Քրիստոսի մարդեղությունն Աստծո հաղթանակն է մարդու ես-ի նկատմամբ: Որքա՜ն չարիքներ կան արմատավորված այդ խղճուկ ես-ում, որոնք խեղում են կյանքը, սանձում թռիչքները, գոցում սրտերը, հորիզոնները եւ սպանում անհատին:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 1 (289), հունվար 2024 թ.  


 

       

«ՀՈՅԼՔ ՀՈԳԵՂԷՆՔ ԸՆԴ ՀՈՎԻՒՍՆ ՔԱՐՈԶԷԻՆ
Ի ՅԱՆԲԱՆԻՑ ՄՍՈՒՐ ԶԲԱՆՆ ԲԱԶՄԵԱԼ»
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ
ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Փառք հրաշափառ Ծննդեան Քո, Տէր, զօրհնեալ եւ զփառաւորեալ զհրաշալի եւ
զյաղթող զծնունդ Քո սուրբ օրհնեմք եւ փառաւորենք»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ԽՈՐՀՈՒՐԴ ՄԵԾ ԵՎ ՍՔԱՆՉԵԼԻ

կեղեցական տոների սկիզբը Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության ուրախալի տոնն է, որ սահմանել է Հակոբոս Տյառնեղբայր Առաքյալը, ով մորաքրոջ որդին էր մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի, ականատեսը Նրա տնօրինական գործերի: Քրրիստոսի ծննդյան ամսաթիվը Հովսեփն էր ասելՀակոբոսին: Եվ երեսուն տարի անց, դարձյալ հունվարի 6-ին, Տերը մկրտվեց՝ ինչպես վկայում է Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Ս. Ծննդյան եւ Մկրտության տոները նշում է միասին եւ անվանում «Հայտնություն»: Նա, Ով ծնվեց Սուրբ Կույսից, նույն Ինքն այդ օրը եկավ՝ մկրտվելու Հովհաննեսից, վկայվեց Հորից եւ դավանվեց որպես Որդի, Հոր մշտնջենավոր Ծնունդ նույն Էությունից: «Հայտնության տոն» է կոչվում, որովհետեւ այդ օրն արարածները տեսան իրենց Արարչին: Տիրոջ Ծննդյամբ եղավ նաեւ Նրա Հայտնությունը եւ Աստված, Սուրբ Կույսից ծնվելով, որպես մարդ երեւաց: Ուստի Պողոս Առաքյալն ասում է. «Աստված Իր շնորհը հայտնեց որպես փրկության միջոց բոլոր մարդկանց» (Տիտ. Բ 11):

Քրիստոսի Մկրտությամբ Հայտնություն եղավ, քանզի հայտնի դարձավ կուսածին Մարդու՝ Հիսուսի Աստվածությունը, Ում մկրտեց Հովհաննեսը եւ Քրիստոս անվանեց: Այդ օրը, Որդու մկրտությամբ, Հոր ձայնով եւ Սուրբ Հոգու աղավնակերպ իջմամբ, հայտնվեց նաեւ Ս. Երրորդության խորհուրդը, որ դարեր շարունակ ծածկված էր մարդկանցից: Մեր Եկեղեցու Սուրբ Հայրերը Սուրբ Ծնունդը կոչել են «Խորհուրդ մեծ եւ սքանչելի», քանզի անհնար է բացատրել, թե ինչպես անբավելին, հավիտենականն ու անսահմանը, խանձարուրի մեջ պարուրվեց, ինչպես Աստծո Խոսքն ու Իմաստությունը ծնվեց ոչ բանական կենդանիների մսուրում: Մարդկային մտքին անհասանելի է մնում, թե ինչպես Աստծո Միածին Որդին, Արարչի Փառքի Լույսն արարած եղավ, Տերը ծառայի կերպարանք ստացավ: Ամեն ինչ խոնարհվում է այս անսահման սիրո առջեւ՝ մարգարեական խոսքի համաձայն. «Ձորերը լցված են, լեռներն ու բլուրները ցածրացած, դժվարին տեղերը դյուրին դարձած, առապարները՝ դաշտեր, եւ թագավորում է փրկության շնորհը, որ աշխարհ մտավ Մանուկի հետ» (Ես. Խ 4 ): Արդարեւ կյանքը կանգուն է Աստծո սիրով լեցուն հոգու խաղաղությամբ. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ...ձեր սրտերը թող չխռովեն եւ չվախենաք» (Հովհ. ԺԴ 27):

«ՓԱՌՔ ՀՐԱՇԱՓԱՌ ԾՆՆԴԵԱՆ ՔՈ, ՏԷՐ»
ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ Ս. ՊԱՏԱՐԱԳ

Հունվարի 5-ին՝ երեկոյան ժամերգության ընթացքում, նախնյաց ավանդույթի համաձայն, հատուկ խորհրդակարգով վառվեցին հայոց բոլոր եկեղեցիների ջահերն ու կանթեղները՝ խորհրդանշելով, մոգերին առաջնորդող, բեթղեհեմյան լուսաշող աստղը: Ս. Ծննդյան խորհուրդը Շիրակի թեմի հավատացյալ հայորդիները վերապրեցին Ճրագալույցի Սուրբ եւ անմահ Պատարագով, որ մատուցվեց Ս. Յոթվերք, Ս. Նշան, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Հակոբ, Ս. Ամենափրկիչ, Ս. Հռիփսիմե, Ս. Մինաս, Ս. Սարգիս եկեղեցիներում, եւ որն սկսվեց Դանիել մարգարեի թղթերի ընթերցումից հետո: Ս. Յոթվերք եկեղեցում օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: Մեկնելով օրվա խորհուրդը՝ Տեր Հայրը նաեւ մաղթեց, որպեսզի ներկաները, Բեթղեհեմյան երկնակամարում պայծառափայլող աստղի առաջնորդությամբ, վերակերտեն իրենց հայրենանվեր կյանքը, հոգիները վերածեն հոգեւոր քարայրի՝ այնտեղ ընդունելով աշխարհի Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին:

«ՈՉ ՄԵԿՆԵԼՈՎ Ի ՀՕՐԷ, Ի ՍՈՒՐԲ ԱՅՐԻՆ ԲԱԶՄԵՑԱՒ…»

6-ը հունվարի. հայոց աշխարհում, եկեղեցիների զանգերի ղողանջների հետ միաձույլ, ասես Աստված Ինքն էր իջնում ձեռակերտ տաճարներ՝ սեր, խաղաղություն եւ հաճություն բերելով ամենքին: Հայոց եկեղեցիներում կրկին հնչեցին հոգենորոգ այս խոսքերը. «Զի ծնաւ մեզ այսօր Փրկիչ»:

Ս. Յոթվերք եկեղեցում օրվա պատարագիչն էր Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ս. Ծննդյան պատգամը, որով կրկին հիշատակվում էր, բեթղեհեմյան անմար աստղից ճառագող, սերը, ինչը հավատացյալ հայորդուն կոչում է ինքնաճանաչման:

ՋՐՕՐՀՆՅԱՑ ԿԱՐԳ

Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Առաջնորդ Սրբազանի, հոգեւորականաց հանդիսավոր թափորն ուղղվեց Վարդանանց հրապարակ: Կենաց ծառը խորհրդանշող՝ ամանորյա տոնածառի հարեւանությամբ բարձրացված բեմահարթակի վրա կատարվեց Ջրօրհնեքի արարողակարգ՝ ի հիշատակ Քրիստոսի Հորդանանում մկրտության: Հիսուս Իր օրինակով լուսավորեց մկրտության խորհուրդը, որով մարդ պետք է մուտք գործեր Քրիստոնեական Եկեղեցի: Ս. Գրիգոր Տաթեւացին ասում է. «Իր սուրբ Մարմինն ամփոփեաց զջուրն, այսինքն՝ հալեցոյց Ինքն եւ զօրացոյց եւ սրբեաց զջուրն, զի նախ էր ջուրն սրբութիւն մարմնոյ, եղեւ սրբութիւն հոգւոյ»:

Հանդիսադիր եւ պատարագիչ Սրբազան Հայրը, «Առաքելոյ Աղաւնոյ» շարականի երգեցողությամբ, սրբալույս Մյուռոնը մյուռոնաթափ աղավնուց կաթեցրեց ջրով լեցուն երեք կաթսաների մեջ: Այնուհետեւ, արդեն ջրում եղող, խաչը, «Պահպանիչ» աղոթքի ընթացքում, հանեց եւ տվեց օրվա խաչի կնքահորը՝ Արմեն Տոնոյանին: Վերջում օրհնված ջուրը բաժանվեց ներկա հավատացյալներին:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող օրը, Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանի: Մեռելոցը նախ երախտագիտության ու հարգանքի արարողություն է՝ ողջերի կողմից մեռյալների հանդեպ, որպեսզի նրանք չմոռացվեն, նաեւ վերստին նորոգման, հարության հույս է պարգեւում:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները