Առանց ինքզինք գերազանց քաջութեամբ կարենալ ընծայ ընելու՝ սէրը սոսկ զգացական վիճակ է եւ ո՛չ կեանքի սկզբունք, լոկ խօսք է շրթունքներու
վրայ եւ ո՛չ ճշմարտութիւն...
Գարեգին Ա Կաթողիկոս

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

   
    Ը Տարի, Թիվ 11 (95), Նոյեմբեր 2007 թ.  


 

       

ՕԾՅԱԼ ԽԱՉԸ՝ ԵՐԿՆԱԲԱՐՁ ԳՄԲԵԹԻՆ

ոյեմբերի 10-ն ուրախության ու բերկրանքի օր էր եւ յուրահատուկ խորհուրդ ուներ ղարիբջանյանցիների համար: Համարյա ողջ համայնքը ի մի էր եկել՝ ներկա գտնվելու պատմական իրադարձությանը: Ձեռամբ Շիրակի թեմի բարե- խնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի օծվեց նորակառույց եկեղեցու գմբեթի խաչը:

ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ախուրյանի տարածաշրջանի Ղարիբջանյան գյուղն ունեցել է եկեղեցի, որը գործել է մինչեւ 1926 թ. Լենինականի հայտնի երկրաշարժը: Այնուհետեւ խոնարհված եկեղեցու քարերը գյուղացիներն օգտագործել են ավերված տները, այլ ոչ թե եկեղեցին վերակառուցելու համար:

Արդեն մի քանի տասնամյակ մեծաթիվ բնակչություն ունեցող Ղարիբջանյանը չուներ աղոթատուն: Ծագումով ղարիբջանյանցի Սամվել Տոնոյանը ցանկություն էր հայտնել, ի հիշատակ կնոջ՝ Սաթենիկի, հայրենի գյուղում կառուցել եկեղեցի, ինչն արժանացել էր թե՛ համագյուղացիների եւ թե՛ թեմակալ Առաջնորդի հավանությանը:

Աղոթատան համար հենց գյուղի կենտրոնում հատկացվել էր համապատասխան հողակտոր: Այս տարվա մայիս ամսին, ձեռամբ Սրբազան Հոր, կատարվեց հողօրհնության եւ ապա հիմնարկեքի արարողություն: Կարճ ժամանակահատվածում ավարտին են հասցվել եկեղեցու կառուցապատման հիմնական աշխատանքները:

ԼՎԱՑՈՒՄ ԵՎ ՕԾՈՒՄ

Համաձայն Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու եւ մեր հոգեշնորհ հայրապետների կանոնակարգած արարողության՝ տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տ. Եզնիկ քհն. Գալստյանը նախ ջրով ու գինով լվաց խաչը, ապա, Սուրբգրային համապատասխան ընթերցվածներից հետո, հանդիսադիր Սրբազանը տյառնագրեց «զակն», «զթագն», «աջ եւ ահեակ թեւսն եւ զբունն...»:

Հավարտ սրբազան արարողակարգի՝ «Խաչի քո Քրիստոս» շարականի երգեցողությամբ, հոգեւորականաց դասը եւ ներկա բարեպաշտ ղարիբջանյանցիները խոնարհվեցին նորաօծ Ս. Նշանի առջեւ:

Վերջում ներկաներին իր հայրական պատգամ-հորդորը հղեց Սրբազան Հայրը:

ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ՊԱՏԳԱՄԻՑ

Ահա մի խաչ եւս օծվեց, մի խաչ եւս բարձրանալու է մեր երկնակամարում՝ օրհնելու համար մեր տարածքը: Ինձ համար ուրախություն է, որովհետեւ այս շաբաթվա մեջ արդեն երկրորդ խաչն է օծվում եւ տեղադրվում՝ իբրեւ հաղթության նշան: Առավել եւս մեծ է մեր ուրախությունը, որովհետեւ նորակառույց եկեղեցու վրա է բարձրանում: Եթե հայը խաչից հեռանում, խաչն ուրանում է, արդեն կորցնում է հայկականանությունը, քանի որ խաչապաշտ ժողովուրդ է հայը: Տա Աստված, որ կարճ ժամանակահատված հետո եկեղեցու եւ շրջապատի աշխատանքներն ամբողջությամբ ավարտվեն եւ գանք օծումը կատարենք:

Ես, բնականաբար, իմ շնորհակալությունը պիտի հայտնեմ կառուցող բարերարին, շինարարին՝ պարոն Սամվել Տոնոյանին, որ այս գաղափարը հղացավ եւ իրականացրեց: Իմ մխիթարությունը եւ ուրախությունը մեծ է այն իմաստով, որ ես իրեն չդիմեցի, չխնդրեցի, հետեւից չընկա: Շատ է պատահում, որ մենք ենք դիմում, եւ մարդիկ խուսափում են, թեեւ ունակ են այս եկեղեցուց ավելի մեծը կառուցել: Ավետարանն այդպիսի դեպքերի համար մի հետաքրքիր առակ է ներկայացնում: Ասում է՝ Տերը ճաշկերույթ կազմակերպեց եւ հրավիրեց շատ-շատերին: Ամեն մեկը մի պատճառաբանությամբ մերժեց հրավերը: Եվ Տերն ուղարկեց Իր ծառաներին՝ ասելով, թե գնացեք, հավաքեք բոլորին, ում կհանդիպեք եւ բերեք, որպեսզի տունս լցվի: Տունը դատարկ չմնաց: Այսինքն՝ ի՞նչ է իմ ասածը եւ ո՞րն է առակի իմաստը. եկեղեցիներն այսպես թե այնպես, այս կամ այն գյուղում կկառուցվեն, բայց վարձքը կլինի նրանը, ով կառուցեց, այլ ոչ թե նրանը, ով կանգնեց դիտեց կամ հեռացավ: Եկեղեցին Ղարիբջանյանում մեկ, տասը, տասնհինգ տարի ուշ կկառուցվեր: Բայց պարոն Սամվել Տոնոյանն այդ եկեղեցու կառուցումից վարձք չէր ունենա: Իսկ հիմա վարձքը, պատիվն ու անունը, նաեւ Աստծու օրհնությունը նրանն է:

«Երանի՜ եկեղեցի շինողաց»,- ասում է Սուրբ Գիրքը: Դրանից ավելի մեծ բան չկա: Մեր շնորհակալությունը մեկ անգամ եւս պարոն Տոնոյանին, որ այս գեղեցիկ, շատ գեղեցիկ եկեղեցին կառուցեց: Ձեզ պիտի շնորհակալ լինի նաեւ Ղարիբջանյան գյուղի բնակչությունը, բոլոր այն անցորդները, ովքեր այս ճանապարհով անցնելիս պիտի կանգնեն, ասեն՝ մտնենք եկեղեցի, մոմ վառենք, աղոթք ասենք: Անշուշտ այդ ամենը եկեղեցու կառուցման ավարտից, օծումից հետո:

* * *

ՍրբազանՀոր պատգամ-հորդորից հետո ներկա բարեպաշտ ղարիբջանյանցիները մոտեցան, համբուրեցին նորաօծ խաչը: Այնուհետեւ Սուրբ Խաչը բարձրացվեց եւ տեղադրվեց նորակառույց եկեղեցու վրա:

Ա. ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ