Պահեցողությունը
մեզ պետք է օգնի գտնել Աստծո խաղաղությունը, Աստծո խնդությունը, որից զուրկ ենք...
Այս փնտրտուքը
պետք է ունենանք
Մեծի պահոց
շրջանին:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 2 (290), փետրվար 2024 թ.  


 

       

«ՔՐԻՍՏՈՍ ՓԱՌԱՑ ԹԱԳԱՒՈՐ ԱՅՍՕՐ
ԵԿԵԱԼ ՅԸՆԾԱՅՈՒՄՆ…»
ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Աստուածային հրամանաւն, կայր ծերացեալ ի Տաճարն, ոչ տեսանէր նա զմահ,
մինչեւ տեսցէ նա զօծեալն»:

ՇԱՐԱԿՆՈՑ

յառնընդառաջը Հայ Եկեղեցու անշարժ տոներից է եւ նշվում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան ու Աստվածահայտնության տոնից քառասուն օր հետո՝ փետրվարի 14-ին: Այն հայտնի է նաեւ ժողովրդախոսակցական տարբեր անվանումներով՝ Տերընդեզ, Տերնտես, Տերնտաս եւ այլն: Տյառնընդառաջի ծիսական արարողությունն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությամբ:

ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՎԱՆԴՈՒՄ Է

Փրկչին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին ընդառաջ գնալու, մեր սրտի դռները Նրա առջեւ բացելու սրբազան խորհուրդն է կրում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում իր ուրույն տեղը զբաղեցնող, այս տոնը: Ինչպես մյուս բոլոր տոնախմբությունների, նույնպես եւ Տյառնընդառաջի ակունքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի փրկավետ տնօրինության ու երկրային կյանքի մի հանգրվանն է: Հիսուս դեռ մանուկ՝ թույլ եւ անպաշտպան, սակայն որքան խոսուն, ուսանելի դաս ու պատգամ է մեզ տալիս՝ Իր ընծայաբերության այս տոնի խորհրդով: Հիսուս Ինքն իսկ է գլխավոր խորհուրդը, բոլոր խորհուրդները ծագում եւ հանգում են Աստվածորդու որքան սուրբ եւ երկնային, նույնքան իրական ու մարմնեղեն Անձին:

Ավետարանը պատմում է, որ երբ Հիսուս ծնվեց, Նրան, ընդունված կարգի համաձայն, Երուսաղեմի տաճար տարան, քանի որ, ըստ Մովսիսական օրենքի, «պետք է Տիրոջը նվիրվի ամեն արու զավակ, որ իր մոր առաջին զավակն է, ինչպես նաեւ, Տիրոջ օրենքի համաձայն, զոհ մատուցվի՝ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ« (Ղուկ. Բ 23-24, Ղեւտ. ԺԲ 8): Տատրակը խորհրդանշում է ողջախոհություն ու հավատարմություն, իսկ աղավնին հանդարտություն ու հեզություն: Երբ Մարիամ Աստվածածինն ու Հովսեփը, Տիրոջ Օրենքը կատարելու համար, գնում են Տաճար՝ Սուրբ Հոգուց առաջնորդվելով, նրանց ընդառաջ է գալիս «արդար ու աստվածավախ Սիմեոն ծերունին, որ աղոթքներում մշտապես խնդրում էր Տիրոջն իրեն այնքան կյանք շնորհել, մինչեւ տեսնի աշխարհի ու մարդկության Փրկչին: Երբ Սիմեոնը տեսնում է Հիսուսին, օրհնում է Աստծուն եւ հենց տաճարում էլ ավանդում հոգին: Տաճարում Տիրոջը գոհություն է հայտնում նաեւ Աննա մարգարեուհին եւ, տաճարից դուրս գալով, բոլորին պատմում Մանկան մասին: Այսպիսով, համաձայն Եկեղեցու Հայրերի, Սիմեոնն ու Աննան խորհրդանշում են, Փրկչին ընդառաջ դուրս եկած, Հին Ուխտի ողջ մարդկությանը:

Հետագայում Նոր Ուխտի մարդկության համար տոնը դարձավ Տիրոջն ընդառաջ գնալու հիասքանչ հրավեր: Եվ ինչպես Աստված խոնարհվեց ու դեպի մեզ եկավ մեր փրկության համար, այդպես էլ մենք պետք է գնանք Նրա հետ հանդիպման: Եթե հին ուխտի մարդկությանը լսելի էր լոկ Աստծո ձայնը, ապա Տաճարում նոր մարդկությունը բախտ ունեցավ ոչ միայն հանդիպել, տեսնել իր Աստծուն, այլեւ ապրել Նրա հետ մարդկային կյանքով, լսել Նրա քարոզները՝ մարդ արարածի առաքելության, հոգեւոր բարձրացման, փրկագործության, կյանքի ու մահվան խորհրդի, երկրային ժամանակավոր ու երկնային հավիտենականության մասին: Երանի թե լիներ այնպես, որ ազգովի, ինչպես 301 թվականին, անկեղծորեն դառնայինք դեպի Աստված, ուղղեինք մեր քայլերը դեպի հավիտենական Լույսը: Գնայինք՝ ի սրտե հանդիպելու Նրան, Ով այնքան սիրեց մեզ, գնայինք հանդիպելու Նրան ամեն օր, ամեն ժամ, որպեսզի արժանանայինք այն երանությանը, որի մասին Քրիստոս Ինքն ասաց. «Երանի է ձեր աչքերին, որ տեսնում են ու ձեր ականջներին, որ լսում են: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ դուք տեսնում եք, բայց չտեսան» (Մատթ. ժԳ 16-17):

ՆԱԽԱՏՈՆԱԿ ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆՔ ԿՐԱԿ ՎԱՌՈՒՄ

Տյառնընդառաջի խարույկի մասին քրիստոնեական կամ եկեղեցական որեւէ օրենք ու կանոն չկան: Հավանաբար այս սովորույթը հեթանոսական է՝ կապված նորապսակների ու բերքի օրհնության հետ: Քրիստոնեության պետականացումից հետո այն վերարժեւորվել, քրիստոնեական իմաստ է ստացել՝ առավելաբար շեշտելով աստվածային լույսի խորհուրդը: Եռամեծ վարդապետ Ս. Գրիգոր Տաթեւացին այսպես է բնութագրել այն. «Ինչպես Անանիան եւ իր ընկերները, երբ հրի մեջ ընկան, գովում եւ օրհնում էին Աստծուն… եւ բոլոր արարածներին՝ ջրին, հրին, ցրտին, տոթին ու մյուսներին, օրհնության էին հրավիրում (Դան. Գ 51, 61-79), նույնպես եւ մենք, խոսքով ու գործերով, վառված հուրն ի պատիվ արարածների Արարչի, ընծայում ենք Քրիստոսին»: Արդ, հետեւենք միակ եւ ճշմարիտ Լույսին, քանզի «ով Նրա հետեւից է գնում, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կյանքի լույսը» (Հովհ. Ը 12):

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ԾԻՍԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈԻԹՅՈՒՆԸ

Փետրվարի 13-ին՝ Ս. Աստվածածին մայր եկեղեցում, երեկոյան ժամերգությանը ներկա էին մեծաթիվ հավատացյալներ: Հնչեցին հոգեպարար աղոթքներ ու շարականներ, ապա կատարվեց նախատոնակ, ինչը եւ ավետեց Տերունի տոնի սկիզբը: Հանդիսավոր թափորը, Առաջնորդ Սրբազանի գլխավորությամբ, ուղղվեց դեպի Վարդանանց հրապարակ, ուր կատարվեց անդաստան, որը խորհրդանշում է խստաշունչ ձմռան ավարտն ու ջերմ գարնան սկիզբը, եւ օրհնվեցին աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդեց մոմերի օրհնությունը, որոնց կրակով, ձեռամբ Սրբազան Հոր, վառվեց, հրապարակի կենտրոնում պատրաստված, ավանդական խարույկը, ինչի առնչությամբ հարկ է հիշատակել Ս. Գրիգոր Տաթեւացու խոսքերը. «Ինչպես Տիրոջը տաճարին ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով ու կանթեղներով ելավ Նրան ընդառաջ, մենք էլ նույն օրինակով կրակ ու ջահ ենք վառում եւ Տիրոջ գալստյան նախատոնակը կատարում: Հեթանոսներն Աստծո պատիվը կրակին էին մատուցում, իսկ մենք կրակը, որպես Քրիստոսի ծառա, բերում ենք Նրան ծառայեցնելու»: Այնուհետեւ խարույկի շուրջը բոլորեց ուրախ շուրջպարը:

ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

Տյառնընդառաջի հնօրյա ավանդույթներին մեր օրերում հավելվել է եւս մեկը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գաերգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, Տյառնընդառաջի տոնը հռչակվել է նաեւ նորապսակների օրհնության օր: Սուրբ Յոթվերք եկեղեցի եկած նորապսակ զույգերը ոչ միայն օրհնություն ստացան, այլեւ տուն տարան վառվող ճրագներ՝ իրենց բակերում խարույկներ վառելու համար:

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Փետրվարի 14-ին մեծաթիվ հավատացյալներ Ս. Յոթվերք եկեղեցում ներկա գտնվեցին Տյառնընդառաջի Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը՝ մեկնելով նաեւ տոնի խորհուրդը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները