Մարդկությունն իր ստեղծման եւ դրախտից արտաքսումից ի վեր ուրիշ ճանապարհ, նպատակ, առաքելություն չունի Աստծո կողմից իրեն վերապահված, բացի մեկից՝ վերադարձ դեպի դրախտ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 3 (291), մարտ 2024 թ.  


 

       

«ԸՆԴ ԱՌԱՋԻ ԵԼԻՆ ԾԵՐՔՆ ՈՍՏՈՎՔ ՁԻԹԵՆԵՕՔ
ԵՒ ԶԱՍՏՈՒԱԾՈՐԴԻՆ ՓԱՌԱՒՈՐԷԻՆ»
ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

հա եւ իր լրմանը հասավ Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան՝ Արարչի ու արարածի համատեղ հոգեւոր ճամփորդությունը, որի ընթացքում, Տիրոջ անտեսանելի զորակցությամբ ու խնամքով, մարդը ջանաց ճանաչել իրեն: Պահքը խորհելու եւս մեկ առիթ էր՝ սեփական անձին անդրադառնալու, տարբեր տեսակի կեղծ արժեքներից եւ հոգեկործան մեղքերից հոգին մաքրելու:

Սուրբ Հարության տոնից մեկ շաբաթ առաջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որ խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, ինչը նկարագրում են բոլոր ավետարանիչները՝ մանրամասնելով, թե ինչպես է ժողովուրդը փառաբանությամբ ու օրհնությամբ դիմավորում Տիրոջը. «Ժողովրդի միջից շատերն իրենց վերարկուները փռում էին ճանապարհի վրա, ուրիշները ծառերից ճյուղեր էին կտրում եւ սփռում ճանապարհին» (Մատթ. ԻԱ 8):

Ըստ մեր Սուրբ Հայրերի՝ ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին եւ պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետեւողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը՝ ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպես թագավոր՝ հաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող եւ կենդանություն պարգեւող:

ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Մարտի 24-ին՝ Ծաղկազարդի տոնի ուրախ առիթով, առաջնորդանիստ Ս. Աստվածածին, Ս. Նշան, Ս. Ամենափրկիչ, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Հակոբ, Ս. Մինաս, Ս. Հռիփսիմե եկեղեցիներում կատարվեց հանդիսավոր ժամերգություն: Ժամերգությունից հետո նշված եկեղեցիներում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնեց եւ հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Սրբազան արարողակարգից հետո ներկա հավատացյալներին բաժանվեցին ուռենու օրհնված ճյուղեր:

Վերջին տարիներին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, Ծաղկազարդի Սուրբ Պատարագից հետո կատարվում է մանուկների օրհնության կարգ: Ուստի Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանն իր հայրական օրհնությունը բաշխեց ներկա բոլոր մանուկներին:

ԴՌՆԲԱՑԵՔ

Նույն օրը՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվեց Դռնբացեքի գեղեցիկ ու խորախորհուրդ արարողությունը՝ հանդիսապետությամբ Առաջնորդ Սրբազանի: Արարողության խորհուրդն ու իմաստը բացահայտող «Բաց մեզ, Տէր» տաղին հետեւող փոխասացությունը, որ կատարվում է փակ խորանի վարագույրի հետեւում, հիշեցնում է կատարածի օրվա դատաստանը: Դռնբացեքի արարողության ընթացքում պատկերավոր ձեւով ներկայացվում է վերջին դատաստանը: Հիսուս հաճախ էր խոսում այդ մասին՝ ժողովրդին կոչ անելով ապաշխարել, մեղքերի թողություն խնդրել, որպեսզի զերծ մնան հավիտենական տանջանքներից:

Արարողակարգից հետո թեմակալ Առաջնորդը հոգեշահ խոսքով դիմեց ներկաներին՝ ոչ միայն բացատրելով դռնբացեքի իմաստն ու խարհուրդը, այլեւ ի մասնավորի շեշտեց. «Այս կյանքը տրվել է մեզ՝ արդարություն ձեռք բերելու համար: Չի տրվել հարստություն ձեռք բերելու համար, որը գողը կարող է գողանալ, ցեցը՝ ապականել, չի տրվել մեր մարմինը գերխնամելու համար, որովհետեւ հողին պետք է դառնա՝ այսպես, թե այնպես, երիտասարդ վիճակում կամ ծեր: Փառքը չի մնալու մեզ հետ, մոռացվելու է: Անունն էլ է մոռացվելու… Ուրեմն՝ ինչո՞ւ է տրվել մեզ այս կյանքը: Տրվել է, որպեսզի արդարություն ձեռք բերենք: Իսկ արդարություն ձեռք բերելու հնարավորությունը Տերը մեզ համար հեշտացրել է: Իջել է երկնքից, մարդացել, մարմնացել, խաչվել, որպեսզի մենք այդ հնարավորությունն ունենանք: Եվ մենք նույնիսկ այդ հնարավորությունից օգտվելու խելքն ու իմաստությունը չունենք: Բայց պահանջատեր ենք: Տիրոջից ամեն ինչ խնդրում ենք ժամանակին: Բայց Տերը լսում է արդարներին եւ նրանց, ովքեր արդարացած են ապաշխարությամբ»:

Հայաստանյայց Եկեղեցու արարողակարգում Դռնբացեքը բացառիկ տեղ է գրավում: Այն ավետարանական ոչ մի դեպքի կամ տոնի հետ չի առնչվում, այլ պարզապես վերջին դատաստանի տեսանելի մի պատկեր է պարզում հավատացյալներին եւ հարց ու պատասխանի ձեւ ունի: Հիրավի ժողովուրդը Քրիստոսին ողջունեց որպես Մեսիա եւ Նոր Թագավոր Իսրայելի: Նա եկավ Երուսաղեմ՝ լրացնելու մարգարեությունները: Ընտրելով խաչի ճամփան՝ այս կերպ հրավիրեց հավատացյալներին վկայել Իր չարչարանքների ու հրաշափառ Սուրբ Հարության մասին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները