Քրիստոսի մարդեղությունն Աստծո հաղթանակն է մարդու ես-ի նկատմամբ: Որքա՜ն չարիքներ կան արմատավորված այդ խղճուկ ես-ում, որոնք խեղում են կյանքը, սանձում թռիչքները, գոցում սրտերը, հորիզոնները եւ սպանում անհատին:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 1 (289), հունվար 2024 թ.  


 

       

ԴՊՐԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՏՎՉՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

ռաքելական հաջորդականության սրբազան արարողությամբ կրկին վերակենդանացել էր Գյումրու Ս. Յոթվերք մայր եկեղեցին, որ ցայսօր պահել է դարերի հիշողությունն իր սրբասուրբ կամարների ներքո:

Երկար ընդմիջումից հետո՝ դեկտեմբերի 24-ին, ձեռամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, տեղի ունեցավ դպրական աստիճանի տվչություն: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու փոքր աստիճաններից առաջին չորսը կոչվում են դպրություն: Դպիրները շապիկ են հագնում, կիսասարկավագի պաշտոն կատարում, երգում շարականներ եւ մասնավորապես Սուրբ Պատարագի երգերը:

Հավարտ երեկոյան ժամերգության՝ սուրբգրային ընթերցվածների եւ շարականների լուսերգության ուղեկցությամբ, դպրության աստիճան ստացան Մհեր Առաքելյանը, Համլետ Այվազյանը, Մանուկ Հովհաննիսյանը, Սամվել Չաղայանը եւ Իշխան Բարոյանը: Եկեղեցու դռան մոտ՝ Սրբազան Հոր առջեւ, ծնկի եկան ընծայացուները: Թեմակալ Առաջնորդը, ըստ կարգի, նախ նրանց մազերը կտրեց խաչաձեւ՝ այսպես բանաձեւելով. «Ի հատանել հերացդ՝ հատցի ի քէն երկրաւոր ցանկութիւն աշխարհիս»: Հետո նրանց տվեց սաղմոսարանը, որ Ատյանի ժամագիրքն է՝ ասելով. «Ունկն դիր եւ տես, զոր եղանակես բերանով…», ապա հանձնեց ավելը. «Առ քեզ հրաման լինել աւելածու ի տան Տեառն եւ ի գաւիթս Աստուծոյ»:

Դռնապանի աստիճանը տրվեց նույն տեղում, այնուհետեւ ծիսակատար Սրբազանը եկեղեցու բանալին դրեց ընծայացուների ձեռքը՝ հավելելով. «Առ քեզ իշխանութիւն բանալոյ եւ փակելոյ զդուռն սրբոյ տաճարիս…»: Որից հետո կատարվեց ընթերցողի կարգը. «Առ քեզ իշխանութիւն ընթեռնուլ զգիրս զայս եւ լեր աստուածային բանին պատմող եւ տեղեկացիր նոցին…»: Սրան հաջորդեց ջահընկալի կարգը: Եպիսկոպոսական աթոռը դրվեց դասի առջեւ եւ կատարվեց կարգը: Սրբազան Հայրը նստելով աթոռին՝ լուսավառ աշտանակը հանձնեց ընծայացուների ձեռքը՝ ասելով. «Ընկալ զաշտանակ լապտերիս եւ ունիս իշխանութիւն լուցանել զջահս եւ զկանթեղս ի սուրբ Եկեղեցիս», ապա տվեց նաեւ դատարկ բաժակամանը. «Առ զբաժակամանս զայս՝ լնուլ ի սա զգինի ի սպաս խորհրդոյն»:

Արարողության վերջում նորոգ դպիրներին իր հայրական օրհնությունը շնորհեց Միքայել Սրբազանը: Բարեմաղթանքների խոսքում Սրբազան Հայրն առանձնակի շեշտեց հոգեւորականի պարտականության դժվարությունները, դրանց հաղթահարման ճանապարհին գործադրվելիք ջանքերը, նաեւ մաղթեց, որ դպիրներն առավել բարձր աստիճանների հասնեն իրենց աստվածատուր գործի խորդուբորդ ընթացքին:

Արարողությանը ներկա էին թեմի արժանապատիվ Տեր Հայրերը, ծնողներ, հավատացյալներ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները