Քրիստոսի մարդեղությունն Աստծո հաղթանակն է մարդու ես-ի նկատմամբ: Որքա՜ն չարիքներ կան արմատավորված այդ խղճուկ ես-ում, որոնք խեղում են կյանքը, սանձում թռիչքները, գոցում սրտերը, հորիզոնները եւ սպանում անհատին:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 1 (289), հունվար 2024 թ.  


 

       

ՆՌՆՕՐՀՆԵՔ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Նա երկու խոյակ պատրաստեց, որոնք պետք է դրուէին պղնձաձույլ սիւների վրա…:
Նա երկու սիւների համար պատրաստեց նռնաձեւ զարդեր, որպեսզի դրանք
շարք-շարք կախեն վանդակացանցի վրա»:
Գ ԹԱԳ. Է 16-18

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրիությամբ, Ամանորի գիշերը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում եւ հայոց բոլոր եկեղեցիներում կատարվեց գոհաբանական մաղթանք եւ նռնօրհնեք:

Նռնօրհնեքով է ավարտվում հին տարին եւ սկսվում նորը: Ըստ հայկական ավանդության՝ նուռը, իբրեւ ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի եւ առատության իմաստ: Նռնենու կեղեւի մեջ պարփակված կարմրագույն պտուղը Ս. Ավետարանն է, որն իր քաղցրությամբ ու շնորհներով պարգեւեց փրկություն ու հավիտենական կյանք: Նուռն իր հոգեւոր խորհրդաբանությամբ նաեւ ներկայացնում է մարդու երկրավոր ու երկնային կյանքը. դառը կեղեւը, իր վեցաթերթ թագապսակով, խորհրդանշում է երկրավոր կյանքը, որ պետք է պսակված լինի աստվածային երեք շնորհների՝ հավատքի, հույսի, սիրո թագով, որոնք համապատասխանաբար առնչվում են Ամենասուրբ Երրորդության երեք անձերին՝ Հորը (հավատք), Որդուն (հույս) եւ Սուրբ Հոգուն (սեր): Իսկ նռան կարմրագույն պտուղը (հատիկները) խորհրդանշում է առաքինի գործերով զարդարված անձի հաղթանակը, աստվածացումը (կարմիր գույնը) եւ Երկնքի արքայության անճառելի քաղցրությունը: Այդ աստվածային շնորհների ներգործությամբ է, որ մարդ հաղթահարում է երկրավոր կյանքի դառնությունը՝ փորձություններն ու նեղությունները եւ հաջողությամբ պսակում հավատքի բարի պատերազմը՝ մուտք գործելով Երկնքի Արքայություն. «Պատերազմեցի բարի պատերազմը, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատքը: Ուստի ինձ է սպասում արդարության պսակը, որը որպես հատուցում ինձ պիտի տա Տերը՝ արդար Դատավորը, այն օրը եւ ոչ միայն ինձ, այլ բոլոր նրանց, որ սիրեցին Նրա հայտնությունը» (Բ Տիմ. Դ 7-8): Նռան խորունկ, այլաբանական պատկերը տեսանելի է նաեւ, Սողոմոն արքայի հեղինակած, բացառիկ նշանակություն ունեցող «Երգ երգոց» գրքում. «Քո այտերը նման են կիսած նռան, հարսնաքողիդ տակ» (Դ 3, Զ 6), «Քո տնկիները նռնենիների դրախտ են մրգատու ծառերի պտուղներով…» (Դ 13):

31 դեկտեմբերի. ժամը 00:00-ին Գյումրու Ս. Աստվածածին, Ս. Նշան, Ս. Հակոբ, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Ամենափրկիչ, Ս. Մինաս եւ Ս. Հռիփսիմե եկեղեցիներում կատարվեց նռնօրհնեքի կարգ: Տարեմտին Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում նռնօրհնեքի կարգ կատարվեց ձեռամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի: Այնուհետեւ, Սրբազան Հայրն իր հայրական օրհնությունը բաշխեց ներկաներին, ի մասնավորի շեշտելով. «Տարին ինքը ժամանակի հոսք է, իշխանություն չունի: Տարի հասկացությունը ոչ ժամանակի վրա իշխանություն ունի, ոչ մեզ վրա, բայց քանի որ մենք հակում ունենք մեղքը մեզանից դուրս փնտրելու, բոլոր տեսակի սխալները բացթողումները, մոլորությունները վերագրում ենք տարվան՝ ասելով անցած տարին լավ չէր, այս տարին լավ լինի: Եթե անցած տարին լավ չեղավ մեր պատճառով, ապա գալիք տարին լավ պիտի լինի մեր շնորհիվ:

Հետեւաբար՝ հիմա, երբ հավաքվել ենք եկեղեցում՝ դիմավորելու 2024 թվականը, ոչ թե պիտի ակնկալիքներ ունենանք ինչ-որ անորոշ տարվանից, այլ ինքներս մեզանից…: Սիրելինե՛ր, Աստծուց խնդրենք օգնել, որովհետեւ Աստված գործում է մեր միջոցով, մեր ձեռքերով, մեր մտածումներով, մեր խոսքերով, մեզ՝ Իր կողմից տրված ազատ կամքի սահմաններում: Այս մտածումներով դիմավորենք Նոր տարին, որովհետեւ իրապես անելիք ունենք մեր սխալների ու բացթողումների պատճառներով…: Այս հույսով ենք ոտք դնում 2024 թվական եւ աղոթում ենք ձեզ հետ, ձեզ համար, ձեր բոլորի փոխարեն՝ բոլորիդ աղոթքները փոխանցելով մեր Տիրոջը, Ում Ծնունդը պիտի դիմավորենք եւ նշենք մի քանի օր անց»: Նռնօրհնեքի արարողության ավարտին օրհնված պտուղները բաժանվեցին ներկա հավատացյալներին:

Ի դեպ, արարողակարգի համար նախատեսված նուռը Սուրբ Աստվածածին եկեղեցուն էր ընծայել այս տարվա խաչքավոր Արմեն Տոնոյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները