Քրիստոսի մարդեղությունն Աստծո հաղթանակն է մարդու ես-ի նկատմամբ: Որքա՜ն չարիքներ կան արմատավորված այդ խղճուկ ես-ում, որոնք խեղում են կյանքը, սանձում թռիչքները, գոցում սրտերը, հորիզոնները եւ սպանում անհատին:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 1 (289), հունվար 2024 թ.  


 

       

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ

ունվարի 8-ին Շիրակի թեմի երիտասարդաց միությունը սոցիալ-կրթական կենտրոնում նշեց Սուրբ Ծնունդը՝ օրհնությամբ ու ներկայությամբ թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի:

«Հրաշափառ»-ի սքանչելի հնչյուններից եւ Սուրբ Ծննդյան ավետիսը փոխանցելուց հետո, Սրբազան Հայրը նախ օրհնեց կերակուրներն ու ըմպելիքը, ապա ճաշակեցինք Սուրբ Ծննդյան սեղանի գլխավոր կերակրատեսակները:

Օրվա անբաժան մասն էին հայրենասիրական եւ ազգային երգն ու պարը, որին առանձնահատուկ համ ու հոտ տվեցին միության բարեկամ «Հրայրք» ավանդական պարի խմբի անդամները: Էլ ինչ Սուրբ Ծննդյան ագապե` առանց տարեգաթայի: Բոլորը, սեղանների շուրջ երգելով, փորձում էին գտնել մետաղադրամը:

Տոնական ճաշի ընթացքում երիտասարդները խաղացին նաեւ ազգային խաղեր, որոնք էլ ավելի ազգային շնչով լցրին միջավայրը՝ ստեղծելով հետաքրքիր, զվարճալի ու անմոռանալի պահեր:

Սրբազան Հայրը ներկա երիտասարդներին փոխանցեց իր օրհնության խոսքը՝ նշելով, որ Եկեղեցին տուն է, ուր երիտասարդներն այցելում են՝ սովորելու, թե ինչ է տունը, հավատքը, թե ինչպես մոտենալ Աստծուն, ինչպես վարվել միմյանց հետ: «Շատ-շատ բաներ եք սովորում՝ նույնիսկ առանց սովորեցնելու: Երիտասարդությունն այն շրջանն է, որ պետք է սպունգի պես կլանել այն, ինչը լավ է եւ դուրս մղել վատը:

Երիտասարդությունը շատ լավ բան է, բայց մի վատ կողմ ունի՝ շուտ է անցնում: Քանի դեռ դուք երիտասարդ եք, կարծում եք՝ իբր երկա՜ր ճանապարհ ունեք երիտասարդության, բայց մեկ-երկու, տեսնում եք՝ երիտասարդությունը հետ մնաց: Եվ ինչ որ արժեւորեցիք երիտասարդ ժամանակ, ինչ ամբարեցիք, դա եք հասուն տարիքում օգտագործելու: Եթե մեղվի նման նեկտար չեք հավաքում երիտասարդության ընթացում, մեղր չեք կարող ստեղծել հասունության ժամանակ, իսկ նեկտարը քաղում են այն ծաղկից, որ կոչվում է Եկեղեցի, ինչը մեր ամենահին, ամենաազգային, ամենամեր կառույցն է. ամենից մերը մեր Եկեղեցին է:

Թումանյանն ասում է. «Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք»: Ինչո՞ւ: Ասում է՝ այն փորձանքները, որ մենք տեսանք, այն փորձություններով, որ մենք անցանք , դուք մի տեսեք, թող Աստված ձեզ այդ փորձություններից հեռու պահի: Բայց դա չի նշանակում, որ դուք պետք է լինեք անհոգ: Չէ, պետք է գիտակցել, որ ձեզ Աստված հեռու պահեց, այլ ոչ թե դուք հեռու մնացիք: Ամեն ինչի մեջ Աստծուն փառք տալ իմացեք, Աստծուն գոհություն, շնորհակալություն հայտնել իմացեք: Նաեւ ձեր ծնողներին, ձեր մեծերին շնորհակալություն հայտնել իմացեք:

Ես միշտ երիտասարդներին ասում եմ՝ դուք պետք է երկու բառ շատ լավ սովորեք՝ «շնորհակալություն» եւ «ներողություն»: Սրանք երկու կարեւորագույն բառեր են, որ պետք է նախ եւ առաջ երիտասարդն իմանա, քանի որ սխալներ շատ է թույլ տալիս անփորձությունից ու իրեն փորձառու կարծելուց: Եվ այդ սխալից հետո ի՞նչ պետք է ասի. պետք է ասի ներողություն: Ո՞ւմ խնամքի տակ, ո՞ւմ գծած ուղով, կառուցած ճանապարհով է գնում. իհարկե մեծերի, եւ դրա համար ի՞նչ պետք է ասի, պետք է ասի շնորհակալություն: Այս երկու բառերը ձեզ պետք է ուղեկցեն՝ մինչեւ հասնեք այն տարիքին, որ արդեն ձեզ ասեն ներողություն ու շնորհակալություն»:

Տոնական երեկոյին ներկա էին նաեւ, Շիրակի թեմում հյուրընկալված, բեյրութաբնակ բարերարներ տեր եւ տիկին Տանձիկյանները:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները