Պահեցողությունը
մեզ պետք է օգնի գտնել Աստծո խաղաղությունը, Աստծո խնդությունը, որից զուրկ ենք...
Այս փնտրտուքը
պետք է ունենանք
Մեծի պահոց
շրջանին:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 2 (290), փետրվար 2024 թ.  


 

       

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ, ԲԱՐՈՎ ՀԱՍՆԵՆՔ
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ

ետրվարի 11-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Բուն բարեկենդանը, որը համարվում է Մեծ պահքի առաջին կիրակին: Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի ու Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:

Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ թեմի Երիտասարդաց միությունը, «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ի եւ «Հրայրք» ավանդական պարի խմբի հետ, Սուրբ եւ անմահ Պատարագից հետո, Գյումրու Վարդանանց հրապարակում օրն իրական տոնախմբության վերածեցին:

Ազգային խաղերը, թեմատիկ բեմադրությունները, ազգային երգն ու պարը, դիմակների շքերթը յուրահատուկ տրամադրություն էին ստեղծել քաղաքի սրտում:

Արժանապատիվ Տ. Մակար քհն. Գալամդարյանի օրհնությամբ ու ողջույնի խոսքով ազդարարվեց, Բուն բարեկենդանին նվիրված, տոնակատարության մեկնարկը: Տեր Հայրն իր խոսքում շեշտեց, որ ինչպես անձնակերտման համար կարեւոր են հոգին ու մարմինը, քանզի առանց հոգու մարմինը մահացած է, իսկ մարմինը կարեւոր է հոգու դրսեւորումների համար, այնպես էլ մեր ազգային-քրիստոնեական ինքնության համար կարեւոր են տոներին եկեղեցում Սուրբ Պատարագի խորհրդին ներկա գտնվելը եւ դրանից բխող մեր կենցաղային տոնախմբությունը:

Տոնական օրվա ամենասպասված հյուրերն էին Ուտիս տատն ու Ակլատիզը, ովքեր ամբողջացրին տոնական միջոցառումը: Ուտիս տատը խորհրդանշում է տարվա ուտիք օրերը, իսկ Ակլատիզը կամ Պաս պապը՝ պահոց օրերը: Հարատեւ է Ուտիս տատի եւ Պաս պապի պայաքարը: Պաս պապը կարծում է, որ Ուտիս տատն ուտելիքներով կերակրում է մարմինը, իսկ ինքը, զրկելով ճոխ ուտելիքներից, օգնում է մարդկանց՝ աղոթքի, Աստվածաշնչի ընթերցումով, ինքնաքննության միջոցով զորացանել հոգին:

Միջոցառման վերջին հատվածում երիտասարդները ներկաների հետ պատրաստեցին Ակլատիզի տիկնիկը, որն ունի յոթը փետուր: Դրանք խորհրդանշում են պահոց յոթը կիրակիները: Ամեն փետուրը դնելիս բոլորը միասնաբար վերհիշեցին պահոց կիրակիների անունները:

Միջոցառմանը ներկա էին նաեւ Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը, քաղաքային իշխանության այլ ներկայացուցիչներ:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները