Պահեցողությունը
մեզ պետք է օգնի գտնել Աստծո խաղաղությունը, Աստծո խնդությունը, որից զուրկ ենք...
Այս փնտրտուքը
պետք է ունենանք
Մեծի պահոց
շրջանին:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 2 (290), փետրվար 2024 թ.  


 

       

«ՈՐ ԶՄԱՀ ՈՉ ԳԻՏԷ, ԵՐԿՆՉԻ Ի ՄԱՀՈՒԱՆԷ,
ԻՍԿ ՈՐ ԳԻՏԷ ԶՄԱՀ, ՈՉ ԵՐԿՆՉԻ Ի ՆՄԱՆԷ»
ՈԳԵԿՈՉՎԵՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԸ

«Բայց մենք, որ ունինք հոգի ու սիրտ քաջ, Ե՛կ անվախ ելնենք թըշնամու առաջ,
Գոնե մեր փառքը մահով ետ խըլենք- Ու այնպես լըռենք»:

ՌԱՖԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆ

այ Առաքելական Եկեղեցին Ավարայրի դաշտում նահատակված 1036 վկաներին դասել է սրբերի կարգը եւ ամեն տարի մեծ շուքով ոգեկոչում է «Սրբոց Վարդանանց» հիշատակը: Այս տարի այն նշվեց փետրվարի 8-ին:

Հայոց պատմության այս ժամանակաշրջանի դեպքերը մանրամասն շարադրել են Ե դարի ականատես-պատմիչ Եղիշե Վարդապետը, որ Սահակ Պարթեւի ու Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից էր եւ Ղազար Փարպեցին: 451 թ., Տղմուտ գետի ափամերձ Ավարայրի դաշտում ծավալված, ճակատամարտը տեւեց մեկ օր, սակայն նրա խորհուրդը շարունակվեց դարեր եւ այսօր եւս, ցավոք, ոչ պակաս է այդ խորհրդի հրամայականը: Սոսկ տասնամյակների պատմություն ունեցող մարդու «իրավունքների ու խղճի ազատության ջատագովները», կանխամտածված մոռացության տալով ազգի կենսագրությունն ու բարոյահոգեբանական «դաշտը» եւ հենվելով, մարդ արարածի անհատականության մեջ առկա, եսակենտրոնության հոգեբանական գործոնի վրա, փորձում են նրան ոչ միայն կտրել իր արմատներից, ճեղքվածք ստեղծել նրա ու հայրենակից ազգակիցների միջեւ, տանել ուրացման վտանգավոր ճանապարհով, այլեւ քայքայում, մասնատում են ընտանիք հասկացությունը, որն ազգի ու պետության հիմքն է:

Եթե օդում չեն լսվում սվինների շաչյունն ու արկերի պայթյունը, դա դեռ չի նշանակում, որ հայոց «Ավարայրն» ավարտվել է եւ աշխարհով մեկ սփռված հայ ժողովուրդը երկյուղելու ոչինչ չունի: Պատահական չէ, որ, ինչպես միշտ, այսօր եւս, Հայոց Եկեղեցին է Վարդանանց ճակատամարտի բուն բովանդակության խորհրդապաշտական շարունակողն ու սթափության կոչնակ հնչեցնողը: Վարդանանց պատերազմով պատմության մի նոր շրջան է սկսվում հայոց կյանքում, որը բնորոշվում է սեփական ինքնության հանդեպ հավատարմության հաստատումով, ազատության համար պայքարի գիտակցության արթնացմամբ: Վարդանանց հանճարը մեզ սովորեցրեց հավատալ դարերով փայփայած համազգային մեր երազին, դարձնել այն նպատակ, ապրել ու պայքարել հանուն դրա: Միանշանակ աշխարհականների եւ հոգեւորականների այս փոխադարձ կապն ի հայտ է բերում Եկեղեցու եւ հայրենիքի, հոգու եւ մարմնի փոխադարձ անքակտելի կապը:

Այսօր չկա հավատքն ուրանալու պարտադրանք, սակայն հավատքը կարող է նահանջել անտարբերության, հայրենյաց ժառանգության հանդեպ նվազ նախանձախնդրության հետեւանքով: Անշուշտ, Վարդանանց հավատավոր ու հայրենասեր հոգին պիտի շարունակի ապրել եւ փոխանցվել սերունդներին, որպեսզի Ավարայրի դաշտից Վարդանի ձայնը միշտ ազդարարի հայոց հոգիներին. «Բարերար Տիրոջն էլ տեսնում ենք մեզ իբրեւ առաջնորդ: Մեր զորավարը մարդ չէ, այլ բոլոր մարտիրոսների Զորագլուխը, վախը թերահավատության նշան է, թերհավատությունը մենք վաղուց ենք մերժել մեզանից, նրա հետ թող վախն էլ փախչի մեր մտքերից ու խորհուրդերից»:

Սրանով եւս մեկ անգամ փարատվեց այն, որ հայի ազատատենչ ու հզոր ոգին, միավորվելով, մեկ բռունցք դառնալով, Քրիստոսի Ամենահաղթ Խաչին զորավիգ լինելով, կարող է պարտության մատնել ամեն տեսակ թշնամու՝ համաձայն Տիրոջ այն խոսքի, թե «ով իր կյանքն իրեն է պահում, պիտի կորցնի, եւ ով իր կյանքը կորցնում է Ինձ համար, պիտի գտնի այն» (Մատթ. Ժ 39):

ՀԻՇԱՏԱԿԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը՝ փետրվարի 8-ին, վերստին ղողանջեցին հայոց եկեղեցիների զանգերը՝ ի լուր ամենքի ավետելով Վարդանանց Սուրբ նահատակների պատգամը, որ է. «Մեր օրինակը հիշելով՝ ամուր պահեք մեր հայրերի ճշմարիտ հավատքը եւ սիրեցեք միմյանց»:

Առաջնորդանիստ Ս. Յոթվերք մայր եկեղեցում եւս մատուցվեց հիշատակի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի կատարվեց Հայրապետական մաղթանք՝ Ամենայն Հայոց Հայրապետի կենաց արեւշատության եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության համար:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները