Պահեցողությունը
մեզ պետք է օգնի գտնել Աստծո խաղաղությունը, Աստծո խնդությունը, որից զուրկ ենք...
Այս փնտրտուքը
պետք է ունենանք
Մեծի պահոց
շրջանին:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 2 (290), փետրվար 2024 թ.  


 

       

«ԵԼԻՐ, ԿԵՐ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՍ ԳՆԱԼՈՒ»
ՆՇՎԵՑ ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ

«Փառքը դրախտն էր անպատմելի, Չքնաղատես ու սխրալի,
Ծաղկունքն տալիս էին փայլն փայլի, Նման արեգակի եւ լուսնի»:
ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ

արեկենդան է կոչվում շաբաթապահքերի եւ Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ՝ ի հետեւություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի: «Բարեկենդան» բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք:

Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն բարեկենդան, քանզի այն նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որ դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաեւ դրախտային կյանքի օրինակն է: Բարեկենդանն ավետում է բնության զարթոնքի սկիզբը: Բուն բարեկենդանը հայոց եկեղեցական տոնացույցով որոշակիորեն կանոնարկված է, նշվում է Քրիստոսի Հարության տոնից յոթը շաբաթ առաջ՝ կիրակի օրը եւ ունի 35 օրվա շարժականություն (կախված Ս. Հարության տոնից)՝ փետրվարի 1-ից մինչեւ մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում:

Այս տոնն ուներ նաեւ անվանման այլ ձեւ՝ «Փորեկենդան»: Տոնի անվանման փոփոխումը պահատական չէ. Բարեկենդանի տոնին է, որ հայ ավանդական սեղանին առատ գինի եւ տեսակ-տեսակ ուտելիք է դրվել, մարդիկ կերել ու զվարճացել են անվերջ՝ միմյանց ու անծանաոթներին առատորեն հյուրասիրելով, քանի որ բարեկենդանի հաջորդ օրը Հայ Առաքելական Եկեղեցին մտնում է Մեծ պահքի շրջան, եւ հավատացյալները հետեւում են քառասնօրյա պահեցողությանը: Ըստ քրիստոնեական տոների՝ նման բարեկենդանը նույնպես արմատներով հեթանոսական է եւ, կապվելով բնապաշտպանական հավատալիքների հետ, խորհրդանշում է բնության զարթոնքը: Չնայած Հայ Առաքելական Եկեղեցին, տոնի ուրախ առիթով, հատուկ Սուրբ Պատարագ չունի, բայց Բուն բարեկենդանի շարականները քրիստոնեությանն առնչվող որոշակի տարրեր են պարունակում, որոնցում արտացոլվում են Աստծո կողմից մարդու արարումը եւ դրախտում նրա բնակվելու իրադարձությունները: Քրիստոս հիշատակվում է որպես Երկրորդ Ադամ, Ում զոհաբերությամբ մարդիկ արժանի դարձան դրախտի փրկությանը: Մեծ պահքն սկսվում է Բուն բարեկենդանով: Բուն բարեկենդանի նախորդ շաբաթ երեկոյան եկեղեցու խորանը վարագուրվում է եւ այդպես մնում մինչեւ 40-օրյա պահքի ավարտը:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ

Բարեկենդանի տոնախմբության կենտրոնում ժողովրդական խաղերն էին, որոնց ցանկը շատ հարուստ էր: Բարեկենդանյան ծիսաշարքում առանձնահատուկ տեղ ունեին «Խան փաշա» անունը կրող խաղերը: Դրանց հիմնական սյուժեն թուրք փաշայի կամ պարսիկ խանի նմանությամբ կերպարանափոխված կամ դիմակավորված անձանց թատերականացված ծիծաղաշարժ գործողություններն էին: Խաղի ժամանակ մի կողմ էին դրվում քաղաքավարության կանոնները, պետական ու եկեղեցական օրենքները, եւ իշխում էր սոցիալական ու տարիքային յուրօրինակ հավասարություն: Իսկ երեկոյան, երբ ավարտված էր լինում խնջույքը, որպես ուտիք եւ ուրախ օրերի ավարտի ծիսական խորհրդանիշ, փակում էին իրենց բերանները ձվով կամ ձվածեղով եւ միմյանց դիմում բարեմաղթանքով. «Բերաններս փակում ենք սպիտակ ձվով, Աստված արժանացնի կարմիր ձվով բացելուն»: Զվարճություններն ավարտվում էին բարեկենդանի խորհրդանիշ Ուտիս տատին արտաքսելու եւ Մեծ պահքի խորհրդանիշ Պաս պապին հրավիրելու ծեսով: Ուտիս տատը, շերեփը ձեռքին, կերած, խմած, գզգզված մազերով տիկնիկ էր: Երիտասարդները, իրենց վերջին խնջույքից հետո, նրան բարձր սարից գլորում էին ցած: Սկսվում էր Պաս պապի իշխանությունը, որ խստությունների շրջան էր եւ ընդգրկում էր համեստ, չափավոր կյանքի, բուսական ուտելիքի եւ հոգեւոր արգելքի յոթը շաբաթները:

Բարեկենդանը նշվել է նաեւ վանքերում՝ հոգեւորականության շրջանում: Տոնի վերջին շաբաթ եւ կիրակի օրերին այստեղ նույնպես թատերախաղեր են կազմակերպվել եւ կոչվել են «Աբեղաթող»: Ի տարբերություն ժողովրդական խաղերի՝ այստեղ հանդիսատես չկար:

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

Այս տարի` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով, Բուն բարեկենդանը նշվեց փետրվարի 11-ի կիրակի օրը:

Տոնի ուրախ առիթով Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց կիրակնօրյա Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը մեկնեց օրվա խորհուրդը եւ հանգամանալից բացատրություն տվեց տոնի մասին, նկարագրեց, թե ինչպես է այն տոնախմբվել հնում եւ ինչպես է այսօր տոնում Բուն բարեկենդանը մերօրյա քրիստոնյան:

Վերջում, Վարդանանց հրապարակում, հանդես եկան Շիրակի թեմի Երիտասարդաց միությունը, Գյումրու «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ի եւ «Հրայրք» ավանդական պարի խմբերը՝ ազգային խաղերով, բեմադրություններով, դիմակահանդեսով, տոնական երգերով ու ազգային պարերով:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները