Եկեղեցին
շաղախ է՝ հայ ազգութեան շէնքը կանգուն ու անսասան պահող, աշխարհի չորս ծագերից հասնող, փոթորկաշունչ մե՛րթ «ցուրտ», մե՛րթ «տօթակէզ» հողմերին
դիմաց:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

   
    ԺԴ Տարի, Թիվ 9 (165), Սեպտեմբեր 2013 թ.  


 

       

«ԵԹԷ ՈՒՐՈՒՔ ԳՈՐԾՆ ԶՈՐ ՇԻՆԵԱՑ՝ ԿԱՑՑԷ, ՎԱՐՁՍ ԱՌՑԷ»
ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆՈՒՄ
ՕԾՎԵՑ ՍՈՒՐԲ ՀՈԳԻ ԵԿԵՂԵՑԻՆ

«Ի տեառնէ եղեւ այս, եւ է սքանչելի առաջի աչաց մերոց: Այսօր է, զոր արար Տէր, եկայք ցնծասցուք եւ ուրախ եղիցուք ի սմա»:
ՍՂ. 117. 23:24


եռեւս 2008 թվականի մայիս ամսին ղարիբջանյանցիներն ի մի եկան եւ ցնծագին ողջունեցին հողօրհնության ձեռնարկը, որին պետք է հաջորդեին սեփական աղոթատան հիմնարկեքն ու շինարարությունը: Վերջիններս քաջածանոթ էին Սամվելին եւ Տոնոյանների գերդաստանին ընդհանրապես, նրանց նախանձախնդիր ու հայրենանվեր ոգուն: Այսօր արդեն նրանց շնորհիվ, հուրախություն ղարիբջանյանցիների, օծվելու էր Ս. Հոգի եկեղեցին:

Օգոստոսի 31-ին՝ շաբաթ օրը, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, հոգեւորականաց դասի ուղեկցությամբ, մեկնեց Ախուրյանի տարածաշրջանի Ղարիբջանյան գյուղ՝ կատարելու նորակառույց Ս. Հոգի եկեղեցու օծման հանդիսավոր արարողակարգը:

ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Մինչեւ 1935 թ. գյուղն անվանվել է Ալեքսանդրովկա, իսկ ժողովուրդը կոչել է Ռսի Ղարաքիլիսա: Ապա, ի պատիվ Անդրկովկասում հեղափոխական շարժման ակտիվ մասնակից Բագրատ Ղարիբջանյանի, վերանվանվել է Ղարիբջանյան:

Ըստ տեղաբնակների պատմածի՝ գյուղը հիմնադրվել է 1872-75 թթ.: Տարածքը նախ պատկանել է Ազատան (Խլի Ղարաքիլիսա) գյուղին, որի բնակչության մեկ երրորդը հայ կաթոլիկներ էին, իսկ երկու երրորդը Առաքելական Եկեղեցու հետեւորդներ: 1877 թ. Ալեքսանդրապոլ է ժամանում Ալեքսանդր Բ ցարի եղբայրը՝ Կովկասյան ռազմաճակատի հրամանատար Միխայել Նիկոլաեւիչը: Ընդունելով Ալեքսանդրովկա գյուղի պատվիրակությանը՝ Միխայելը խոստանում է, ապա նաեւ կառուցում ուղղափառ դավանության եկեղեցի, որը գործում էր մինչեւ 1926 թ. Լենինականի հայտնի երկրաշարժը: Այնուհետեւ խոնարհված եկեղեցու քարերը գյուղացիներն օգտագործում են ավերված տները կառուցելու, այլ ոչ թե եկեղեցին վերականգնելու համար:

1920 թ. Թիֆլիսում տպագրված «Ցուցակ Հայ կաթողիեաց, կղերականաց եւ եկեղեցեաց ի Ռուսիա եւ ի Կովկաս» տոնացույցի մեջ (խմբագրությամբ Տ. Դիոնիսիաս վրդ. Կալատուզեանի) նշվում է. «Ալէքսանդրովկա ժողովրդապետութիւն, որ 1920-ին տակաւին ծխական եկեղեցի չուներ, սակայն հոգ հոգւոցը կը հոգար Տէր Պետրոս Նուրիջանեան»:

ՍՈՒՐԲ ՀՈԳԻ ԵԿԵՂԵՑԻՆ

Ճիշտ հինգ տարի անց արդեն հավատավոր ղարիբջանյանցիներին է ներկայանում ամբողջական կառույցը, որ արգասիքն է վաղամեռիկ մեկենաս Սամվել Տոնոյանի ֆինանսական աջակցության:

Աղոթատունը խաչաձեւ կենտրոնագմբեթ կառույց է՝ մեկ մուտքով, որի վերեւում առկա է հետեւյալ արձանագրությունը. «Ի հայրապետութեան Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի Ամենայն Հայոց եւ յառաջնորդութեան Տեր Միքայել եպս. Աջապահեանի կառուցաք եկեղեցիս յանուն կենդանարար Հոգւոյն Սրբոյ արդեամբք եւ ծախիւք տիար Սամուել Տոնոյեանի եւ ի յիշատակ տիկնոջն իւրոյ Սաթենկան ի թուին հայոց ՌՆԾԷ եւ յամի Տեառն 2008»: Հյուսիսային խաչթեւի արեւելյան պատի մեջ ներսից փորված է մի փոքր խորշ՝ խորանի ձեւով, իսկ նույն խաչթեւի հյուսիսային կողմում մկրտության ավազանն է: Չորս սյուն ունեցող Ս. Հոգու գմբեթի թմբուկը գլանաձեւ է՝ ծածկված սրածայր վեղարով, վրան՝ խաչ:

Ի դեպ՝ 2008 թ. նոյեմբերին, ձեռամբ Միքայել Սրբազանի, օծվել է խաչը: Արեւելյան կողմում կիսակլոր աբսիդն է՝ ցածր բեմով: Արեւելյան ճակատի վրա կա եռանկյունաձեւ խոր խորշ, որի կամարակապ գագաթը զարդարված է ճառագայթաձեւ քանդակով: Յուրաքանչյուր խաչթեւի ճակատային մասում բացվում են մեկական նեղ, երկարավուն լուսամուտներ:

ՕԾՈՒՄ ՍՐԲԱԼՈՒՅՍ ՄՅՈՒՌՈՆՈՎ

Մեծաթիվ հավատացյալներ էին եկել՝ ներկա գտնվելու աղոթատան օծման հանդիսավոր արարողակարգին: Հենց մուտքի մոտ Սրբազան Հայրը, ինչպես նաեւ հոգեւորականաց դասը ծնրադիր Տիրոջից հայցեցին. «Բաց մեզ Տէր, զդուռն ողորմութեան…»: Ապա Տիրոջ ողորմածությամբ բացված դռնից ներս մտան բոլոր ներկաները: Սկսվեց եկեղեցու լվացումը նախ ջրով, ապա գինով՝ համաձայն «Մաշտոց» ծիսարանի: Սրբազան Հորն օգնում էին Ազատանի հոգեւոր հովիվ Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը եւ Երուսաղեմի միաբանության անդամ Տ. Հայր Շնորհք աբղ. Ալոյանը: Ծիսակատար Առաջնորդ Սրբազանի ձեռամբ սրբալույս Մյուռոնով օծվեցին չորս Ավետարանիչների անունները կրող սյուները, մկրտության ավազանը, սեղանը եւ խորանը:

Այնուհետեւ Սրբազան Հայրն իր երախտիքի եւ օրհնանքի խոսքը հղեց ներկա հյուրերին ու բարեպաշտ ղարիբջանյանցիներին՝ ի մասնավորի ասելով. «Եկեղեցու օծման արարողությունն սկսեցինք դռնից. նախ դռնբացեքի արարողություն կատարեցինք, աղոթեցինք, որպեսզի եկեղեցվո դռները բացվեն եւ այլեւս երբեք ոչ մի ուժ այն չհամարձակվի փակել: Որից հետո մտանք եկեղեցի, օրհնության կարգ արեցինք, որով այն դարձավ գործող, ուր Ս. Պատարագ կմատուցվի, մկրտության, պսակի արարողություն կլինի: Այս եկեղեցին չկառուցվեց միայն նրա համար, որ այստեղ մոմ վառեն, այլ որ այստեղ մկրտվեն, ամուսնանան, Սուրբ Պատարագի ընթացքում Սուրբ Հաղորդություն ստանան: Բոլորս ուրախ ենք, որովհետեւ մի վայր է օծվել, սրբագործվել, ուր հնչելու է Աստծո խոսքը»:

Շարունակելով իր հայրական պատգամը՝ Առաջնորդ Սրբազանը բարեպաշտ ղարիբջանյանցիներին շնորհավորանքի խոսք ասաց եւ, ի մասնավորի բարերարի հոգու հանգստության համար, աղոթք առաքեց առ Բարձյալն Աստված, ինչպես նաեւ երախտիքի ջերմ խոսքեր ուղղեց Տոնոյանների ընտանիքին:

Սրբազան արարողակարգին ներկա էին բարերարի որդիները, համայնքապետ Մանվել Պողոսյանը, հանրակրթական դպրոցի տնօրեն Վաղարշակ Յայլոյանը, հյուրեր, եւ մեծաթիվ ղարիբջանյանցիներ:

Վերջում նորաօծ Ս. Հոգի եկեղեցում կատարվեց Ս. մկրտություն: Սուրբ խորհրդով Աստծո որդեգիրներ դարձան բարերարի թոռնիկները: Ապա եկեղեցու բակում, Տոնոյանների ընտանիքի կողմից, կատարվեց մատաղօրհնություն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ