Քո խաչի առջեւ, Ո՛վ Տեր, երկրպագում եւ հավատում ենք, որ իրոք այն պիտի լինի մեզ համար փրկության, հաղթանակի ու հարության նշան:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. 
ԱՋԱՊԱՀՅԱ 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 10 (322), հոկտեմբեր 2026 թ.  


 

       

«ՏԷՐՆ ԻՄ ՀՈՎԻՒՆ Է, ԵՒ ԻՆՁ ՈՉԻՆՉ ՉԻ ՊԱԿԱՍԻ»
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԹԵՄԻ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

«Եթէ նոյնիսկ անցնեմ մահուան ստուերների միջով, չեմ վախենայ չարից,
քանզի դու, Տէր, ինձ հետ ես: Քո ցուպն ու գաւազանն ինձ կը մխիթարեն»:
ՍԱՂՄՈՍ ԻԳ 4

եպտեմբերի 26-ին՝ Սուրբ Գեւորգ զորավարի տոնի առիթով, տիկին Մարուսյայի նախաձեռնությամբ, կազմակերպվել էր ուխտագնացություն՝ Մուղնի-Սուրբ Վարվառա երթուղով: Վաղ առավոտյան ուխտավորները, օրվա խորհրդով լցված, մեկնեցին Մուղնի՝ ներկա գտնվելու եւ հաղորդակից դառնալու Ս. Գեւորգ եկեղեցում մատուցվելիք Սուրբ եւ անմահ Պատարագին:

ՍՈՒՐԲ ԶՈՐԱՎԱՐԻ ՄԱՍԻՆ

Սուրբ Գեւորգը ծննդով Կապադովկիայից էր, քրիստոնյա մեծատոհմիկի ընտանիքից: Պատանի հասակից անցնելով զինվորական ծառայության՝ կարճ ժամանակում, շնորհիվ արիության, խելքի ու անկոտրում խառնվածքի, ինչպես նաեւ ռազմական հաջողությունների, բարձրանում է զինվորական ծառայության աստիճաններով՝ մինչեւ հազարապետություն: Հռոմի կայսր Դիոկղետիանոսի հրամանները չկատարելու համար նրան բանտարկում եւ ենթարկում են անմարդկային չարչարանքների ու կտտանքների:

Բոլոր չարչարանքներին քաջաբար տոկացող զորավարն ի վերջո ցանկություն է հայտնում տեսնել կուռքերին: Ուրախացած կայսրը, կարծելով թե կոտրվել է Ս. Գեւորգի կամքը եւ հուսալով, որ նա զոհ կմատուցի կուռքերին, առաջնորդում է նրան Ապոլոնի տաճար, սակայն Սուրբն աղոթում է, եւ մեկ առ մեկ կործանվում են տաճարի կուռքերը: Կայսրը հրամայում է գլխատել նրան:

Ըստ ավանդություններից մեկի՝ նա վախճանվում է բանտում, իսկ ըստ մեկ այլ տարբերակի՝ մահապատժի գնալու ճանապարհին, դահիճներից խնդրում է քիչ հանգիստ առնել, հենվում է տներից մեկի պատին եւ խաղաղ կնքում իր մահկանացուն: Ս. Գեւորգը, որպես Երկնային Արքայի զինվոր, եկեղեցական սրբապատկերներում ներկայացվում է սպիտակ ձիու վրա՝ նիզակով վիշապին սպանելիս: Վիշապն արտացոլում է աշխարհի չարությունը, դիվական զորությունը եւ բռնակալությունը, որոնց դեմ, արդարեւ, պայքարեցին Քրիստոսի քաջարի նահատակները: Դրանցից մեկը Սուրբ Գեւորգն էր:

ՄՈՒՂՆՈՒ Ս. ԳԵՎՈՐԳ

Մուղնու Ս. Գեւորգ եկեղեցին 17-րդ դարի կառույց է: Եղել է հայ գրչության ու դպրության կենտրոններից մեկը: Ճարտարապետն է Սահակ Հիզանեցին: Պատմությունը վկայում է, որ եկեղեցում ամփոփված է վիշապաքաղ Ս. Գեւորգ զորավարի մասունքը, ինչը Հայաստան է բերվել 350 թ., Ներսես Մեծ Կաթողիկոսի կողմից:

Մուղնիում ուխտավորները ներկա գտնվեցին ոչ միայն ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագին, որ մատուցվեց ձեռամբ Տ. Մանուկ քհն. Զեյնալյանի, այլեւ երկյուղածությամբ խոնարհվեցին Սրբի գերեզմանին եւ հայցեցին նրա բարեխոսությունն առ Բարձրյալ Տերը:

ՍՈՒՐԲ ՎԱՐՎԱՌԱՅԻ ՔԱՐԱՅՐ

Վերջին հանգրվանը Ծաղկեվանքն էր: Արայի լեռը հայոց աշխարհի վեհապանծ ու սրբազան լեռներից է: Այն Քասախ եւ Հրազդան գետերի միջեւ է: Լեռը, արեւմուտքից միաձուլվելով վեհասքանչ Արագածին, յուրօրինակ բնապատկեր է ներկայացնում եւ լեռնավահան հանդիսանում Արարատյան դաշտի համար: Ինչպես ասում է Վահագն Դավթյանը՝ «Արագածն է այնտեղ, այնտեղ Արան, այնտեղ արշալույսն է լեռնաշխարհի...»:

Քարաշատ սանդուղքն ուխտավորներին բարձրացրեց մինչեւ այրի մուտքը: Առաջին բաժանմունքի մեջ հավաքվում են ուխտավորները, իսկ երկրորդի մեջ կա մի դամբարան, ուր, ինչպէս բոլորն են ասում, հանգչում են Սուրբ Վարվառա կույսի նշխարները: Ծաղկեվանքի ուխտն առանձնակի բնույթ է ստացել հատկապես պտղաբերության իմաստով: Այդ մասին գրել է վիպասան Պերճ Պռոշյանը. «Այժմյան ավանդույթը փոքր-ինչ հնից զանազանվում է: Ներկայումս չբեր կանայք են կանգնում կաթիլի տակին: Եթե կաթիլը ընկնում է չբերի գլխին, այն նշան է, որ նա որդի կծնի, հակառակ դեպքում նրա հույսը կտրված է»:

Ուխտավորները խունկ վառեցին եւ խնդրեցին Տիրոջ սիրասուն վկայից. «…Բարեխոսեա առ Քրիստոս վասն անձանց մերոց» ու բռնեցին տունդարձի ճանապարհը՝ իրենց հետ տանելով Սրբուհու բարեխոսությունը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները