Պահեցողությունը
մեզ պետք է օգնի գտնել Աստծո խաղաղությունը, Աստծո խնդությունը, որից զուրկ ենք...
Այս փնտրտուքը
պետք է ունենանք
Մեծի պահոց
շրջանին:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 2 (290), փետրվար 2024 թ.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

ունվարի 27-ին՝ Սուրբ Սարգսի տոնի ուրախ առիթով, մի խումբ հավատացյալներ, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, ինչպես նաեւ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, մեկնեցին ուխտագնացության Երեւանի 6-րդ մասիվի Ս. Սարգիս, առաջնորդանիստ Ս. Սարգիս եւ Ս. Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցիներ: Սուրբ Սարգիսը մեր պատմության հոլովույթում ընկալվել է իբրեւ սիրահարների պահապան ու բարեխոս Սուրբ, սիրո ճանապարհ հարթող, քաջության եւ անձնազոհության օրինակ, նեղյալների ապավեն ու վշտացյալների մխիթարող:

Սուրբն իր վաղեմի կերպարով գալիս է՝ կրկին հաստատելու հավատքի համար նահատակության եւ սրբանալու պայծառ կերպը: Նա հուշում է, որ հավատքի համար չեն նահատակվում, այլ լույս են դառնում եւ ճառագում դարերով: Նահատակության լուսե պսակը նա կիսեց իր պատանի որդու՝ Մարտիրոսի եւ տասնչորս զինվորների հետ: Հայոց աշխարհում նահապետների թափած արյամբ վեր խոյացան քրիստոնեական հավատքի ընձյուղները, դարձան ծաղկյա խաչքարեր, աղոթաբույր վանքեր ու սիրո հավատքի տաճարներ:

ՄԱՍԻՎԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ

Ուխտավորները ճանապարհ ընկան վաղ առավոտյան: Տեղ հասնելով՝ Ս. Սարգիս եկեղեցում ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Կարապետ քհն. Կարապետյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնեց պատարագիչ Տեր Հայրը: Հավարտ Սուրբ Պատարագի ուխտավորներն ստացան Սուրբ Հաղորդություն:

ԵՐԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ

Ուխտավորների հաջորդ հանգրվանն առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցին էր: Այստեղ նրանք խոնարհվեցին Սրբի մասունքակիր աջին, որ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնությամբ, բերվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, ինչպես նաեւ Ս. Մաշտոցի անվ. Մատենադարանից բերված ձեռագիր Ավետարանին, որ 17-րդ դարում (1693 թ.) ընդօրինակվել է Ավետիս երեցի կողմից՝ նույն եկեղեցում:

Հաջորդ եւ վերջին ուխտատեղին Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին էր: Այստեղ ուխտավորները վառեցին իրենց հավատքի մոմերը՝ մեկ անգամ եւս հայցելով Ս. Գրիգոր Լուսավորչի եւ արագահաս Սրբի բարեխոսությունը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները