Քրիստոսի մարդեղությունն Աստծո հաղթանակն է մարդու ես-ի նկատմամբ: Որքա՜ն չարիքներ կան արմատավորված այդ խղճուկ ես-ում, որոնք խեղում են կյանքը, սանձում թռիչքները, գոցում սրտերը, հորիզոնները եւ սպանում անհատին:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 1 (289), հունվար 2024 թ.  


 

       

«ՍԵՐԸ ՀԱՄԲԵՐՈՂ Է, ՔԱՂՑՐԱԲԱՐՈ Է,
ՍԵՐԸ ՉԻ ՆԱԽԱՆՁՈՒՄ…»
ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ՀԱՄԱՆՈՒՆ ՄԱՏՈՒՌՈՒՄ

«Օտարք յարեան վերաց իմ, եւ հզօրք խնդրեցին զանձն իմ եւ ոչ համարեցան
զքեզ Աստուած առաջի իւրեանց»:
ՍԱՂՄՈՍ ԾԳ /ԾԴ

յս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ս. Սարգսի եւ նրա որդի Մարտիրոսի հիշատակը ոգեկոչեց հունվարի 27-ին: Սուրբը թեեւ ծագումով հռոմեացի էր, սակայն մեր Եկեղեցու սրբերի դասին է պատկանում եւ շատ սիրված է հայ ժողովրդի կողմից: Պատճառը նրա աներեր հավատքն էր Աստծո հանդեպ եւ կյանքը զոհաբերելը հանուն Աստծո ու հավատքի, ինչը մեր ժողովրդի համար կյանքի կերպ էր: Նա իր վարքով ու կենցաղով մարդասիրության ու բարեպաշտության բարի օրինակ, կենդանի քարոզ էր բոլորի համար, քանզի իր հավատին էին համապատասխանում գործերը:

Սուրբ Սարգիսը նախանձախնդիր քրիստոնյա էր, Քրիստոսի ճշմարիտ հետեւորդը, ում համար կյանքը Քրիստոս էր, իսկ մեռնելը՝ շահ: Նա հուշում է, որ հավատքի համար չեն նահատակվում, այլ լույս են դառնում եւ ճառագում դարերով: Նահատակության լուսե պսակը նա կիսեց իր պատանի որդու եւ 14 զինվորների հետ, ովքեր զոհողության ճանապարհն ընտրեցին, այլ ոչ թե պարգեւները, որոնք խոստանում էին նրանց: Ս. Սարգիսն իր արագավազ ձիով դարեր շարունակ սլանում է երկնքով, իրականություն դարձնում մեր հոգուց բխած երազներն ու իղձերը, իսկ նրա ձիու սմբակի ձայնն ու հետքը լսում ու տեսնում են արժանավորները, հատկապես սիրահար զույգերը, ովքեր հավատում են Աստծո ամենազորությանը եւ իրենց խնդրանքներով դիմում Սրբի բարեխոսությանը:

Շիրակի թեմի երիտասարդների համար տոնացույցի ամենասիրառատ տոնը շատ սպասված է, որին նրանք պատրաստվում են մանրակրկիտ: Թեմի երիտասարդաց միությունների երիտասարդները հավաքվում են եւ թխում ավանդական աղաբլիթները՝ պատրաստվելով նախատոնակին:

ՆԱԽԱՏՈՆԱԿ

Հունվարի 26-ին առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում, տոնի ուրախ առիթով, հավաքվել էին երիտասարդներ, ովքեր ի մի էին եկել այն նվիրական երազանքով, թե, հայցելով Սուրբ Զորավարի բարեխոսությունը եւ ուտելով ավանդական աղաբլիթը, ինչը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ուսմունքի հետ ոչ մի կապ չունի, այն ժողովրդական ավանդույթ է միայն, անպայման երազում տեսնելու են նրան, ով դառնալու է իրենցից յուրաքանչյուրի կյանքի հավատարիմ ուղեկիցը:

Հավարտ երեկոյան ժամերգության Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանն օրհնեց բոլորին: Վերջում աղաբլիթներ բաժանվեցին նախատոնակին ու երեկոյան ժամերգությանը ներկա հավատացյալներին: Ի դեպ, աղաբլիթները պատրաստել եւ գեղեցիկ փաթեթավորել էին Ս. Յոթվերք եկեղեցու եկեղեցասեր երիտասարդները:

Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ Գյումրու Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունը, «Հրայրք» պարի համույթի եւ «Սարիբեկյան բենդ»-ի հետ համատեղ, նախաձեռնել էր տոնախմբություն: Եկեղեցու բակում, հավարտ Նախատոնակի, ազգային եւ հայրենասիրական երգ ու պարով երիտասարդները նշեցին Սուրբ Սարգսի տոնը:

ԽԱՉԵՐԹ ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Հունվարի 27-ին, առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք եկեղեցուց, հավարտ առավոտյան ժամերգության, հանդիսապետությամբ Արարատ, Արման, Արտաշես սարկավագների, մի խումբ երիտասարդներ, խաչերթով ուղղվեցին դեպի Ս. Սարգիս մատուռ: Երթի մասնակիցների առջեւից տարվում էին խաչվառներ: Երթն առաջնորդում էին Սուրբ Սարգիս Զորավարին խորհրդանշող ձիավորը, ինչն ուրախություն ու ոգեւորություն էր պատճառում մասնակիցներին ու անցորդներին, ինչպես նաեւ հայոց բանակի զինվորները:

Ուխտավորները, հոգեւոր դասի առաջնորդությամբ, շարականների երգեցողությամբ ու խնկարկությամբ, անտեսելով անգամ առատ ձյունը, հասան ուխտավայր՝ Սուրբ Սարգիս մատուռ, միացան բարեպաշտ հավատացյալներին եւ ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը:

Ներկաները խնդրեցին Զորավարի բարեխոսությունը, որ արագահաս սլացքով իրենց աղոթքները հասցնի Բարձրյալին:

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

Սուրբ Սարգսի տոնը նվիրական է նաեւ երիտասարդների համար, քանզի տարիներ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ու օրհնությամբ, այն հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Այդ առիթով, հավարտ Սուրբ եւ անմահ Պատարագի, Տ. Հակոբ քհն. Գրիգորյանն իր հայրական բարեմաղթանքն ու օրհնությունը հղեց ներկա երիտասարդներին, ինչպես նաեւ ուխտավորներին:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները