Պահեցողությունը
մեզ պետք է օգնի գտնել Աստծո խաղաղությունը, Աստծո խնդությունը, որից զուրկ ենք...
Այս փնտրտուքը
պետք է ունենանք
Մեծի պահոց
շրջանին: 
ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 2 (290), փետրվար 2024 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԵՎ ՇՆՈՐՀԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
ՍՈՒՐԲ ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

ետրվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղեւոնդյանց քահանաների հիշատակը: Այս առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք. Վաղարշապատ), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ:

Սրբազան արարողությանը ներկա էին hայաստանյան թեմերից Սուրբ Էջմիածնում համախմբված 243 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը եւ մեծաթիվ հավատավոր հայորդիներ:

Օրվա պատարագիչն էր Արմավիրի թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգեւոր սպասավոր Տ. Ահարոն քհն. Գրիգորյանը:

Տեր Հայրը, իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին, պատգամեց Սրբոց Ղեւոնդյանց օրինակով թոթափել վախը, անտարբերությունը եւ քաջությամբ պայքարել, քրիստոնեական ու ազգային արժեքների պահպանմանն սպառնացող, վտանգների դեմ:

Սուրբ Պատարագի ավարտին քահանայից դասը մեկտեղվեց Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների սրահում: Հավաքի առիթով ողջույնի խոսք ասաց Շիրակի թեմի Առաջնորդ եւ քահանայից հավաքների կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:

Այնուհետեւ «Հանրակրթական ծրագրերի փոփոխությունների մասին (Հայոց պատմություն առարկա)» զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վրդ. Բաղումյանը: Հայր Սուրբը ներկայացրեց Մայր Աթոռի դիրքորոշումները հանրակրթական առարկայական չափորոշիչների նախագծի, «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի եւ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքում տեղ գտած բացթողումների վերաբերյալ: Թեմայի շուրջ ծավալվեցին քննարկումներ: Ապա տեղի ունեցավ ավանդական շնորհաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա վաստակի, նվիրյալ եւ արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվեց ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն եւ լանջախաչ կրելու իրավունք:

Ավագ քահանայության պատվի արժանացան Ֆրանսիայի թեմից Տ. Գառնիկ քhն. Կարապետյանը եւ Տ. Անդրանիկ քhն. Մալճյանը, Կրասնոդարի եւ Հյուսիային Կովկասի Հայոց թեմից Տ. Կոմիտաս քhն. Հարությունյանը:

Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի լուսարարապետությունում սպասավորող Տ. Հովհաննես քhն. Քեսաբլյանին, Արարատյան Հայրապետական թեմից Տ. Հովհաննես քhն. Մարուքյանին եւ Տ. Արսեն քhն. Սարոյանին, Մասյացոտնի թեմից Տ. Դերենիկ քhն. Միքայելյանին եւ Տ. Եփրեմ քhն. Հարությունյանին, Գեղարքունյաց թեմից Տ. Ներսես քhն. Սահակյանին, Շիրակի թեմից Տ. Հուսիկ քhն. Գրիգորյանին, Կոտայքի թեմից Տ. Արիստակես քhն. Բաղալյանին, Ուկրաինայի Հայոց թեմից Տ. Աբգար քhն. Գըլըճյանին, Տ. Վարագ քhն. Յապարյանին եւ Տ. Վարդան քhն. Ադամյանին, իսկ Կրասնոդարի եւ Հյուսիսային Կովկասի Հայոց թեմից Տ. Գրիգորիս քhն. Պողոսյանին:

Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Մայր Աթոռի կառույցներում պաշտոնավարող Տ. Վաչագան քhն. Գյուրջյանը եւ Տ. Մովսես քhն. Սահակյանը, Մասյացոտնի թեմից Տ. Հարություն քhն. Հակոբյանը, Գեղարքունյաց թեմից Տ. Նարեկ քhն. Այվազյանը, Տավուշի թեմից Տ. Աբգար քhն. Կարապետյանը, Վիրահայոց թեմից Տ. Ղեւոնդ քhն. Թազայանը եւ Տ. Հովսեփ քhն. Հարությունյանը, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմից Տ. Հայկազուն քhն. Սահակյանը:

Պարգեւաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգեւորականաց դասին հղեց իր օրհնությունն ու հայրապետական պատգամը: Շնորհավորելով ներկաներին Սրբոց Ղեւոնդյանց տոնի առիթով` Նորին Սրբությունն ընդգծեց, որ, ինչպես դարեր շարունակ, այսօր եւս առիթ է, Սրբոց Ղեւոնդյանց քահանայից պայծառ օրինակի եւ սխրանքի լույսի ներքո, անդրադառնալ հոգեւորականի առաքելությանը եւ արժեւորել եկեղեցականների նվիրյալ ծառայությունն ազգային ու հոգեւոր կյանքում:

«Ազգային մտապատկերում Սուրբ Ղեւոնդյանք մարմնացումն են «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» հերոսական ոգու, որով մեր ժողովուրդը, պատմության տարբեր հանգրվաններում, Ավարայրի գոյամարտ է մղել աստվածապարգեւ իր անկախ ու ազատ կյանքի եւ ինքնության անխաթար պահպանության համար:

Սիրելի՛ հոգեւոր հայրեր, այս պայքարը թվում է, թե շարունակական է մեր ազգի լինելիության, մեր արդար իրավունքների ու համազգային շահերի պաշտպանության համար: Սուրբ Եկեղեցու եւ եկեղեցականաց տերունապատվեր ծառայությունն ու պատասխանատվությունը մեր ժողովրդի եւ հայրենյաց նկատմամբ մշտական է ու անընդմիջելի՝ աննկուն պահելու Ղեւոնդյանց ու Վարդանանց ոգին հայոց մեջ, դիմակայելու ժամանակի փորձությունները, պահպանելու այն, ինչ ազգային կյանքում նվիրական է եւ սուրբ, արժեքավոր ու հարազատ:

Այսօր պատմության դժվարին շրջափուլ է ապրում մեր ժողովուրդը, մեր սրբազան հայրենիքը: Բռնազավթված է Արցախը, անվտանգային մարտահրավերների առջեւ է, մեր նահատակ զավակների արյամբ, համայն ազգի զոհողություններով կերտված, հայոց անկախ պետականությունը, հարվածների ներքո են մեր ժողովրդի նվիրական ընկալումներն ու ազգային-հոգեւոր արժեհամակարգը, թիրախավորվում է նաեւ Հայոց Եկեղեցին»,- նշեց Նորին Սրբությունը՝ ցավ ի սիրտ արձանագրելով, որ հայ հասարակության մեջ սերմանվում ու արմատավորվում են ստեղծված ծանր իրավիճակի հետ հաշտվողական տրամադրություններ՝ տկարացնելով չարին ու չարիքին ընդդիմանալու ոգին:

Վկայակոչելով Պողոս Առաքյալի պատգամը՝ «որովհետեւ Աստված մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ՝ զորության, սիրո եւ զգաստության» (Բ Տիմ. Ա 7), Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց ներկաներին. «Այդ զորության, սիրո եւ զգաստության ոգով պետք է շարունակենք հոգեւոր մեր առաքելությունը՝ հայորդյաց սրտերում զորացնելով հավատն ու հույսը վաղվա օրվա նկատմամբ, սերմանելու հունդերը մեր լուսավոր գալիքի տեսլականի:

Նույնն է առաքելությունը, նույնն է պատասխանատվությունն ու պարտականությունը մերօրյա Ղեւոնդյանց քահանաներիդ, որպեսզի ձեր անդուլ եւ հետեւողական աշխատանքով հետպատերազմյան այս թմբիրից դուրս բերվի մեր ժողովուրդը եւ իր հայրենական ու ազգային կյանքն ամրորեն վերախարսխի, դարերի փորձությունների բովով թրծված, հայրենանվիրումի ու ազգասիրության վրա: Մեր ազգի արժանապատիվ կյանքի վերակերտման հիմքում վերստին պետք է անկյունաքար դառնա մեր ազգային-հոգեւոր արժեհամակարգը, որ շաղախյալ է մեր ժողովրդի բազմադարյա տառապանքներով ու հոգեւոր խիզախումներով եւ ճշմարիտ բանալին է մեր հավաքական կամքի եւ ոգու հաղթության»:

Նորին Սրբությունը կոչ արեց եկեղեցականներին ամենայն ջանք գործադրել, որպեսզի համընդհանուր մերժման ու դատապարտման արժանանան անարդարություններն ու անիրավությունները, եւ կասեցվեն, մեր ժողովրդի միասնությունը խաթարող եւ ուժերը ջլատող, ընթացքներն ու խոտելի երեւույթները:

«Սիրելի՛ հոգեւոր հայրեր, մեր Սուրբ Եկեղեցու հանձնառությունն է բոլոր ժամանակներում, հավատարիմ ու նվիրյալ մնալով մեր Տեր Հիսուս Քրիստոսի վարդապետությանն ու քրիստոնեական անխախտ արժեհամակարգին, հովվել ու հոգ տանել հայոց ազգին, ամրապնդել «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» ոգին, ծառայել խաղաղ ու ապահով հայրենիքի կերտմանը, հայեցի դաստիարակությամբ եւ ազգային գիտակցության ամրապնդմամբ ամենուր յուրովսանն նպաստել հայ ինքնության անաղարտ պահպանությանը եւ մեր ազգի ու հայրենիքի անսասանությունը»,- ասաց Հայոց Հովվապետը՝ կարեւորելով հոգեւորականների սրբազան առաքելությունը՝ աստվածահաճո ընթացքներով ուղղորդելու եւ փրկության առաջնորդելու նրանց խնամքին հանձնված ժողովրդին:

Իր խոսքում Նորին Սրբությունը, շնորհավորելով պարգեւների արժանացած քահանա հայրերին, տոնի առիթով նաեւ գնահատանքի արժանացրեց թեմակալ առաջնորդներին, քահանայից դասին, եկեղեցական կառույցներում եւ ի սփյուռս աշխարհի սպասավորող ողջ հոգեւորականությանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց ամենքին Բարձրյալն Աստծո զորակցությունը, աննվազ ուժ ու կորով՝ ի սպասավորություն աշխարհասփյուռ հայ ժողովրդի, ի զորացում եւ ի փառս Հայրենիքի եւ ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները