Քրիստոսի մարդեղությունն Աստծո հաղթանակն է մարդու ես-ի նկատմամբ: Որքա՜ն չարիքներ կան արմատավորված այդ խղճուկ ես-ում, որոնք խեղում են կյանքը, սանձում թռիչքները, գոցում սրտերը, հորիզոնները եւ սպանում անհատին:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 1 (289), հունվար 2024 թ.  


 

       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՊԱՏԳԱՄԸ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ
ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

«Հիմա լույս եք ի Տեր. ընթացեք ինչպես լուսո որդիներ. քանզի լուսո պտուղներն են
բարությունը, արդարությունը եւ ճշմարտությունը»:
ԵՓԵՍ. Ե 8-9

իրելի՛ հավատավոր ժողովուրդ,

Այսօր՝ Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնին, ազգս հայոց, թեեւ վշտակիր եւ հոգեխռով, սակայն հավատքով աներեր, կամքով անկոտրում եւ հույսով առլեցուն, խոնարհվում է մանկացյալ Փրկչի առջեւ, որ բեթղեհեմյան այրից որպես լույս ու փրկություն ճառագեց ողջ աշխարհին: Գեղեցիկ օրհներգությամբ է հոգեպարար շարականը մեզ փոխանցում Սուրբ Ծննդյան հիասքանչ իրողությունը. «Աստվածածին, լույսի խորան, արդարության Արեգակի արեւելք եղար եւ խավարի մեջ նստածներիս լույս ծագեցրիր»: Փրկչի Ծնունդը հրավեր է՝ խավարից դեպի լույս, դեպի Աստված ընթանալու եւ, միշտ Տիրոջ հետ լինելով, արժանի դառնալու երկնատուր բարիքների ու հավիտենության: Մարդեղացյալ Աստվածորդուն մերժելը, սակայն, արհավիրքներ է բերում, չարիք ու ավեր սփռում: Սուրբ Ծնունդն այսօր քրիստոնյա ողջ աշխարհը տոնում է աղոթքով ու հայցով, որ մարդկության կյանքը լցվի Քրիստոսով նորոգությամբ, եւ ազգեր ու պետություններ կարողանան գտնել խաղաղության ու համերաշխ համակեցության ուղիներ՝ տագնապներով ու հակամարտություններով լեցուն ներկա աշխարհում:

Մեր ժողովուրդը 21-րդ դարում վերստին կրեց կորուստներ, ենթարկվեց նոր փորձությունների, որոնք, ցավոք, անկարող եղանք հաղթահարել աշխարհաքաղաքական բարդ իրադարձությունների, ինչպես նաեւ առաքելապատվեր բարության, արդարության ու ճշմարտության ճանապարհից խոտորվելու պատճառով: Բարությունը մեզանում աղճատվեց չարության ու նենգության որոմներով, արդարությունն այլափոխվեց կողմնակալության ու հաշվեհարդարի դրսեւորումներով, ճշմարտությունը խեղվեց ու խաթարվեց ստով ու չարահնար գործողություններով: Նման արատները նաեւ պատճառ դարձան մեր ազգի մասնատման, ուժերի ջլատման ու պարտությունների, նաեւ կորուստների մեր սրբությունների ու արժանապատվության:

Այսպես Արցախը միայնակ մնաց իրեն պատած արհավիրքների օրերին: Արցախցի հայորդիք եղան հալածական հայրենի բնօրրանից, աստանդական ու անօթեւան: Բայց Տերը, Ով Իր Ծննդյամբ փրկություն ու լույս սփռեց խավարի մեջ, ցույց է տալիս, որ Աստծո հետ ամեն նեղություն վերափոխվում է հաղթության, ամեն տառապանք՝ աստվածային հատուցման, ամեն դժվարություն՝ ուժի եւ զորության, եւ անգամ մահը՝ հավիտենության: Այս գիտակցությամբ ու հանձնառությամբ մեկտեղենք մեր ջանքերը փորձությունները՝ հաղթահարելու համար եւ ավետարանչի խոսքերի ճշմարտությունը ցոլացնենք մեր կյանքում. «Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, եւ խավարը նրան չնվաճեց» (Հովհ. Ա 5):

Սիրելի՛ բարեպաշտ զավակներ ի հայրենիս եւ ի սփյուռս, Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնին Հայրապետիս պատգամն է, որ մեր սրտերը չդարձնենք հուսահատության, տրտմության մութ ու ցուրտ անձավներ, այլ՝ Քրիստոսի ներկայությամբ լուսավորված մսուրներ, ուր մանուկ Հիսուսին աստվածահաճո գործեր ընծայելու մղումն ու ձգտումն են թագավորում: Արդ, ապավինենք մարդեղացյալ Տիրոջը, ամուր մնանք հավատքի մեջ, ամենուր լինենք բարու, սիրո եւ ճշմարտի առաջամարտիկներ՝ հանուն արդար ու լուսավոր մեր կյանքի: Նախանձախնդիր լինենք հայրենի պետության հզորացմանը եւ համախմբվենք՝ մեր ողջ ներուժով կասեցնելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ու ոտնձգությունները: Վերացնենք արհեստականորեն մեր մեջ ստեղծված անջրպետները, ապրենք միմյանց հանդեպ սիրով, որ երկնային օրհնությամբ պայծառանան հայրենական ու ազգային մեր անդաստանները՝ ինչպես Ավետարանում է ասվում. «Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. եւ լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի եւ ստվերների մեջ» (Մատթ. Դ 16):

Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության հուսաբեր խորհրդով քաջալեր՝ Հայրապետական Մեր հորդորն ենք բերում Արցախից տեղահանված Մեր զավակներին: Սիրելինե՛ր, դուք անօրինակ հերոսական եւ անընկճելի ոգով ամենայն արժանապատվությամբ ու անտրտունջ հաղթահարել եւ հաղթահարում եք ձեզ պատուհասած նեղությունները: Մեզ համար երբեք անցյալ չի դառնա Արցախը, որը մենք շարունակելու ենք փայփայել մեր սրտում ու հոգում՝ ամենայն ջանք ի գործ դնելով արցախահայության իրավունքների պաշտպանության համար: Մնացեք լի հույսով՝ Աստված ձեզ բարիքներ եւ օրհնություններ կպարգեւի ձեր կրած զրկանքների փոխարեն: Ձեր դժվարություններում դուք միայնակ չեք: Ձեզ հետ են ի հայրենիս եւ ի սփյուռս հավատավոր ձեր եղբայրներն ու քույրերը, ովքեր պիտի շարունակեն, բոլոր հնարավոր միջոցներով, սատար ու օգնական լինել ձեզ: Միասին դուրս պիտի գանք առկա ծանր իրավիճակից եւ կառուցենք խաղաղ, բարօր ու ապահով ապագան մեր ժողովրդի ու հայրենիքի: Հավատում ենք մեր նոր կյանքի արշալույսին, քանզի խավարը չի կարող արգելք լինել արեւածագին: Առավոտվա լույսի հետ, Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի հայցի համաձայն, մեր հոգիներում պիտի պայծառանա Աստծո իմանալի լույսը, եւ, ինչպես Տերն է ասում մարգարեի շուրթերով, «Արագ պիտի մոտենա Իմ արդարությունը, եւ Իմ փրկությունը պիտի ելնի ինչպես լույս» (Եսայի Ե 1.5):

Այս հուսառատությամբ ու հավատով, Սուրբ Ծննդյան ավետիսով եղբայրական Մեր ողջույնն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպս. Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպս. Մաշալյանին, քույր Եկեղեցիների հոգեւոր Պետերին՝ հայցելով Փրկչի օրհնությունն ու զորակցությունը եւ գահակալության արեւշատ ու արդյունալի տարիներ: Հայրապետական Մեր սերն ու բարյաց մաղթանքներն ենք հղում Սուրբ Եկեղեցու հոգեւոր դասին եւ համայն հավատավոր ժողովրդին:

Սուրբ Ծննդյան շնորհաբեր այս օրն աղոթք ենք վերառաքում առ Փրկիչ մեր Տերը. Ով մանկացյալ Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, մեր փրկության համար մարմնացար եւ աշխարհ եկար ու մարդկության հանդեպ անսահման սիրովդ երկնառաք շնորհների լույսը ծագեցրիր բոլոր Քեզ հավատացողների հոգիներում: Խաղաղություն ու բարօրություն պարգեւիր աշխարհին ու հայրենիքին: Ազատիր մեզ ամենայն չարից ու չարիքից, մխիթարություն շնորհիր պատերազմի արհավիրքներից ու ծանր կորուստներից խռովահույզ ու վշտակիր մեր սրտերին: Ներիր եւ թողություն շնորհիր մեզ, որպեսզի մեղքերն ու անկումները չփակեն մեր առջեւ ճանապարհը մեր տեսիլքների իրագործման եւ ակունքները Քո անբավ բարիքների ու անսպառ ողորմության: Սուրբ Աջիդ խնամքի ներքո պահպանիր հայրենիքի սահմանները հսկող մեր քաջարի զինվորներին: Շուտափույթ վերադարձ պարգեւիր պատանդ պահվող գերյալ հայորդիներին, այլեւ անհայտ կորած մեր զավակներին: Երկնային երանական հանգստության եւ լուսեղեն օթեւանների արժանացրու պատերազմում զոհված մեր հերոս նահատակներին: Թող համայն հայության մեջ, ինչպես Սուրբ Ծննդյան մսուրում, շողարձակի Քո լուսավոր ներկայությունը, որպեսզի, Քեզանով զորացյալ, դիմակայենք բոլոր փորձությունները եւ ընթանանք դեպի հաղթական գալիքը մեր ժողովրդի՝ փառավորելով Քեզ Հոր եւ Սուրբ Հոգու հետ այժմ եւ միշտ եւ հավիտյանս. ամեն:

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,
Ձեզ եւ մեզ մեծ աւետիս

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները