Մարդկությունն իր ստեղծման եւ դրախտից արտաքսումից ի վեր ուրիշ ճանապարհ, նպատակ, առաքելություն չունի Աստծո կողմից իրեն վերապահված, բացի մեկից՝ վերադարձ դեպի դրախտ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 3 (291), մարտ 2024 թ.  


 

       

«ԶՍՐԲՈՅ ԽԱՉԻՆ ՄԵԾ ԵՒ ԿԱՐՈՂ ԶՕՐՈՒԹԻՒՆ
ԱՆՁԱՆՑ ՄԵՐՈՅ Ի ՏԵԱՌՆԷ ԽՆԴՐԵՍՑՈՒՔ»
ԽԱՉԻ ՕԾՈՒՄ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻ ՁԵՌԱՄԲ

«Եթե ոչ Տէր շինէ զտուն, Ի նանիր վաստակին շինողք նորա,
Եթե ոչ Տէր պահէ զքաղաք, Ընդունայն տքնին պահապանք նորա»:
ՇԱՐԱԿՆՈՑ

արտի 23-ին, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի ձեռամբ, կատարվեց Անիի տարածաշրջանի Սարակապ գյուղի 7-րդ դարի Ս. Աստվածածին եկեղեցու խաչի օծման արարողությունը:

ՍԱՐԱԿԱՊԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Սարակապը Շիրակ աշխարհի հին բնակավայրերից է: Թե ինչպիսի անվանում է ունեցել նախկինում, հայտնի չէ: Ենթադրվում է, որ այն, մոնղոլական արշավանքների հետեւանքով, ավերվել եւ ամայացել է 1827-30 թթ: Սարակապում հաստատվել են Մուշից, Ալաշկերտից եւ Սասունից գաղթած հայերը: Գյուղն սկզբում կոչվել է Բոզդողան, ապա 1940 թ. վերանվանվել Սարակապ: Հարավային սահմաններում կան, Ք. Ա. երկրորդ հազարամյակին պատկանող, կիկլոպյան եւ ուրարտական բերդապարիսպների մնացորդներ՝ շարված անմշակ խոշոր քարերով, առանց կրաշաղախի:

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Աղոթատունն իր տեսակով եզակի կառույցներից է եւ գտնվում է գյուղամիջում: Շարված է սեւ տուֆի սրբատաշ քարով ու կրաշաղախով: Հիմնադրման ժամանակն անհայտ է պատմությանը, սակայն առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ճարտարապետական լուծումներով: Եկեղեցու հատակագծային, ծավալա-տարածական եւ կառուցողական ձեւերը համոզիչ կերպով փաստում են, որ այն պետք է կառուցված լինի մինչեւ 10-րդ դարը:

Ակնհայտ է նաեւ ավերման ժամանակը: Հետաքրքիր է եկեղեցու հայտնաբերման պատմությունը: Այն երկար ժամանակ ծածկված է եղել հողի հաստ շերտով: Միայն 19-րդ դարի երկրորդ կեսին գյուղաբնակները բոլորովին պատահաբար են հայտնաբերել: Այնուհետեւ 1985-87 թթ. պատերի քանդված մասերը նորոգել են, կապվել է փայտյա տանիքը, վերածվել գործող եկեղեցու՝ ունենալով նաեւ քահանա:

Կենտրոնագմբեթ կառուցվածքով, խաչաձեւ հատակագծով եւ կրկնակի խաչթեւերով աղոթատունը հիմնականում կանգուն է: Ծածկը հենված է Սարիղամիշից բերված չորս փայտյա գերանների վրա: Ունի երկու կամարակապ դուռ: Արեւելյան խաչթեւում կիսակլոր աբսիդն է՝ բարձր բեմով, եռաստիճանով, պատարագամատույցի սեղանով: Մյուս խաչթեւերն ուղղանկյուն են: Ներսում՝ հարավային պատի կենտրոնում, գոգավոր խորշ է արված: Հավանաբար դա նախատեսվել է ինչ-որ արարողության, թերեւս մկրտության համար: Հարավային եւ արեւմտյան մուտքերի դռների բարավորի վրա ագուցված են 12-13-րդ դարերի խաչքարերի քանդակազարդ բեկորներ:

Հիմնական խաչթեւերն արտաքուստ ուղղանկյուն են, ներսից՝ կիսակլոր: Ի մոտո գտնվում է հուշաղբյուր՝ ի հիշատակ 1988-ի երկրաշարժի անմեղ զոհերի: Հարկ է նշել նաեւ, որ եկեղեցու հարեւանությամբ ապրող բնակիչն աղոթատունն սկզբնապես օգտագործել է որպես հացահատիկի պահեստ: Սակայն երազում նրան մի ծերունի է հայտնվել եւ պահանջել, որ մաքրի շենքն ու ազատի ավելորդ իրերից: Հաջորդ օրն իսկ կատարվել է երազի ծերունու պահանջը, եւ ցայսօր Աստծո տունը խնամվում է նույն սարակապցու ձեռքով:

ՕԾՈՒՄ ՍՐԲԱԼՈՒՅՍ ՄՅՈՒՌՈՆՈՎ

Միքայել Սրբազանը, իր օրհնությունը բաշխելով ներկա հավատավոր ժողովրդին, եկեղեցականաց հանդիսավոր թափորով մուտք գործեց աղոթատուն: Այնուհետեւ սկսվեց Ս. Աստվածածին եկեղեցու խաչի օծման հանդիսավոր կարգը: Համաձայն Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու եւ մեր հոգեշնորհ հայրապետների կանոնակարգած արարողության՝ տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տ. Մխիթար քհն. Հարեյանը եւ Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը, նախ ջրով, ապա գինով լվացին խաչը: Որից հետո Սրբալույս Մյուռոնով օծվեցին գմբեթի խաչի աջ եւ ահյակ թեւերը, վերին ու ստորին հատվածները՝ ձեռամբ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի: Օծումից հետո Սրբազան Հայրը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա հավատավոր ժողովրդին: Հավարտ սրբազան արարողության՝ հավատացյալները երկյուղով ու ակնածանքով մոտեցան՝ համբուրելու, Սրբալույս Մյուռոնով օծված ու սրբագործված, խաչը, որը քիչ անց բազմելու էր եկեղեցու գմբեթին:

Այնուհետեւ այն, ներկաների հայացքների ուղեկցությամբ, վեր բարձրացվեց եւ խնամքով տեղադրվեց գմբեթին: Եվ տարածեց խաչն իր թեւերը, տարածեց Սարակապի հավատավոր ժողովրդի վրա: Խաչի տեղադրումից հետո ներկաներին իր շնորհավորանքի ջերմ խոսքը հղեց Առաջնորդ Սրբազանը՝ ի մասնավորի նշելով. «Խաչի նշանը մաքրում ենք, սրբում եւ Սրբալույս Մյուռոնով օծում ենք, որպեսզի Տերը դրա միջոցով գործի մեր կյանքում եւ պահապան դառնա այս գյուղին ու բնակիչներին: Հետեւաբար՝ գոհություն ենք ընծայում Տիրոջը, որ մեզ տվեց հնարավորություն՝ 7-րդ դարի այս սքանչելի եկեղեցում գտնվել եւ ձեռնամուխ լինել այն վերարթնացնելուն, որի քարերն աղաղակում են, թե սա հայի երկիր է: Մենք էլ մեր խնամքով պետք է վերահաստատենք այս իրողությունը»:

Նույն օրը Սրբազան Հայրն այցելեց նաեւ Ջրափիի Ս. Աստվածածին եկեղեցի, ուր կատարվում են շինարարական աշխատանքներ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները