| «ԵԿԵՂԵՑԻՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԾՆՆԴԱՎԱՅՐՆ Է ՀՈԳՒՈՅՍ…»
ՄԵԿՕՐՅԱ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ
այը,
որպես ինքնաճանաչման հանգրվան, ունի իր հայրենիքն ու Եկեղեցին, որ
առ Քրիստոս եղած հավատքի արդյունքն է: Փոխիր այդ հավատքն ու Եկեղեցին՝
նա կձուլվի այլ ազգերի հետ եւ կկորցնի իր ազգային դիմանկարը: Գոյատեւելու
համար հոգեւոր նոր վերազարթոնքի կարիք ունենք: Ապրել հայրենիքում
եւ չիմանալ նրա՝ պատմությունը կազմող, մշակութային արժեքների մասին,
առնվազն ամոթալի է: Իսկ լինել Տավուշի մարզում եւ չայցելել Կիրանցի
վանք՝ անտեղի կլինի ձեր այցելությունը եւ անիմաստ: Այս հավատքով
առաջնորդվելով եւ աղոթքն ուղեկից դարձրած՝ հոկտեմբերի 3-ին, Շիրակի
թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ,
մի խումբ հավատացյալներ, Զարիկ Իգիթյանի նախաձեռնությամբ, մեկնեցին
հերթական ուխտագնացության:
ՎԱՆԱՁՈՐԻ
Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
Առաջին հանգրվանը Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցին էր: Չնայած
վաղ առավոտ էր եւ եկեղեցին դեռ փակ էր, ուխտավորներն իրենց աղոթքը
հղեցին առ Աստված՝ խնդրելով անփորձանք ճանապարհ դեպի Տավուշի մարզ:
ՍԱՐԻԳՅՈՒՂԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ
ԵԿԵՂԵՑԻ
Երկրորդ կանգառը Սարիգյուղի Ս. Աստվածածինն էր, որ օծվել է ձեռամբ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի՝ 2003 թվականին: Այստեղ եւս
ուխտավորների խումբն աղոթք առաքեց առ Բարձրյալ Աստված, վառեց իր
հավատքի մոմերը: Եկեղեցու մոտ է գտնվում բնության հուշարձան չինարի
ծառը, որ միաժամանակ հայտնի է նաեւ սոսի անունով: Այդ ծառը երկար
տարիներ բնակիչների համար պաշտամունքի առարկա է եղել: Գուցե հենց
սա է պատճառը, որ այդ միակ խոշոր ծառատեսակը հասել է մինչեւ մեր
օրերը: Ըստ պատմական աղբյուրների՝ հայոց Աշոտ Երկաթ Բագրատունին
մենամարտում է հյուսիսից երկիր ներխուժած քոչվոր ցեղերի դեմ եւ հաղթում:
Ըստ լեգենդի՝ Աշոտ Երկաթը ծառը տնկել է 920-ական թվականներին՝ արաբների
դեմ ճակատամարտելուց հետո: Գյուղի արեւելյան մասում, մեծ ճակատամարտից
հետո, զինվորներին հողին են հանձնում բլրի ստորոտի գոգավորությունում:
Հիմա այն սրբատեղի է: Լեգենդի համաձայն՝ ծառը, յոթը տարին մեկ անգամ,
ինքն իրեն այրվում է: Պատմում են, որ այս ծառի տակ կանգ է առել ռուս
դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը: Հրաշագեղ ծառը գրանցված է ՀՀ բնապահպանության
նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում: Ուխտավորները
հանգստացան ծառի փչակի մեջ:
ԿԻՐԱՆՑԻ Ս. ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ
ԵՎ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ
Երրորդ
հանգրվանը Տավուշի մարզի Կիրանց (Գետաշեն) գյուղն էր: 12 կմ դեպի
արեւմուտք, Կիրանցջուր վտակի ձախ ափին է գտնվում Կիրանցի վանական
համալիրը: Վանք տանող ճանապարհն անցնում է Աճարկուտ գյուղի միջով:
Բնությունն այս մի պատառիկ տարածքի գույները խտացնում եւ առանձնահատուկ
շքեղություն է պարգեւում միջնադարյան Հայաստանի հերթական հրաշքներից
մեկին՝ Կիրանցի վանքին: Հետաքրքիր է, որ, ի տարբերություն շատ եկեղեցիների,
Կիրանցի վանքը գրեթե զուրկ է արձանագրություններից: Եկեղեցին 19-րդ
դարի կառույց է: Վերանորոգվել է 2026-ին:
Չորրորդ հանգրվանը Սուրբ Աստվածածին եկեղեցին էր, որ կառուցվել է
2003 թվականին: Ուխտավորներն այստեղ իրենց հավատքի մոմերը վառեցին
եւ աղոթեցին՝ Ամենատես Տիրոջից հայցելով իղձերի իրականացում: Ի ցավ
հայերիս, այժմ եկեղեցու հետնամասում կառուցված է սահմանազատման պատը,
ինչը շատ վշտացրեց ուխտավորներին:
ՈՍԿԵՊԱՐԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵՎ
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ
Ոսկեպարի Ս. Աստվածածին կենտրոնագմբեթ խաչաձեւ եկեղեցին կառուցվել
է 7-րդ դարում: Եկեղեցու մասին առաջին գրավոր վկայությունը պատկանում
է բանահավաք Քամալյանին, որ 1884 թավականին նշել է. «Հին գյուղի
արեւելակողմը՝ ձորակի եզերքին, կառուցված է այս վանքը, տաճարը խաչաձեւ
է, ներքուստ սրբատաշ քարով...»:
Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1848 թվականին: Այն գմբեթավոր
հոյակերտ տաճար է: Այստեղ եւս ուխտավորները մոմեր վառեցին, խնկարկեցին
եւ շարունակեցին իրենց ճանապարհը դեպի Կողբ:
ԿՈՂԲԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉ ԵՎ
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ
Սուրբ Հովհաննեսը կառուցվել է 1463 թվականին, վերակառուցվել՝ 2014-ին,
իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ 2016-ին, սրբատաշ քարով: Ունի մեկ
դուռ, որ բացվում է դեպի արեւելք:
Եկեղեցին հարուստ է քանդակներով: Այստեղ վերերկրային մի զգացում
հայացքդ գամում է խաչակիր գմբեթներին, եւ հոգուդ մեջ Սուրբ Պատարագի
լույսն է հորդանում:
Ուխտավորները տուն վերադարձան՝ իրենց հետ տանելով Սրբերի բարեխոսությունը:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ
>>>
|
|