հավատը շարունակում է ապրել, զորանալ եւ փոխանցվել սերնդե-սերունդ:

Այս ուխտագնացությունը եւս մեկ առիթ էր՝ վերարժեւորելու մեր եկեղեցիների պատմությունը, ճանաչելու ազգային-հոգեւոր ժառանգությունը:

Թող յուրաքանչյուր ուխտ դառնա հոգեւոր վերածննդի, սիրո եւ միասնականության նոր սկիզբ:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԹԱԳՈՒՀԻ ՍՈՒՔԻԿՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները