Քրիստոսի մարդեղությունն Աստծո հաղթանակն է մարդու ես-ի նկատմամբ: Որքա՜ն չարիքներ կան արմատավորված այդ խղճուկ ես-ում, որոնք խեղում են կյանքը, սանձում թռիչքները, գոցում սրտերը, հորիզոնները եւ սպանում անհատին:
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 1 (289), հունվար 2024 թ.  


 

       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ

իրելի՛ բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս եւ ի սփյուռս,

Տարեմտի այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու բարեմաղթանքերն ենք բերում ամենքիդ: Ամանորը սահմանագիծն է պատմություն դարձած օրերի եւ հուսառատ գալիքի: Փրկչական 2024 թվականը դիմավորում ենք խոր մտահոգություններով, դիմավորում ենք՝ ահռելի կորուստների անամոքելի ցավը մեր սրտում: Ծանր տարի ապրեցինք, սակայն, Տիրոջն ապավինած, հույսով ու լավատեսությամբ ենք նայում մեր ազգի ապագային: Արցախի բռնազավթման եւ հայաթափման, Հայաստանի շուրջ ստեղծված լրջագույն իրավիճակով եւ առկա հիմնախնդիրներով հանդերձ՝ հաստատակամ պիտի հաղթահարենք դժվարությունները՝ ամուր պահելով նվիրումն ու սերն առ հայրենին եւ հավատն առ Ամենակալ Տերը:

Սիրելինե՛ր, ուրախության, թե նեղության պահերին մեր ժողովուրդը միշտ ապավինել է Աստծուն, միշտ ուժ ու զորություն առել Բարձրյալից՝ հավատքով, որ Աստված մեզ հետ է: Անտարակույս, մեր ժողովրդի հոգեւոր ներուժն ու ոգու ամրությունը մեզ պիտի առաջնորդեն վերհառնումի եւ հայոց կյանքի հաղթական վերընձյուղման: Մենք ժառանգներն ենք մի ազգի, որ տառապել ու չարչարվել է, բայց չի հանձնվել, ցեղասպանվել է, բայց չի կործանվել, սրատվել է, բայց չի մահացել: Արդարեւ, չի կարող ընդհատվել պատմությունը մի ժողովրդի, որի տարեգրությունը զարդարված է աստվածպաշտության եւ հայրենասիրության հրաշալի վկայություններով, ապրելու եւ արարելու անընդմիջելի տենչանքով: Փորձություններ հաճախ են պատահում ժողովուրդների կյանքում, սակայն դժվարին իրավիճակներից հաղթանակած են դուրս գալիս այն ազգերը, որոնք աննկուն են մնում ոգով ու առ Աստված հավատքով եւ արիաբար դիմակայում նեղություններին ու մարտահրավերներին: «Տերն ապավենն է բոլոր նրանց, ովքեր հույսը դրել են Նրա վրա»,- ասում է սաղմոսերգուն (17.31):

Արդ, սիրելինե՛ր, նոր տարում նորոգվենք հոգով ու մտքով, զորանանք հույսով, ինքնաքննությամբ անդրադառնանք մեր ընթացքին ու գործերին, սրբագրենք թերացումներն ու սայթաքումները, թույլ չտանք, որ ազգային կյանքում սերմանվի ատելություն ու պառակտում, արմատավորվեն կործանարար հարմարվողականությունն ու անտարբերությունը: Ապրենք հավատքով զարդարուն կյանքով, միմյանց հանդեպ աստվածապատվեր սիրով, որպեսզի զգանք Աստծո շնորհաբեր ներկայությունը: «Մեր անձերը կառուցենք հավատի սրբությամբ, աղոթենք Սուրբ Հոգով, պահենք մենք մեզ Աստծու սիրով»,- ինչպես հորդորում է Առաքյալը (Հուդա 20-21): Միասնական լինենք Հայաստանում ու սփյուռքում, եւ մեր համախումբ ջանքերը ծառայեցնենք հանուն համազգային շահերի պաշտպանության, հայրենյաց ու ազգի կյանքի նոր արշալույսի կերտման: Գիտակցենք, որ հայրենիքն այն միակ սրբազան վայրն է, ուր ամբարված են բոլոր ժամանակների հայ սերունդների աղոթքներն ու երազները, ուր շարունակ պիտի կերտվի հայոց ինքնությունը, եւ որի սրբազան հողից է հավետ ուժ առնելու հայ ժողովուրդը: Հոգածու սիրով շրջապատենք Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին, նրանց մեջ առատացնենք հույսը, որ երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը, եւ զորեղ մնա հավատն առ Աստված: Աջակից լինենք կարիքավորներին ու նեղյալներին եւ Բարձրյալի օգնականությունը հայցենք անհետ կորած եւ գերյալ մեր զավակներին ու նրանց ընտանիքներին:

Սուրբգրային պատգամի համաձայն՝ չմոռանանք բարեգործությունը եւ մեր ունեցած բարիքներին միմյանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի պատարագներն են հաճելի Աստծուն (հմմտ. Եբր. 13.16), եւ այս է ճանապարհը մեր ժողովրդի բարեպաշտ ու ապահով կյանքի, այս է ճանապարհը դարավոր ու նվիրական արժեքներով մեր ազգի եւ պետության լինելիության ու հարատեւության: Սրտագինս աղոթենք, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի հայոց աշխարհն ու ողջ մարդկությանը, Իր զորակցությամբ հույսի ու սիրո շնորհներ ու հաղթության պարգեւ սփռի, վտանգների միջով անցնող, մեր հայրենիքի ու համայն հայության կյանքին այսօր եւ միշտ եւ հավիտյան. ամեն:

Բարի, օրհնյալ Նոր տարի:

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները