Լուսաւորչի կանթեղն անմար է, որովհետեւ իւղն անոր մէջ
անպակաս է...
Իւղը աստուածային շնորհին եւ իւղը հայ ժողովուրդի հաւատարմութեան մշտադալար ձիթենիին
:
Գարեգին Ա Կաթողիկոս

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    Քեզ համար  (մաս I )  


 

 
       


ՍԱՏԱՆԱՅԻ ԿԱՊԱՆՔՆԵՐՈՒՄ

ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

իրելի՛ ընթերցող, մինչ շարունակաբար քեզ ներկայացնելիք նյութի առաջին բաժնին անցնելը, մենք կամենում ենք հակիրճ զրույցի տեսքով համառոտել հոդվածաշարը՝ այն զետեղելով վերոնշյալ վերնագրի տակ: Յոթանասուն — ավելի տարիներ կտրված լինելով մեր նախնիների սուրբ հավատքից ու ճշմարտության խոսքից՝ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԻՑ, կամա թե ակամա հաղորդակից եղանք սատանայի գաղտնի ու մոլորեցուցիչ չար գործերին: Հոգեւոր տարրական կրթություն չունենալով, սակայն շփվելով ոգեղեն բնույթի ուժերի հետ՝ շատերը մանկամտորեն դրանք ընկալել են որպես Աստվածային զորության աղբյուր, ընկել սատանայի ու նրա դեւերի լարած բազմաթիվ որոգայթների մեջ: Բնականաբար կրել եւ նաեւ այժմ էլ կրում ենք դրանց ցավալի հետեւանքները:
Մեր նոր հոդվածաշարը լույս կսփռի չարի բազմաթիվ մութ գործերի վրա՝ բացելով մեր աչքերը, որպեսզի հասկանանք, թե ինչ պիղծ ու կործանիչ զորություններով է շրջապատված մարդը: Կփորձենք ներկայացնել նաեւ ամենակարեւորը՝ այդ կապանքներից ազատագրվելու ճանապարհը, որ է Ինքը՝ Հիսուս Քրիստոս:
Ներկայացվելիք նյութերի մեջ կան նաեւ տակավին մեզ անհայտ մոլորությունների տեսակներ, սակայն ուշադիր ընթերցողը կհամոզվի, որ դրանց բոլորի արմատը նույնն է՝ Ճշմարտության թշնամին եւ ստության հայրը՝ սատանան, որ, հազարամյակների փորձություն ունենալով, ավելի ու ավելի է նրբացրել իր մոլորեցուցիչ հնարքները՝ շատերին դրանք ներկայացնելով որպես աստվածային ճշմարտություններ: Օրինակ՝ ոմանք նույնիսկ չեն հավատում չարի ու սատանայի գոյությանը: Սա ամենամեծ մոլորությունն է եւ բոլոր կեղծիքների սկիզբը: Պողոս Առաքյալը, քաջածանոթ լինելով խավարի դիվական զորություններին, գրում է. «…չլինի, թէ Սատանան առաւելութիւն ունենայ մեր վրայ, քանզի անտեղեակ չենք նրա մտադրութիւններին» (Բ ԿՈՐՆԹ. Բ 11):
Սա է նաեւ պատճառը, որ մեզանից ոմանք զանազան «ԵՐԱԶԱՀԱՆ»-ներ, «ԲԱԽՏԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ» եւ շատերին ծանոթ «ԵՓՐԵՄ ՎԵՐՏԻ» մոլորեցուցիչ գրքերը միամտորեն կամ տգիտորեն ընդունել են որպես աստվածային ճշմարտություններ՝ ընկնելով սատանայի լարած որոգոյթների մեջ: Օրինակ՝ «ԵՓՐԵՄ ՎԵՐՏԻ» կոչվող գիրքն իր անվանումն ստացել է ոչ թե որեւէ անձի անունից, ինչպես կարծում են ոմանք, այլ՝ հունարեն «էֆիմերիտե» բառից, որ պարզապես նշանակում է աստղագուշակություն: Իսկ «ՈՍԿՅԱ ԲԱՐԵԿԱՄ» գիրքը, հակառակ այն բանի, որ հոգեւոր ու մարմնավոր օգտակար խորհուրդներ է պարունակում, բայց եւ այնպես ծառայում է չարին, որովհետեւ այնտեղ կան բախտագուշակության զանազան ձեւեր ու հնարքներ:

Ընթերցողներից շատերը, ծանոթանալով շարադրվելիք նյութերին ու դեպքերին, անտարակույս կզարմանան, որ իրենք եւս տարիներ շարունակ անգիտակցորեն հաղորդ են եղել նման արարքների: Մեր փափագն է, որ, ճանաչելով Հիսուս Քրիստոսի ամենակարող զորությունը, սթափվենք, դարձի գանք եւ ապաշխարենք մեր մեղքերի ու հանցանքների համար եւ, Տիրոջ անունը տալով, ազատվենք չարի բոլոր կապանքներից, զի դեռ հազարամյակներ առաջ Աստվածորդու համար գրվեց հետեւյալ մարգարեությունը. «Տիրոջ Հոգին ինձ վրայ է, դրա համար իսկ նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ աւետարաննելու աղքատներին, բժշկելու սրտով բեկուածներին, գերիներին ազատութիւն քարոզելու եւ կոյրերին՝ տեսողութիւն, հռչակելու Տիրոջ ընդունելի տարին եւ մեր Աստծու վրէժխնդրութեան օրը» (ԵՍԱՅԻ 61. 1-2): Իսկ Հովհաննես Առաքյալն ավելացրեց. «Եւ ով մեղք է գործում, այդ՝ Սատանայից է, քանի որ Սատանան մեղանչող է ի սկզբանէ: Աստծու Որդին հէնց նրա համար յայտնուեց, որ քանդի Սատանայի գործերը» (Ա ՀՈՎՀ. Բ 8):

Շատերն են լսել կամ անձամբ կապ պահպանել, այսպես կոչված, «պայծառատեսների», «մոմ թափողմերի», «թուղթ ու գիր» անողների, սրճի մրուրով «գուշակողների» կամ խաղաթղթերով «ապագան հայտնողների» հետ: Թերեւս գտնվել եք նրանց աշխատավայրերում, որոնք զարդարված են զանազան սրբապատկերներով ու խաչերով եւ միամիտ այցելուների մոտ հաճախ ճշմարիտ հավատքի մթնոլորտ են ստեղծում, շատերին խաբում պարզամտորեն: Ոմանք լսել կամ կապ են պահպանել բազմաթիվ «արտազգացողների» (exstrasensor) հետ, ովքեր, Աստծու անունը հոլովելով, «բժշկում» են մարդկանց տկարությունները: Ամենքս ցայսօր հիշում ենք նրանցից մեկին՝ Կաշպիրովսկուն, որ, հեռուստացույցի առջեւ նստած, «բժշկում» էր հիվանդներին: Վերջիններս, արտաքնապես թվացյալ ցավազրկում ունենալով, հետագայում ավելի վատթար վիճակներում էին հայտնվում: Միայն վերջերս լրագրական հրապարակումներից շատ-շատերն իմացան նրա բազմաթիվ զոհերի մասին, անգամ մանկահասակների, ովքեր այդ «հանդիպումներից» հետո հոգեկան խանգարումներ են ունեցել:

Հանդիպումներից մեկի ժամանակ հարցնում են Կաշպիրովսկուն, թե ո՞մ անունով կամ ի՞նչ զորությամբ է գործում: « Ես եկել եմ հորս կամքը կատարելու»,- պատասխանում է նա: Հաջորդ՝ ո՞վ է հայրդ հարցը մնում է անպատասխան: Սակայն ամեն ինչ արդեն պարզ էր: Նրա մեջբերած խոսքերն իհարկե Ավետարանից էին, այն էլ՝ Հիսուսի խոսքերը, որովհետեւ միայն Հիսուս էր եկել Իր Երկնավոր Հոր կամքը կատարելու: Սակայն մենք էլ գիտենք, թե ո՞ւմ կամքն էր կատարենու եկել Կաշպիրովսկին: Անշուշտ իր հոր, որ նույն ինքը՝ չարն է կամ՝ սատանան: Այդ մասին շատ պարզորոշ ասաց Քրիստոս՝ իրեն սպանել ցանկացող հրեաներին. « Դուք հօր կողմից սատանայի զավակներ էք, եւ ձեր հօր ցանկութիւններն էք ուզում կատարել…» /ՀՈՎՀ. Ը 44/: Կաշպիրովսկուն բազմաթիվ անգամներ հարցրել ան, թե ինչո՞ւ չի մկրտվում, եւ ինքը միշտ խուսափողական պատասխաններ է տվել: Սակայն մի առիթով խոստովանել է, որ եթե մկրտվի, ապա կզրկվի իր ունեցած զորությունից: Միայն քրիստոնյաները քաջ գիտեն, որ մկրտությունից առաջ մկրտվողը ծիսակատար քահանայի հետ միասին պետք է ասի.
« Հրաժարվում ենք սատանայից
եւ նրա ամեն տեսակի խաբեություններից,
նրա պատրանքներից,
նրա խորհուրդներից,
նրա ճամփաներից,
նրա չար կամքից,
նրա չար հրեշտակներից,
նրա չար գործակիցներից,
նրա չար կամքը կատարողներից,
եւ նրա ողջ չար զորությունից
ամբողջությամբ հրաժարվում ենք»:

Բերված օրինակները թերեւս բավական են, որպեսզի զգուշանանք, նաեւ իմանանք, թե ում հետ կամ ինչ զորությունների հետ գործ ունենք եւ ում ենք վստահում մեր հավիտենական հոգիները: Չէ՞ որ մութ ուժերի հետ կապ ունեցած ժամանակ մեր հոգիները խաթարվում են, որից հետո մենք մարմնապես ենք կրում դրա հետեւանքները: Տիրոջ Առաքյալը դարձյալ զգուշացնում է. « Սիրելինե՛ր, մի՛ հաւատացէք ամէն մի հոգու, այլ փորձեցէ՛ք հոգիները, թէ արդեօք Աստծո՞ւց են, որովհետեւ բազում սուտ մարգարէներ են երեւան եկել աշխարհում» /Ա ՀՈՎՀ. Դ 1/:

Սիրելի՛ ընթերցող, այս փոքրիկ նախաբանը կամենում ենք ավարտել մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ազդարարությամբ. « Զգոյշ կացէք, ոչ ոք ձեզ չխաբի, որովհետեւ շատեր պիտի գան իմ անունով եւ պիտի ասեն՝ ե՛ս եմ Քրիստոսը, եւ շատերին պիտի մոլորեցնեն» /ՄԱՐԿ. ԺԳ 5-6/, եւ հուսադրող խոսքերով. « քաջալերուեցէ՛ք, որովհետեւ ես յաղթեցի աշխարհին» /ՀՈՎՀ. ԺԶ 33/:

Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ

Չարին եւ նրա կապանքներին առնչվող հարցը քանիցս լուսաբանվում է Սուրբ Գրքում: Հատկապես հարկ է նշել Հին Կտակարանի Երկրորդ Օրինաց Գրքի 18-րդ գլխի 9-14 համարները, ուր Աստված Մովսեսի միջոցով հատուկ պատվիրաններ է տալիս Իսրայելի ժողովրդին՝ խոստացված երկիր մտնելուց առաջ: Այնտեղ գրված է. «Եթե մտնես Տեր Աստծու քեզ տված երկիրը, չյուրացնես այդտեղ ապրող ազգերի գարշելի սովորությունները: Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որն իր տղային կամ աղջկան կրակի բովից անցկացնի, կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի, թռչուններին նայելով կանխագուշակումներ անի, մոգություններով զբաղվի, վհուկ կամ սուտ մարգարե լինի, ոգեհարցությամբ զբաղվի, որովհետեւ Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով, այդպիսի գարշելի բաների համար է, որ Տերը նրանց վերացնում է քո միջից: Քո Տեր Աստծու առջեւ կատարյալ պետք է լինես: Քո ժառանգելիք երկրի մարդիկ հավատում են հմայություններին ու կախարդություններին, բայց քո Տեր Աստվածը քեզ այդպես վարվելու հրաման չի տվել»:

Այս հատվածը կարդալով՝ գտնում ենք մեղքերի մի ցուցակ, որոնք գարշելի են Աստծու աչքին: Տեսնում ենք կախարդության ու գուշակության սարսափելի մի աշխարհ եւ իմանում, որ Աստված որոշակի եւ հստակորեն մեզ արգելում է զբաղվել այդպիսի գործերով:

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Վերն ասվում է, որ հրեաների մեջ չպետք է գտնվի մեկը, որ իր զավակներին զոհաբերի՝ կրակով անցկացնելով: Այդ երկրի բնակիչներն իրենց զավակներին Մողոք կուռքին զոհաբերելու զարհուրելի սովորությունն ունեին: Այդ չաստծու արձանը սնամեջ էր, որպեսզի հնարավոր լիներ մեջը կրակ վառել: Նրա շիկացած ձեռքերի մեջ էին դնում նորածին երեխաներին, որոնք, չարաչար տանջվելով, մահանում էին:

Մարդիկ սարսափելի մեղք էին գործում՝ երեխաներին զոհաբերելով այդ կուռքին: Թեպետ նման մեղքը զարհուրելի էր եւ սթափ մարդու համար եղկելի, սակայն այն Իսրայելում եզակի չէր: Այդ մասին կարդում ենք Դ Թագավորացի 17.17 համարում, ուր հստակորեն երեւում է, թե ինչո՛ւ է Տերն Իսրայելին գերեվարում Ասորեստան. «Իրենց տղաներին եւ աղջիկներին կրակի միջով անցկացրին, կախարդություն ու հմայություն արեցին, համարձակվեցին Տիրոջ առջեւ չարություն գործել եւ զայրացրին նրան»: Նույն գրքում կարդում ենք, որ Եոշիեահի թագավորը «քարուքանդ արեց ենոմացիների ձորում գտնվող Թոփոթը, որպեսզի ոչ ոք իր որդուն կամ դստերը Մեղքոմի բոցի միջով չանցկացնի» (Դ ԹԱԳ. 23.10): 16-րդ գլխի 3-րդ համարում ասվում է, որ Հուդայի թագավոր Աքազը «իր որդուն կրակի միջով անցկացրեց ըստ այն ազգերի գարշելի սովորության, որոնց Տերն իսրայելացիների առջեւից հալածել էր»: Նույն բանն ենք կարդում նաեւ աստվածավախ Եզեկիա թագավորի որդի Մանասեի մասին. «Իր որդիներին հրի միջով անցկացրեց, հմայություն արեց, թռչուններին նայելով գուշակություններ արեց, վհուկներ ու նշանագետներ պահեց: Տիրոջ առջեւ շատ չարիքներ գործելով՝ նա բարկացրեց նրան» (Դ ԹԱԳ. 21.6):

Աստված արգելում է երեխաների զոհաբերությունը: Բայց կան նաեւ հնից եկող այլ սովորություններ, որոնք տարածված են ցայսօր եւ մեզ ակամա վերադարձնում են դեպ հեթանոսական ժամանակները:

ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ


«Երկրորդումն օրինաց» գրքի 18-րդ գլխում կարդում ենք այն ժամանակվա գուշակության մեղքի մասին, ուր հիշվում են գուշակներն եւ պայծառատեսները:

Ի՞նչ են իրենցից ներկայացնում սրանք: Ցելլերի «Աստվածաշնչի բառանի» մեջ կարդում ենք. «Գուշակները զանազան միջոցներով փորձում են ներխուժել իրենց համար փակ եղող հոգիների աշխարհը եւ, փակ դուռը թակելով, շփման մեջ են մտնում չար, սատանայական ուժերի հետ»:

Մարդիկ ինչպե՞ս են կարողանում գուշակել ապագան: Մարդկային սրտում խոր եւ անհագ մի ցանկություն կա՝ բանալ անհայտ ապագայի շղարշը: Ճիշտ քայլ կատարելու համար շատերը կամենում են ապագան եւ Աստծու կամքն իմանալ: Այդ հետաքրքրասիրության պատասխանը տալիս է Աստված Իր Խոսքի միջոցով՝ Սուրբ Հոգու օգնությամբ:

Աստծու խոսքը մեր առջեւ բաց է անում այն ամենը, որ անհրաժեշտ է իմանալ հավերժության եւ ապագայի մասին: Կարծում եմ, որ այն, ինչի մասին խոսվում է Աստվածաշնչում, ամենահրաշալին է եւ կարող է լիովին բավարարել մեզ: Այնտեղ մենք կարդում ենք, որ Աստծու որդիները լինելով՝ նրա ժառանգորդներն ենք եւ մեզ համար Նոր Երկինք եւ Նոր Երկիր պիտի լինի, ուր պիտի իշխի արդարությունը:

Ինչ որ ասում է Աստված, հաճախ չի բավարարում մարդկանց, եւ նրանք ուզում են ավելին իմանալ: Եվ երբ այդ ձգտումը չի բավարարվում, մարդը, Աստծու կամքին հակառակ, աշխատում է խորանալ ապագայի գաղտնիքների մեջ եւ ամեն կերպ փորձում է իմանալ, թե հավիտենականությունը ի՞նչ պիտի բերի իրենց: Եթե մարդը կամենում է իմանալ, թե կյանքի ճանապարհից ինչպե՞ս պետք է անցնի, որ ճիշտ լինի, ապա պետք է քաջ գիտենա, որ միայն ինքը՝ Աստված է դա ուսուցանում Սուրբ Հոգու միջոցով: Այս վերջինի միջոցով է, որ Աստված մեզ պատվիրաններ եւ կյանքի դժվար հարցերին պատասխաններ է տալիս, սովորեցնում, թե ինչպես պետք է վարվենք կյանքի վճռորոշ պահերին: Աստված մեզ ղեկավարում է Ս. Հոգու միջոցով, սակայն Աստծու աջակցությունն ստանում ենք միայն այն ժամանակ, երբ դառնում ենք Նրա զավակները: Պողոս Առաքյալն ասում է, որ նրանք, ովքեր Ս. Հոգով են առաջնորդվում, Աստծու զավակներ են:

Երբ մարդն իր քմահաճույքների եւ հետաքրքրասիրության պատասխաններն Աստծուց չի ստանում, դիմում է գուշակներին. ինչ որ Տերը չի կամենում ասել, գուշակությունների միջոցով «ասում» է սատանան:

Տարբեր ժողովուրդներ տարբեր կերպերով են զարգացրել կանխագուշակությունը: Գուշակության հիմքը կազմում է այն գաղափարը, թե Աստվածները գիտեն ապագան եւ բացում են այն մարդկանց առջեւ, ովքեր գիտեն հարցնելու ճիշտ ձեւը եւ հասկանում են պատասխանների նշանակությունը: Քանի որ հեթանոսության ողջ շրջանը մութ ուժերի ազդեցության տակ է եղել, ապա որոշ է, որ, առանց սատանաների հետ կապվելու, անկարելի էր կանխատեսություն կատարել:

Մեր օրերում կատարվող կանխագուշակության մասին ճիշտ եզրահանգում ունենալու համար անհրաժեշտ է իմանալ, թե անցյալում ինչպե՞ս էր կատարվում դա: Հստակ է դառնում, որ բոլոր հին միջոցները կիրարկվում են նաեւ այսօր: Անցյալում գուշակում էին խոսքի եւ մարդու, ինչպես նաեւ տարբեր նշանների մեկնաբանության միջոցով: Խոսքի միջոցով կանխագուշակությամբ զբաղվում էին նրանք, որոնց ինչ որ ձեւով հաջողվում էր թափանցել անհայտ աշխարհը եւ այդպիսով իմանալ ապագայի մասին «Աստծու կամքը»:

Գուշակները պնդում են, թե իրենք ուրիշ՝ բարձր աշխարհում են գտնվում: Իրո՞ք ոգիների, թե ուրիշ ճանապարհով էր նրանց հաջողվում զմայլանքի վիճակ ստեղծել: Սովորաբար կանայք էին գուշակությամբ զբաղվողները:

Մեր օրերում եւս բազմաթիվ կանայք օժտված են այդ ունակությամբ: Այն մասին, թե գուշակներին դիմելիս մենք գործ ենք ունենում մարդկանց հետ, ովքեր Աստծու եւ Նրա Հոգու առաջնորդության տակ չեն գտնվում, կարդում ենք «Գործք Առաքյալոցի» 16-րդ գլխում: Փիլիպպե քաղաքում Պողոս Առաքյալը հանդիպում է մի ստրուկ աղախնի, որ գուշակության ոգու շղթաների մեջ տառապում էր: Պողոսը սրտնեղված դիմում է ոգուն եւ ասում «Հիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ քեզէ դուրս եկ նրանից» (ԳՈՐԾՔ 16.18): Թեպետ կինը պարզապես ասել էր. «Այս մարդիկ Բարձրյալն Աստծու ծառաներն են, որոնք փրկության ճամփան են քարոզում ձեզ» եւ բացարձակ ճշմարտություն էր, սակայն Պողոսը հասկացել էր, որ նա դիվահար է: Պողոսը հասկացավ, որ նրան ղեկավարողը ստության հայրն է՝ սատանան, ուստի քշեց պիղծ ոգուն, որ խոսում էր այդ կնոջ շրթներով: Եւ սատանան շուտով վրեժ լուծեց Պողոսից: Նրան փայտերով ծեծեցին եւ, արյուլվա արած, բանտ նետեցին:

Կանխագուշակության առաջին միջոցն այն է, որ մարդն իր գիտակցությունը հանձնում է մութ ուժերի տնօրինությանը, որոնց միջոցով սատանան ինքն է գործում: Երկրորդ եւ տարածված միջոցն է նշանների եւ երեվույթների մեկնաբանումը: Շարունակությունը >>>

>>>

 
     
 

 


 


 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ